Խստորեն դատապարտում ենք Արցախում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը. ԱՀ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ։

«Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:

Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին զանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:

Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:

Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:

Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»,- ասված է հայտարարության մեջ: