ԵՄ-ն ՀՀ-ի կողքին է՝ զարգացնելու խաղաղ օրակարգը տարածաշրջանում․ վստա՛հ եղեք՝ դուք ի զորու եք կառուցել ձեր երկրի ապագան․ Անդրեա Վիկտորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

-Տիկի՛ն Վիկտորին, Դուք Հայաստանում ԵՄ-ի դեսպան եք նշանակվել 2019 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ մարդիկ մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունեին, երբ դեռ չկար 2020-ի պատերազմը, կորոնավիրուսը և ներքաղաքական ճգնաժամ չկար Հայաստանում։ Երբ գալիս էիք Հայաստան, պատկերացնո՞ւմ էիք՝ ինչպիսի՞ բարդ աշխատանք է Ձեզ սպասվում։

-Բնականաբար՝ ոչ, իհարկե որևէ կերպ չէի պատկերացնում։ Ես սրտի թրթիռով և մեծ ուրախությամբ էի վերադառնում Հայաստան։ Անշուշտ, հեռվից հետևում էի թավշյա հեղափոխությանը։ Եվ ավելի շատ էի փորձում հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել երկրին՝ է՛լ ավելի բարելավելու ներքին իրավիճակն այս կամ այն ուղղությամբ՝ լինի դա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, թե օրենքի գերակայություն։ Դա անելու համար կային հնարավորություններ։ Եվ շատ ավելի հեշտ էր զգալ այդ դրական մթնոլորտը, և ես զգում է փոփոխություն՝ պարզապես քայլելով Երևանի փողոցներով։ Այդ առաջին կես տարին հանդարտ էր, ընթանում էր միանգամայն դրական հունով։ Դրանից հետո անմիջապես սկսվեցին մարտահրավերները՝ քովիդի համավարակը և մնացած իրադարձությունները, որոնք հետևեցին այդ ամենին։ Եվ ես դա երբեք չեմ մոռանա։ Բայց, ընդհանուր առմամբ, երկրի մթնոլորտը, դրական լինելն ինձ համար շատ ուրախալի էր, և նկատվում էր, որ երկիրը գնում է նոր ուղղությամբ։ Այնուհետև սկսվեցին մյուս մարտահրավերները, որին ստիպված ես դիմակայել՝ որպես քո աշխատանքի մաս և անկախ ամեն ինչից՝ շարունակել նպաստել երկրում առկա իրավիճակի բարելավմանը։

-Քանի որ Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է, պետք է խնդրեմ խոսենք արդյունքներից, ամփոփենք՝ Եվրամիության հետ գործընկերության այս հատվածն ի՞նչ արդյունքներ ապահովեց։

-Կարծում եմ, որ չնայած մարտահրավերներով լի ժամանակաշրջան էր, այդուհանդերձ, մեզ հաջողվեց ընդլայնել և խորացնել գործընկերությունը Եվրոպական միության և Հայաստանի միջև, և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն այս համատեքստում կարևոր նշանակություն ունի։ ԵՄ-ն շատ հպարտ է այն կապակցությամբ, որ ՀՀ-ի համար Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  բարեփոխումների գործընթացի շրջանակում որպես ուղեցույց է ծառայել։ Միասին մենք հնարավորություն ունենք անել ավելին՝ խթանելու բարեփոխումների գործընթացը ՀՀ-ում, որը կարող է մեծապես բարեփոխել Հայաստանում միջավայրը։ Եվ արդեն որոշակի առումով աշխատանքներ իրականացվում են շրջակա միջավայրի պաշտպանության ուղությամբ, բարեփոխումների գործընթացներն արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանական համակարգի ոլորտներում, հիմա էլ ավելի խորացված աշխատում ենք կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ։ Սրանք համագործակցության ընդհանուր ուղղություններն են, և ունենք հաջող ընթացք։

Կարող եմ ընդգծել նաև առևտրատնտեսական համագործակցությունը, երկուսն էլ մեզ համար խիստ կարևոր ոլորտներ են։ Խորապես համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ, որն ինձ համար խիստ կարևոր է, աջակցում ենք անկախ լրատվամիջոցներին, ինչպիսին է Factor TV-ն, այն հրաշալի ծրագրի շրջանակում, որն իրականացնում ենք համատեղ։ Ընդհանուր առմամբ, այս ամենն իր նպաստն է բերում Հայաստանում ներկապնակի փոփոխությանը։

-Ձեր պաշտոնավարման շրջանում՝ 2021 թվականի մարտից, լիարժեքորեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Որո՞նք են այն կարևոր արձանագրումները, որ կարող եք անել Հայաստանի մասով՝ որպես Եվրամիության գործընկեր։

-Նախևառաջ, ուզում եմ ընդգծել, որ Համաձայնագրի իրականացումը մենք սկսել ենք ստորագրումից անմիջապես հետո՝ 2017 թվականին, և արդեն լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո Համաձայնագիրը թույլ տվեց նոր ուղղություններ բացահայտել համագործակցության խորացման համար։ Այս փաստաթուղթը թույլ է տալիս է՛լ ավելի խորացված համագործակցություն իրականացնել երկրի հետ այն բոլոր ոլորտային ուղղություններով, որոնք ներառված են Համաձայնագրում։ Ինչպես նշեցի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նոր տարրեր ավելացան, ինչպիսին է, օրինակ, կրթության ոլորտում մեր համագործակցությունը։ Եվ, ընդհանուր առմամբ, այս փուլում քաղաքական երկխոսությունն այս Համաձայնագրի ուժի մեջ մտնելով է՛լ ավելի ակտիվացավ։ Այստեղ շատ կարևոր բաղադրիչը երկխոսությունների և հանդիպումների շրջանակի զարգացումն է, որը ձևավորվել և իրականացվում է տարբեր ոլորտային ուղղություններով․ երկխոսությունը շարունակվում է արդարադատության ոլորտում, ոլորտային ենթահանձնաժողովների նիստերի միջոցով՝ առևտրի, մաքսային հարցերի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ մենք պարբերաբար հանդիպում ենք։ Նախկինում, քովիդով պայմանավորված, մենք ավելի բարդ՝ տեսակապի ձևաչափով էինք աշխատում։ Իսկ հիմա ավելի ուրախ ենք վերադառնալ իրական հանդիպումների ձևաչափին, և դա հնարավորություն է տալիս մեզ նստել միասին ու քննարկել համագործակցության բոլոր ոլորտները։

-Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է վիզաների ազատականացման հարցը։ Ե՞րբ կկարողանանք առանց խոչընդոտների ճամփորդել Եվրոպայով։

-Շատ կարևոր է ընդգծել, որ դա տևական գործընթաց է, կարծում եմ՝ բոլորն են տեղյակ, որ խոսքն ընթացակարգային գործընթացի մասին է։ Կարծում եմ՝ նախևառաջ պետք է սկսել վիզաների շուրջ երկխոսությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ԵՄ անդամ 27 պետությունների որոշումը։ Համոզված եմ, որ այն շուտով տեղի կունենա, քանի որ դա առաջին քայլն է լինելու՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Ես կապի մեջ եմ ԵՄ անդամ պետությունների իմ գործընկերների հետ, որովհետև մուտքի արտոնագիր տրամադրելու համար ԵՄ անդամ պետություններն են պատասխանատու։ Կարծում եմ՝ այստեղ հավատարմագրված ԵՄ անդամ բոլոր պետությունների դեսպանները հետաքրքրված են, որպեսզի ընթացակարգերը բարելավվեն, և հնարավոր լինի հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են քաղաքացիներն այսօր։

-Հրաշալի է, կսպասենք արդյունքների։ Հայաստան-ԵՄ գործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, բայց նյութական կողմն էլ է կարևոր։ ՀՀ վարչապետը վերջերս անդրադարձել է ԵՄ-ի կողմից 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում։ «Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ո՞ր մասով են ծրագրեր ներկայացվել Հայաստանի կողմից և ԵՄ-ի հավանությանն արժանացել։

-Ուզում եմ սկսել սկզբից․ դա կոչվում է Տնտեսական և ներդրումային պլան, ընդգծում եմ՝ ներդրումային։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա նոր համագործակցության ձևաչափի պրոյեկտում է։ Այդ համագործակցության ձևաչափն ընդգրկում է բազմաթիվ տարրեր․ դրամաշնորհների տրամադրում ԵՄ-ի կողմից, վարկային միջոցների տրամադրում եվրոպական բանկերի կողմից։ Ձեռքի տակ ունենք տարբեր նոր գործիքներ՝ խառնուրդ ֆոնդեր՝ բլենդինգ, երաշխիքներ, ինչպես նաև մեր գաղափարն է, որ որպես նոր բաղադրիչ՝ պետք է ներառվեն մասնավոր ներդրումներ։ Դա է գաղափարը։ Եվ ես շատ լավ եմ հիշում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը, երբ նա Հայաստանում էր 2021 թվականին, որի շրջանակում մենք հայտարարեցինք այս պլանի մասին։ Նա նշեց․ «[Ծրագրի] ճակատագիրը ձեր ձեռքում է»։ Այսինքն՝ Դուք ստիպված պիտի լինեք ներկայացնել բանկային ծրագրեր։ [Այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնց իրականացման համար բանկերը կկարողանան ֆինանսական միջոցներ տրամադրել]։ Եկեք մի պահ հեռանանք այս թվից, և դիտարկենք արդյունքները, իսկ դրական արդյունքներ ունենք։ Այս ընթացքում մենք ստեղծել ենք Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության մի մեծ շղթա և համակարգ, որը ներառում է և՛ խորհրդատվական, և՛ հմտությունների զարգացմանն աջակցություն։ Ունենք շատ շոշափելի  արդյունք գործնականում՝ Երևանի փողոցներով երթևեկող կանաչ ավտոբուսների տեսքով։ Սրանք իրադարձությունների զարգացման դրական միտումներն են։ Ես հիշում եմ՝ դա 2021-ի վերջին ստորագրված մեր առաջին  պայմանագիրերից մեկն էր, բայց ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է թաքնված»։ Քննարկումներ կային Ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև, և անմիջապես, երբ հարցերը լուծում ստացան, մենք կարողացանք առաջ շարժվել գնումների հարցով։ Այդուհանդերձ, մեծապես  հպարտ ենք, որ կարողացանք ունենալ կանաչ ավտոբուսները, և դրանք աշխատում են։

Մենք իրականացնում և առաջ ենք շարժվում Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում՝ աջակցություն տրամադրելու հարավին՝ Սյունիքի մարզում։ Մենք կառուցելու ենք երկու COAF կենտրոն, որը, կարծում եմ, մեզ համար շատ կարևոր մասնակցություն է,  և այս ուղղությամբ տրամադրվում են վարկային միջոցներ՝ դարձյալ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում։ Մենք շարունակելու ենք, և այժմ՝ երկրորդ փուլում, բարձրացնում ենք մանկապարտեզների և պոլիկլինիկաների շենքերն էներգաարդյունավետության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որը մշտապես պարունակում է սեյսմակայունության բաղադրիչ։ Եվ դա նույնպես ֆինանսավորվում է Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում։ Կարծում եմ, որ ներուժ ունենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ թվայնացման ոլորտում, բայց այս մասով սպասում ենք հայկական կողմի առաջարկներին։ Բայց եթե դիտարկենք՝ բաժակը կիսով չափ լի է, թե՞ կիսով չափ դատարկ, ես դրականի կողմնակիցն եմ։ Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ առաջ ենք շարժվում բավականին գործուն և արագ քայլերով։ Նաև ընդգծեմ, որ սա համատեղ նախաձեռնություն է։ Ես սեղանիս տակ չունեմ փողով լի պայուսակ։

-Վերջերս ԵՄ-ն ազդարարեց Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի բյուջեի կրկնապատկման մասին։ Դուք հայտարարեցիք «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հնգամյա ծրագրի բյուջեն 116 միլիոն եվրո կկազմի, որից 40 միլիոնը դրամաշնորհ, 76 միլիոնը՝ վարկային միջոցներ։ «Իմ սրտում Սյունիքի համար շատ ջերմ անկյուն կա, հատկապես՝ վերջին երկու տարիներին, երբ Սյունիքի համար շատ ծանր ժամանակներ են»,- ասել եք Դուք։ Եվ իսկապես՝ մենք Ձեզ տեսնում էինք Սյունիքում՝ խնդրահարույց և անվտանգային ճգնաժամերի պահերին, երբ այդ մարզը ռազմական հարձակման էր ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ-ի առանձնահատուկ վերաբերմունքը Սյունիքի հանդեպ, բացի Ձեր թվարկածից՝ կտեսնե՞նք այլ արդյունքներ ևս։

-Հույս ունեմ, որ Սյունիքի բնակիչները կտեսնեն կոնկրետ արդյունքներ։ Սա խառնուրդ ձևաչափի աջակցություն է, ուստի տրամադրվում են ԵՄ դրամաշնորհներ, ԵՄ բանկերի վարկային միջոցներ, և այժմ նաև ԵՄ անդամ երկրներն են միանում այս նախաձեռնությանը․ արդեն ունենք ԵՄ անդամ 10 պետություն, ինչպես նաև Շվեյցարիան, որին համարում ենք ԵՄ+ մասնակից։ Եվ մենք համատեղել ենք  ջանքերը։ Բոլորս ունենք ընդհանուր ըմբռնում, որ հատկապես պատերազմից հետո Սյունիքը բախվել է անսովոր մարդահրավերների, և մեր կոնկրետ աշխատանքների արդյունքում պետք է շահի բնակիչը։ Մեր համագործակցությունն ուղղված է լինելու տնտեսական զարգացման խթանմանը։ Արդեն իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված ՓՄՁ-ների աջակցությանը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, որը նույնպես կարևոր ոլորտ է Սյունիքի համար։ Ինչպես արդեն նշեցի՝ երկու COAF կենտրոնների ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, նաև կառուցելու ենք «Թումո» կենտրոն Կապանում, որը հրաշալի գաղափար է և կտեղակայվի հիանալի վայրում՝ հին երկաթգծի կայարանում։ Կլինի ներգրավվածություն սոցիալական պաշտպանության ոլորտում և աջակցություն խոցելի խմբերին։ Դիտարկում ենք նաև, ինչու ոչ, հաշվի առնել այլ ծրագրերի հաջող օրինակը, մասնավորապես, աջակցություն զբոսաշրջության ոլորտին և համագործակցություն քաղհասարակության հետ։

-Սահուն մոտեցանք անվտանգության թեմային։ Հայաստանի վարչապետը վերջերս  հայտարարեց, որ Եվրամիության իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ Միությունը որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ «Դա ժողովրդին հասկացրեց, որ Եվրամիությունը հոգ է տանում Հայաստանի անվտանգության մասին»,- նշել է Փաշինյանը։ Մենք գիտենք, որ Եվրամիության դիտորդների տեղակայումը հեշտ չի եղել, մեծ ջանքեր են պահանջվել։ Ո՞րն է այն օբյեկտիվ սպասելիքը, որ ՀՀ քաղաքացին պետք է ունենա ԵՄ դիտորդներից։

-Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ իրատեսական ակնկալիքներ են պետք։ ԵՄ դիտորդական առաքելության հիմնական նպատակն է, նախևառաջ, դիտորդություն և պարեկային շրջայցեր իրականացնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով։ Եվ այդ շրջայցերի ընթացքում արված բացահայտումները փոխանցվում են Բրյուսել, ապա՝ ԵՄ անդամ պետություններ։ Բայց կարծում եմ՝ այս առաքելության գործունեությունն ունի շատ կարևոր հոգեբանական բաղադրիչ ևս, մասնավորապես, այն անձանց համար, ովքեր ապրում են սահմանամերձ գոտիներում։ Նրանք կարող են զգալ, որ միայնակ չեն, կան մարդիկ, ովքեր իրենց մասին հոգ են տանում և կարող են խոսել իրենց հետ։ Կա նաև մեկ այլ շատ բաղադրիչ՝ մենք այն անվանում ենք մարդկանց անվտանգության բաղադրիչը, ինչը նշանակում է, որ դիտորդներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում, խոսում են մարդկանց հետ, նրանց կարիքներից են տեղեկանում, նրանց կյանքի մասին են տեղեկություններ ստանում, և անվտանգության վերաբերյալ, տեղեկանում են, թե ինչպես է նրանց կյանքը փոխվել անվտանգության իրավիճակով պայմանավորված։ Կարևոր է, որ սա հույս է ներշնչում, ինչպես նաև տեղեկությունը փոխանցվում է Բրյուսել՝ մեր գլխամաս։ Եթե խոսենք հույսի մասին, մեր նպատակը, մասնավորապես, այն է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը վստահություն է ձևավորում, և դրանով իսկ օգնում տարածաշրջանում գտնել կայուն խաղաղ կարգավորում։

-Շատ հաճախ ԵՄ դիտորդների նկատմամբ Ադրբեջանից, Ռուսաստանից կոշտ գնահատականներ ենք լսում, և ֆեյք լուրերը բավականին տարածված են այս շրջանում։ Երբեմն որոշ գործիչներ հայտարարում են, որ ԵՄ դիտորդները մտնում են մարդկանց տներ, ճշտում են, թե ադրբեջանցիներն ապրել են այդ տներում, և այդ ինֆորմացիան փոխանցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։ Եվ արդյո՞ք Հայաստանում նախատեսվում է Եվրամիության դիտորդական առաքելության կազմի ընդլայնում։

-Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին, այո՛, մենք տեղյակ ենք։ Եվ դա տեղի է ունենում, երբ Եվրամիության որոշումը չի գոհացնում բոլորին։ Եվ, բնականաբար, դա ճշմարիտ չէ։ Մենք ունենք հստակ մանդատ, համաձայն որի՝ ԵՄ դիտորդների առաջադրանքն է՝ դիտորդություն իրականացնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով։ Ո՛չ, նրանք տներ չեն այցելում։ Այս մեկնաբանությունը հետաքրքրական է, այդ մասին մի քանի լրատվականներից հարցումներ ենք ստացել։ Ձևակերպումներից մեկի համաձայն՝ մերոնք աշխատում են բրիտանական կառույցների համար, և դա նույնպես հետաքրքրաշարժ էր։ Շատ հստակ է այն, որ ԵՄ դիտորդական առաքելության պատրաստած զեկույցները գնում են Բրյուսել՝ մեր գլխամաս, հետո ԵՄ անդամ պետություններին են տրամադրվում, դրանք երրորդ երկրներ չեն գնում։ Եվ կրկնում եմ՝ մենք բաց և թափանցիկ ենք, դուք կարող եք կարդալ և ծանոթանալ ԵՄ դիտորդական առաքելության մանդատին, այնտեղ գաղտնիքներ չկան։

Ինչ վերաբերում է այս փուլին, կարելի է ասել՝ դիտորդական առաքելությունը դեռ ստեղծման փուլում է, և մենք հույս ունենք՝ մինչև վաղ աշուն ստեղծման գործընթացն ավարտին կհասցնենք և կունենանք երեք օպերատիվ կենտրոններ մարզերում։ Հետո պարզ կլինի, թե ինչ կանենք հաջորդիվ։

-Տիկի՛ն դեսպան, Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր՝ մեր հայրենակիցները, և Հայաստանում չափազանց զգայուն ենք նրանց ճակատագրի հարցով։ Այս հարցը երբեմն որպես տարածքային վեճ է դիտարկվում, թե ում է պատկանում ԼՂ-ի տարածքը, բայց քիչ են խոսում մարդկանց մասին։ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ անվտանգության ռիսկերն Ադրբեջանից չափազանց մեծ են։ Եվրամիությունն ինչպե՞ս է տեսնում իր դերակատարումը կոնֆլիկտի հանգուցալուծման, ինչպես նաև անվտանգային միջավայրի ապահովման հարցում։

