Դեռ վտանգավոր է․ նախաձեռնությունից 11 ամիս անց կառավարությունն ինքնագլորների կարգավորման կանոնները չի հաստատել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Կառավարությունը մեկ տարվա ընթացքում չի կարողացել կարգավորումներ սահմանել էլեկտրական ինքնագլորների օգտագործման համար, մինչդեռ դրանց պատճառով մարդիկ, այդ թվում՝ երեխաները, շարունակում են վնասվածքներ ստանալ։

2022 թվականի հուլիսի 27-ին Ազգային ժողովում քննարկվում էր խնդրի կարգավորման հարցը, որոշում կայացվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է այլընտրանքային փոխադրամիջոցների օգտագործման օրենսդրական կարգավորումների փաթեթ մշակեր, սակայն գրեթե մեկ տարի անց ոստիկանությունը դեռ լրամշակում է փոփոխությունների ենթակա օրենքների նախագծերը։

Երևանի բնակիչ Արտակ Օրդյանը պատմում է՝ ինչպես է երկու ամիս առաջ իր անզգուշության հետևանքով վնասվածք ստացել։

«Դիմացի անիվն ընկավ նեղ փոսի մեջ, ղեկը ծալվեց, և ընկա։ Ստացել եմ ծնկի բազմաբեկոր կոտրվածք, վիրահատվել եմ։ Նոր սկսել եմ տեղաշարժվել քայլակով՝ առանց ծունկս ծալելու։ Պետք է երկար վերականգնողական պրոցես անցնեմ»,- նշում է Արտակը և հորդորում է չօգտվել ինքնագլորներից, փոխարենը խորհուրդ է տալիս քայլել՝ առողջ ու անվտանգ։

Առաջին անգամ անցած տարի խնդրի մասին բարձրաձայնած Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին վնասվածքների 95 տոկոսը ստացել են ինքնագլոր վարած անձինք։ Մուրադյանն անհրաժեշտ էր համարել կարգավորել այլընտրանքային փոխադրամիջոցների երթևեկությունը։

Էլեկտրական ինքնագլորները տարածված են ամբողջ աշխարհում, դրանք էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են համարվում, որոնցով հնարավոր է արագ շրջանցել խցանումները։ Բայց Հայաստանում դրանք նաև դժբախտ պատահարների պատճառ են դառնում։

Ինքնագլորների կարգավորման խնդիրը խորհրդարանում բարձրացրել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որը Factor․am-ին հայտնել է՝ տեղյակ չէ հետագա զարգացումներից։

«Խնդրի կարգավորման օրենսդրական փաթեթն ուղարկվել է կառավարություն, այն նաև ներկայացվել է հասարակական և վարչական քննարկումների»,- ապրիլին էլ Factor.am-ին տեղեկացրել էին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մինչդեռ, կառավարության աշխատակազմից Factor.am-ի հարցումը կրկին վերահասցեագրել էին ոստիկանություն, որտեղից ստացված պատասխանից հետևում է, որ ոստիկանությունը կարգավորումների առաջարկն ուղարկել է միայն մայիսին։

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը 22․05․2023թ․ թիվ  43/21/61187-23 գրությամբ ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Նախագծերի ընդունման հետ կապված ժամկետները դեռևս հստակ չեն»,- նշված է պատասխան գրության մեջ։

Ավելին՝ հունիսի 23-ին ոստիկանությունից Factor.am-ին հավելյալ հայտնել են, որ նախագծերում փոփոխություններ անելու առաջարկություններ են ներկայացրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցծաքների ու Շրջակա միջավայրի նախարարությունները։

«Առաջարկությունները քննարկվում են, ամփոփումից հետո նախագծերի լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Ինքնագլորներից վնասվածքների վիճակագրության մասին հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունը տրամադրել է միայն երեխաների վերաբերյալ վիճակագրություն, որի համաձայն՝ անցած տարի ինքնագլորներից վնասվածք է ստացել 12, իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին՝ 2 երեխա։

