Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը․ ԱՀ ՄԻՊ

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Սեփական հանցավոր քաղաքականությունն առաջ մղելու համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով ադրբեջանական կողմը պարբերաբար տարածում է կեղծ տեղեկատվություն Արցախի ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ասվածը անտարակուսելիորեն ապացուցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արած հետևյալ հայտարարությամբ․ «Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»։

Այսինքն՝ հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին և պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական և չհիմնավորված պահանջը։

Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ 2023 թ․ հունիսի 28-ի ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվել են Արմո Աբգարյանը (1969 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Գագիկ Բալայանը (1987 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Սամվել Թորոսյանը (2003 թ/ծ, ԱՀ ք․ Ստեփանակերտ), Երվանդ Թադևոսյանը (2003 թ/ծ, ԱՀ Քաշաթաղի շրջան), վիրավորում ստացած զինծառայողներ չկան։ Վերոնշյալ բոլոր անձինք զոհվել են ՊԲ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից հեռահար հրետանային միջոցների և ԱԹՍ-ի կիրառման հետևանքով։

Ադրբեջանական այսօրվա ռազմական հարձակման հետևանքով զոհված չորս անձինք ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլև մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ և առօրյա կյանք։ Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետևանքների դեմ դեռևս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների և զրկանքների համար։

Հատկանշական է, որ նույնիսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը և միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որը շարունակում է գործել լիակատար անպատժելիության զգացումով։

Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ուժի և ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կա՛մ բռնի հպատակեցում, կա՛մ վտարում սեփական հայրենիքից:

Քանի դեռ միջազգային ԲՈԼՈՐ դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։