-Եվրամիությունը մեծ ուշադրությամբ է հետևել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, 2020 թվականի պատերազմի ընթացքում, դրանից հետո և այժմ էլ՝ վերջին զարգացումներին։ Մասնավորապես, մեծ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սահմանափակումներին։ Ռազմական բախումների վերսկսման բացառումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների իրացման երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունն էապես կարևոր նպատակներ են, և այդ մասին բազմիցս նշվել է։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել նախագահ Շառլ Միշելի կողմից, որոնցում սա ընդգծվել է։ Շատ անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը լուծում ստանա։ Իրենց ելույթներում և՛ Ադրբեջանի նախագահ Ալիևը, և՛ Հայաստանի վարչապետ Փաշինյանն անդրադարձել են այս հարցերին։ Այդպես է, հայտարարությունները լավ են, ելույթները՝ նույնպես, բայց դրանով չպետք է սահմանափակվենք, դա բավարար չէ։ Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև պետք է լինի ուղիղ կապ  բոլոր բաց մնացած հարցերը քննարկելու համար։ Եվ բազմիցս նշվել է, որ միջազգային հանրությունը կաջակցի այդ ձեռնարկվող քայլերին։ Եվս մեկ անգամ հղում եմ կատարում նրան, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նախագահ Միշելի կողմից․ շատ կարևոր է ձևավորել դրական օրակարգ և ապահովել երաշխիքներ՝ իրավունքների իրացման համար։ Դա նշանակում է Լաչինի միջանցքի ապաշրջափակում, անհրաժեշտ է ապահովել սահմանների հատման ընթացակարգերի կանխատեսելիությունը և թափանցիկությունը, անհրաժեշտ էներգետիկ և հաղորդակցության ծառայությունների վերականգնումը։ Եվ անհրաժեշտ է խուսափել նոր լարվածություններից և բռնությունից։ Ես համոզված եմ, որ այս հարցերը կքննարկվեն Բրյուսելում կայանալիք հաջորդ եռակողմ հանդիպման ընթացքում։

-Դուք, լինելով կին դեսպան, Ձեր օրինակով և գործունեությամբ եք ցույց տալիս, թե ինչպիսի կարևորություն ունի կանանց մեծ ներգրավվածությունը միջպետական, միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ։ Հասարակական, պետական գործերին Հայաստանում կանանց ներգրավվածության, դերի մասին ի՞նչ գնահատական ունեք, ի՞նչ անելիք կա։

-Կարծում եմ՝ այստեղ շատ տաղանդավոր կանայք ունեք, տեսնում եմ կին առաջնորդների դրական օրինակներ, բայց բարելավելու տեղ դեռ կա։ Կարևոր է հասկանալ, որ հնարավոր չէ բնակչության 50 տոկոսին անուշադրության մատնել, պետք է ստեղծվեն հնարավորություններ, ինչը սկսվում է զբաղվածությանն առնչվող հնարավորություններից, ինչպես նաև իրավական շրջանակի բարելավում, որպեսզի կանայք հնարավորություն ունենան, նախևառաջ, համապատասխան կրթություն ստանալ, աշխատանք ունենալ, միաժամանակ, կարողանալով համատեղել աշխատանքը և անձնական կյանքը՝ երեխաներ։ Կանանց հզորացումը շարունակական գործընթաց է, և մենք փորձում ենք աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման միջոցով, և որոշ անդամ պետություններ մեզ են միանում։ Կարծում եմ՝ կանայք լավ են բանակցում, կցանկանայի տեսնել ավելի շատ կանանց  ներգրավվածություն հակամարտության շուրջ երկխոսության ձևաչափում, քանի որ նրանք ավելի հեշտությամբ կարող են հանգել խաղաղ հանգուցալուծման։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, կարծում եմ՝ մեր նպատակները համընկնում են։ Ընտանեկան բռնության խնդիր կա Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում։ Այդ իսկ պատճառով ես կրկնում եմ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն իսկապես անհրաժեշտ է։

-Հայաստանի ժողովրդավարությունը շատ երիտասարդ է՝ ի տարբերություն ԵՄ շատ երկրների։ Պատերազմում պարտության փաստից օգտվելով՝ որոշ շրջանակներ  սկսեցին տարածել անվտանգությունը ժողովրդավարությանը հակադրող նարատիվներ, իբրև թե ժողովրդավարությունն էր պարտության պատճառը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում արդյո՞ք ժողովրդավարությունն անշրջելի է, և արդյո՞ք ներքին սպառնալիքներ չկան, ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը։