Երևանում ներկայում ամեն օր կարելի է հանդիպել ինքնագլորներ վարող անչափահասների։ Մայրաքաղաքում էլեկտրական ինքնագլորներ վարձելու հնարավորություն են տալիս մի քանի ընկերություն, որոնցից, օրինակ, «Yerevan ride» ընկերությունը վստահեցնում է, որ իրենք բոլոր հնարավոր ձևերով նվազեցնում են անչափահաների շրջանում ինքնագլորներից օգտվելու հավանականությունը։

«16 տարեկանից փոքր երեխաներին արգելված է օգտվել սկուտերների ծառայությունից։ Կազմակերպության քաղաքականության մեջ և գրանցման ժամանակ նշվում է տարիքային սահմանափակումը»,- Factor.am-ին հավաստիացրել են ընկերությունից։

«Ինչ վերաբերում է վերահսկման մեխանիզմներին, ապա մենք երեխա օգտատերերին արգելափակում ենք՝ նախապես տեղեկացնելով կանոնների մասին, հարկ եղած ժամանակ տեղեկացնում նաև ծնողներին։ Սակայն պիտի նշենք, որ, ցավոք, որոշ դեպքերում ծնողներն իրենք են գրանցվում և թույլատրում երեխաներին վարել»,- հավելել են «Yerevan ride»-ից։

Ինքնագլորների վարձույթի ծառայություն մատուցողները սովորաբար պատասխանատվություն չեն կրում սարքն օգտագործողների գործողությունների համար։ Երևանի բնակիչ Ամի Չիչիկյանը, ում կայանած ավտոմեքենան վնասվել էր ինքնագլորից, չի կարողացել որևէ մեկից փոխհատուցում ստանալ։

«Մեքենան գիշերը թողել էի Արշակունյաց փողոցում, հաջորդ օրը հետ վերադարձա՝ հիասքանչ նորամուծությունը հայտնվել էր անիվի ու «կռիլոյի» արանքում: Զանգեցի կազմակերպություն՝ «JET Sharing», ասացին՝ ի՞նչ իմանանք՝ ով է եղել ղեկին, մենք պատասխանատվություն չենք կրում»,- Factor.am-ին պատմում է Չիչակյանը։

Ինքնագլորների հետ կապված խնդիրները նաև եվրոպական որոշ երկրներում են տարածված։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, օրինակ, սեպտեմբերի 1-ից արգելվելու է էլեկտրական ինքնագլորների վարձակալությունը՝ հայտնում է Euronews-ը։ Համաքաղաքային հանրաքվեում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների մոտ 90 տոկոսը սատարել է այս նախաձեռնությունը։

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանն ասում է՝ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։

«Պատճառը, երևի, անսպասելի պոպուլյարությունն էր։ Ինչ-որ բան արգելելը շատ հեշտ է, պետք է ուղղակի շատ արագ մտածել՝ ինչպես վերահսկել, որպեսզի անցորդներին չվնասեն։ Ես կողմ եմ նման տրանսպորտային միջոցներին, որովհետև շատ հարմար են փոքր քաղաքներում, նույնիսկ մեծ քաղաքներում տեղաշարժվելու համար։ Մաքուր են, կախվածություն չկա տրանսպորտից կամ տաքսիներից, շատ էժան են։ Մանավանդ, այս խցանումների պայմաններում»,- Factor.am-ին ասում է Գևորգյանը։

Ըստ նրա՝ սխալ կլինի Փարիզում կիրառվելիք կարգավորումը տեղայնացնել Հայաստանում, քանի որ այդ պարագայում Երևանը շատ երկար ժամանակով կզրկվի տրանսպորտային այդ միջոցից։

Մայրաքաղաքը, միաժամանակ, զրկված է նաև այլընտանքային փոխադրամիջոցների անվտանգ կիրառման համար անհրաժեշտ հատուկ երթուղիներից ու գծանշումներից, ինչը սահմանելու մասին քննարկումներ անգամ չեն արվել պատկան մարմիններում։

Միքայել Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: