Խստորեն պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրության պատասխանատու անդամները ձեռնարկեն միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի հանցագործությունները․ ԱՀ ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ։
Հայտարարությունը՝ ստորև․
«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։

Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խողաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ և կամայական սահմանափակումներով և օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։

Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։

Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:

120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը, միջազգային հանրությունից պահանջում են ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն։

Խստորեն պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։