-Ես խորապես համոզված եմ, որ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ առաջխաղացումը երկրում  անվտանգության երաշխիքներ է ստեղծում, դա եվրոպական մոտեցումն է, դա այն եվրոպական հեռանկարն է, որին մենք եկանք երկրորդ աշխարհամարտից հետո։։ Հայաստանը զգալի առաջընթաց արձանագրել է, մասնավորապես, բարեփոխումների գործընթացի իրականացման, ինչպես նաև անկախ հաստատությունների աջակցության ուղղությամբ։ Եվ նորից՝ ամենից կարևորը մասը կիրարկումն է։ Այո՛,  կան բացթողումներ։ Վերջերս տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության կոմիտեի հանդիպումը, որը նույնպես ողջունեց Հայաստանի կողմից ցուցաբերված ներգրավվածությունն այս հարթակում, ողջունեց ձեռք բերված առաջընթացը տարբեր ոլորտներում։ Բայց կան մեկ-երկու տարրեր, որոնք շտկելու կարիք կա, մասնավորապես, նշվեց մարդկանց հավաքագրման կամ աշխատանքի ընդունման գործընթացում ավելի պարզ և թափանցիկ ընթացակարգերի ներգրավման մասին։ Բայց անվտանգության հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորվի։ Օրինակ՝ կարևոր է նաև կին ծառայողների նկատմամբ վերաբերմունքը Զինված ուժերում։ Անհրաժեշտ է երաշխավորել ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և իրավունքի գերակայություն, ինչպես նաև կարևոր է քաղաքացիական վերահսկողությունն իրավապահ մարմինների գործունեության և Զինված ուժերում իրականացվող գործողությունների նկատմամբ։

-Ցավոք, Ձեր առաքելությունը Հայաստանում ավարտվում է։ Սովորաբար դեսպաններն ուղերձ են հղում տվյալ երկրի քաղաքացիներին։ Հեռանալիս ի՞նչ եք տանելու Ձեզ հետ և ի՞նչ ասելիք ունեք հայաստանցիներին։

-Ես ինձ հետ կտանեմ բազմաթիվ հիշողություններ՝ զգացմունքային տպավորություններ, ինչպես նաև դրական և դժվար դրվագներ։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու այսքան տաղանդավոր և ակտիվ անձանց, նրանցից շատերն ինձ համար ընկեր դարձան։ Ինձ հետ կտանեմ նաև ձեր հրաշալի տեսարանը, ներուժի մասին իմ տպավորությունները։ Զբոսաշրջության ոլորտում ակտիվ զարգացում կա, և դա նույնպես շատ ողջունելի է։ Էմոցիոնալ տեսանկյունից ինձ հետ կտանեմ հիշողություններ, քանի որ ապրում ես մի երկրում, որը դժվար իրավիճակներով է անցնում, անմասն չես մնում այդ ամենից, դա ինքս զգացել եմ հայերի հետ շփումներում։ Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում եմ ունենալ դրական տեսլական։ Այս ազգը մեծ ներուժ ունի, և ես խորհուրդ կտայի այն իրացնել  դրական տեսլական ձևավորելու համար, ապագայի նկատմամբ լավատեսությամբ լցվել։ Ես վստահ եմ՝ ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ զարգացնելու խաղաղ օրակարգը տարածաշրջանում։ Պարզապես մաղթում եմ, որ հայերը դարձյալ վերսկսեն դրական լույսի ներքո տեսնել լուծումները։ Եվ վստահ եղեք, որ դուք ի զորու եք ձեր երկրի ապագան կառուցել։ Իսկ ես խոստանում եմ վերադառնալ՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում իրավիճակը։

-Շնորհակալությո՛ւն, տիկի՛ն դեսպան, Factor TV- ում հյուրընկալվելու և Ձեր տպավորություններով, Ձեր գնահատականներով մեր հեռուստադիտողների հետ կիսվելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան