Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ազատազրկման․ ինչ ցուցմունք է  տվել իրավապահներին

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Շուրջ 1 տարի առաջ երեխային Դեբեդ գետը նետած կինը` Սիլվա Խաչատրյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի  ապրիլի 26-ին Դեբեդ գետից 2 տարեկան փոքրիկին անգիտակից վիճակում գտել և ջրից դուրս էր բերել Լոռու մարզի բնակիչ Ժիրայր Պողոսյանը։ Բժիշկներին հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում փոքրիկի մորը՝ Սիլվա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել  սպանության փորձ կատարելու հոդվածով։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա են  գործի վերաբերյալ մանրամասներ։

Ըստ մեղադրանքի՝  Խաչատրյանն իր երկու տարեկան  դստերը  համարելով  իր կողմից աշխատանքի ընդունվելու և անձնական կյանքը դասավորելու խոչընդոտ, 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում գտնվող երկաթգծի կամուրջին հարակից ճանապարհահատվածում իր մանկահասակ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ շուրջ 3-4 մետր բարձրությունից նետել է Դեբեդ գետը՝ այդ կերպ փորձելով ջրահեղձ անելու եղանակով սպանել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում երեխան  դեպքի վայրից շուրջ 1 կմ հեռավորության վրա, Դեբեդ գետի հոսքի ուղղությամբ ձախ ափին անգիտակից վիճակում հայտնաբերվել է նշված որոնողական աշխատանքներին մասնակցող Ժիրայր Պողոսյանի կողմից և տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց, որտեղ բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել կյանքը:

Հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Սիլվա Խաչատրյանն, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Դատարանը հրապարակել է մեղադրյալի՝  նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Սիլվա Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականին ամուսնացել է Արթուր Բարսեղյանի հետ և համատեղ կյանքում ունեցել են երկու դուստր: Այնուհետև՝ 2018 թվականին տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 2019 թվականին իր անփութության հետևանքով երկու աղջիկներն իրենց բնակատեղի հանդիսացող կիսակառույց մարագում ծխահարվել և շնչահեղձ են եղել։ ՌԴ Վորոնեժի շրջանի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, և ինքը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:

2020 թվականի հունվարի 17-ին ծնվել է իր և Արթուր Բարսեղյանի երրորդ աղջիկը՝ Արևիկ Խաչատրյանը, որի ծնունդից մի քանի ամիս անց վերադարձել են Հայաստանի Հանրապետություն ու բնակություն հաստատել Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, որտեղ դարձյալ զբաղվել են անասնապահությամբ: Որոշ ժամանակ անց ամուսինը՝ Արթուր Բարսեղյանը իրեն ու Արևիկին թողնելով միայնակ, առանց որևէ պայմանավորվածության հեռացել է հիշյալ գյուղից և տեղափոխվել Արտաշատ քաղաք՝ աշխատելու, ինչից ինքը նեղսրտած դարձյալ համացանցով ծանոթացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Աշոտ Կիրակոսյանի հետ և երեխայի հետ միասին 2021 թվականի սեպտեմբեր ամսից տեղափոխվել է Ալավերդի քաղաք ու համատեղ ամուսնական կյանք սկսել Աշոտի հետ՝ բնակվելով վերջինիս տանը:

Աշոտի հետ համատեղ ամուսնական կյանքի սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է եղել, սակայն աստիճանաբար Աշոտ Կիրակոսյանը պատեհ և անպատեհ առիթներով իրեն սկսել է հիշեցնել, որ իր երեխան ուրիշի աղջիկն է: Այդ կապակցությամբ հաճախակի սկսել է վիճաբանել իր հետ՝ պահանջելով, որ երեխային  տա իր կենսաբանական հորը

Այդ վիճաբանությունների ժամանակ Աշոտը սեռական բնույթի տարատեսակ հայհոյանքներ է հնչեցրել իր և իր ծնողների հասցեին, նույնիսկ այդ վիճաբանություններից մեկի ժամանակ՝ շուրջ 2 ամիս առաջ, Աշոտը բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջին անգամ 2 օր առաջ՝ կեսօրին մոտ, Աշոտն իրենց տանը դարձյալ հիշյալ պատճառով վիճաբանել է իր հետ և դարձյալ ասել, որ երեխային տա իր հորը,  իսկ ինքը մնա ու շարունակի բնակվել իր հետ:

Այդ ամենից նեղված 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան մեկնելու նպատակով աղջկա հետ տնից դուրս է եկել, գնացել «Կացոցք» թաղամաս իր ծանոթներից մեկի մոտ և վերջինիս խնդրել, որ այդ գիշեր մնա իրենց տանը, հայտնելով, որ առավոտյան երեխայի հետ գնալու է Երևան քաղաք, սակայն իր ծանոթը մերժել է՝ ասելով, որ տանը չունի անհրաժեշտ պայմաններ, բացի այդ հարսի հետ է ապում: Մերժում ստանալուց հետո երեխայի հետ քայլելով իջել է «Կացոցք» թաղամասից:

Խաչատրյանը հայտնել է, որ վերջին օրերի ընթացքում  պարբերաբար զանգահարել է իր մեկ այլ ծանոթի՝ Մարինե Սրապիոնյանին, որն  Արտաշատում էր բնակվում ու անասնապահությամբ զբաղվում։

Սրապիոնյանին  խնդրել է  իրենց կողմերում իր համար անասնապահության կամ կթվորության գործ փնտրել: Այն բանից հետո, երբ  իր ծանոթը հրաժարվել էր իրենց տանն ընդունել իրեն ու երեխային, անսպասելի իրեն է զանգահարել Մարինե Սրապիոնյանը և հայտնել, որ աշխատանք կա, սակայն երեխայի պատճառով իրեն գործի չեն ընդունի, քանի որ երեխան կարող է աշխատանքին խոչընդոտ հանդիսանալ: Այդ ամենից հետո ինքը մտքերով է ընկել, միանգամից ներաշխարհը խառնվել է, հիշել է վերոհիշյալ իր վիճաբանությունները ամուսնու՝ Աշոտի հետ ունեցած, ինչպես նաև տվյալ պահին Մարինե Սրապիոնյանի վերոհիշյալ ասածը, որ երեխան հնարավոր է խոչընդոտ հանդիսանա իր աշխատանքին: Այդ բոլորը հաշվի առնելով եկել է այն մտքին, որ աղջիկն  իր համար դարձել է բեռ, թե՛ անձնական երջանկությունը կառուցելու և թե՛ աշխատանքի անցնելու առումով և որոշել է աղջկանից ազատվել, ու  քանի որ այդ պահին գտնվել է «Կացոցք» թաղամասի ներքևի հատվածում գտնվող ճանապարհահատվածում, որի ներքևի հատվածում հոսում էր հորդառատ Դեբեդ գետը, դիտավորությամբ աղջկան՝ Արևիկին կյանքից զրկելու նպատակով վերջինիս շուրջ 3-4 մետր բարձրությունից նետել է վարարած վիճակում գտնվող Դեբեդ գետը՝ հույս ունենալով, որ ջրահեղձ կլինի և այդ կերպ ինքը նոր կյանք կսկսի առանց նրա գոյության:

Երեխային  ջուրը գցելուց հետո նկատել է, որ ջուրը նրան տանում է հոսանքի ուղղությամբ: Թեպետ վերոհիշյալ արարքը կատարելու միակ նպատակն այն էր, որ երեխան մահանա՝  նշված արարքը կատարելուց հետո հոգու ցավ է զգացել և իրենից անկախ սկսել է լաց լինել: Այդ պահին նույն ճանապարհով իր մոտով անցել է կանաչ գույնի «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ուղևորը, նկատելով իրեն լացելիս, մոտեցել ու հարցրել են, թե ինչ է պատահել: Ինքը խաբել ու ասել է, թե իբր երեխան գազի խողովակի վրայից իր անուշադրության պատճառով ընկել է գետը, ինչից հետո տվյալ տղաները օգնության նպատակով անմիջապես զանգահարել են և իրենք էլ իրենց հերթին սկսել որոնողական աշխատանքներ իրականացնել: Որոշ ժամանակ անց նշված վայր են եկել փրկարարները և ոստիկանները: Այնուհետև տեղեկացել է, որ աղջիկը  գտնվել է  տեղանքից շուրջ 1 կմ հեռավորության վրա՝ կիսաշնչահեղձ վիճակում, ինչից հետո նրան տեղափոխել են Ալավերդու Բժշկական կենտրոն։ Ամբողջությամբ գիտակցել է Արևիկ Խաչատրյանին Դեբեդ գետը նետելու հետևանքները, այդ քայլը կատարել է դիտավորյալ՝ նպատակ ունենալով կյանքից զրկել նրան։

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ մեղադրյալ Սիլվա Խաչատրյանը հայտնել է, որ երեխային կյանքից զրկելու նպատակով դիտավորյալ գետը գցելուց հետո իր մոտ առաջացել է զղջալու գիտակցություն գցելու պահից, որով էլ պայմանավորված իր տեսած ավտոմեքենայի վարորդին և ուղևորին հայտնել է, որ երեխան գետն է ընկել, դա եղել է զղջալու հետևանք, ցանկացել է, որ գցելուց հետո երեխան փրկվի: Երեխային գցելուց հետո ինքը շատ վատ վիճակում է եղել, դեպքից հետո ոչ մեկին չի հայտնել, որ երեխային ինքն է գցել գետը, այդ հանգամանքի մասին  Ոստիկանությունում է հայտնել։

Դատարանում մեղադրյալը հայտնել է նաև, որ երեխային գետը գցելը նպատակ չի հետապնդել երեխայից ազատվելու, պահի ազդեցության տակ է եղել, նպատակ չի ունեցել սպանելու երեխային: Միևնույն ժամանակ ասել է որ մեղադրողի հրապարակած նախաքննական ցուցմունքները ճիշտ են  և համապատասխանում  են  իրականությունը, պնդել է  իր այդ ցուցմունքները: Երեխային գետը նետած մայրը հայտնել է, որ կարող էր երեխային տանել ու մանկատուն հանձնել, ապա դասավորեր իր կյանքը, բայց պահի ազդեցության տակ է արարքը կատարել, ու եթե ավտոմեքենան չմոտենար իրեն, ինքը օգնության կդիմեր, կզանգեր փրկարարին, շատ էր ուզում երեխան փրկվեր, շատ է զղջացել իր կատարածի համար, երեխային գցելուց հետո լացել է նրա համար, որ փոշմանել է, բայց չի մտածել, որ երեխան մահացել է: Ամուսնական վեճերը խոսակցական բնույթ են կրել, ծեծ եղել է 2 ամիս առաջ՝ բռունցքներով հարվածել է, հայհոյել է: Իր ամուսինը ցուցմունք տալուց ճիշտ չի ասել, որ  երեխային վերաբերվել է, ինչպես իր երեխային, նա չի ցանկացել, որ երեխան իրենց հետ ապրի: Վերջին անգամ դեպքի օրն է իրեն պահանջ ներկայացրել, որ երեխայի հետ չի ցանկանում ապրի և պահանջ է ներկայացրել, որ հեռանան կամ երեխային տանի։

Կինը հայտնել է նաև, որ երեխային գետը գցելու նպատակը չի եղել կրկին իր ամուսնու մոտ վերադառնալն ու նրա հետ ապրելը: Ինքը նպատակ չի ունեցել այդ քայլին գնալու, իր նպատակն այն է եղել, որ երեխային տանի, տա երեխայի հորը, ինքն էլ գնա աշխատի: Չի տարել, որովհետև այդ օրը ուշացել էր տրանսպորտից: Այդպես չէ, որ երեխային գետը գցելու պատճառը եղել է այն, որ ցանկացել է երեխայից ազատվել, որովհետև բեռ է եղել իր համար թե՛ ընտանիքում, թե՛ նոր աշխատանք գտնելու առումով: Ինքն այդ պահին հետ գնալու տեղ չի ունեցել, եթե չուշանար գնալու էր Երևան, ամեն դեպքում ինքը հետ չպիտի վերադառնար տուն, իր ամուսինն իրեն ասել է, որ ինքն ու երեխան հեռանան: Սոցիալական աջակցության համար մի անգամ նպաստի համար է դիմել Մասիս քաղաքում, Ալավերդիում չի դիմել: Ալավերդիում երեխայի համար ասել է, որ տա մանկապարտեզ, ինքն էլ աշխատի, հետո ասել են, որ երեխան 2 տարեկան է, չի լինի: Ալավերդիում, ընդհանրապես, որևէ սոցիալական կամ այլ մարմին չի դիմել  օգնություն ստանալու համար: Գնալու էր Երևան, ժամը եղել է 3-ը, Երևան գնացող տրանսպորտ չի եղել, միայն առավոտ ժամը 11-ին էր, Երևանից էլ ժամը 2-ին էր գալիս, այլ տրանսպորտ չի եղել թեկուզ Վանաձոր գնացող, որ Վանաձորից փորձեր գնալ։

Սիլվա Խաչատրյանի ամուսնու մայրը՝ Լուսինե Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ թե՛ Սիլվան, թե՛ երեխան իրենց ընտանիքում սիրված են եղել։ Լուսինե Հովսեփյանը տեղի ունեցածից հետո գնացել է դեպքի վայր, դատարանում հայտնել է, որ Սիլվայի հետ ոչինչ չի խոսել,  քանի որ վերջինս շատ վատ էր, բայց նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ  Սիլվային ինքը հարցրել է ինչ է պատահել, սկզբից ասել է երեխեն ինքն է ջուրն ընկել, հետո ինքն ասել է՝ ճիշտն ասա՝ ինչ է եղել, նա էլ ասել է «Ինքն է գցել երեխին ջուրը, էն երկու երեխու գլուխը կերավ, էս մեկի գլուխն էլ է կերել»։

Լուսինե Հովսեփյանը դատարանում հայտնել է, որ  երեխեն իրա մորը շատ սիրել է, նա էլ երեխին է սիրել ու ինքը չի հավատում, որ Սիլվան  նման բան կարող էր անել։

Երեխայի հայրը՝  Արթուր Բարսեղյանը ցուցմունք է տվել այն մասին,  որ ճանաչում է Սիլվա Խաչատրյանին, իր առաջվա կինն է, հարաբերությունները լավ է եղել, հիմա ոչ մի հարաբերություն չունեն։ Բարսեղյանը հայտնել է, որ   ապրիլի 25-ին՝ ժամը 04-ին իրեն է զանգահարել Սիլվա Խաչատրյանն ու ասել,  որ երեխային բերում է իրեն տա, ինքն էլ ասել է՝ հարց չկա, բեր, իր երեխան է, դեմ չի, բեր ինքը կպահի։ Նա ասել է, որ իր մոտ 10.000 դրամ է, տաքսիով պիտի գա, ինքն էլ ասել է, որ 10.000 էլ ինքը կտա, իր երեխեն է, ինքը չի հրաժարվում։ 2 ժամ հետո իմացել է, որ երեխային ջուրն է գցել։

Աշոտ Կիրակոսյանը ցուցմունք է տվել, որ կնոջ՝ Սիլվայի հետ ունեցել  է շատ լավ հարաբերություններ։ Տեղի ունեցածի մասին  խոսելով՝ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ Սիլվան  խնդիրներ ունի, թե չէ նորմալ մարդը նման բան չէր անի։ Հայտնել է նաև, որ

Սիլվա Խաչատրյանը երեխային սիրել է, շատ նորմալ է վերաբերվել, ինքը կոպիտ բան չի նկատել նրա կողմից երեխայի նկատմամբ, դեպք չի եղել, որ, ինքն օրինակ,ջղայնացած լինի Սիլվա Խաչատրյանի վրա ու ասի, որ երեխան բեռ է։

Երեխային փրկած  Ժիրայր Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ երեխային ինքն է գտել, ջրից հանել ու տեղափոխել հիվանդանոց: Երեխային գտնելու աշխատանքներին մասնակցել է կամովին, իրեն չեն հանձնարարել։ Այդ տեղեկության մասին իմացել է հարևանի տղայից, որը հայտնել է, որ 2 տարեկան երեխա է գետն ընկել։ Դեպքի վայրում ոստիկանությունն էր, փրկարարական աշխատանքներ էր կատարում։ Երբ երեխային գտել է նա եղել է անշարժ վիճակում, ինքն առաջին օգնություն է ցույց տվել՝ ձեռքերը օդում շարժելով, բերանը ջուր էր գնացել դոշին սեղմելով, հետո նոր տեղափոխել է հիվանդանոց։ Առաջին օգնություն ցույց տալուց և երեխայի շնչելուց հետո երեխային բերել են մեքենայի մեջ դրել ու տեղափոխել հիվանդանոց։

Ժիրայր Պողոսյանը հայտնել է, որ երբևէ  չի լսել, որ որևէ մեկը դիտավորյալ երեխային գցել է գետը։ Երեխայի մայր դեպքից հետո  կանգնած լացում էր։ Դեպքից հետո մեղադրյալին տեսել է նաև  երկրորդ օրը՝ դեպքի վայրում, երբ ոստիկաններին ցույց էր տալիս՝ ոնց է գցել։

Գործի շրջանակներում նշանակվել են դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ։ Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Սիլվա Խաչատրյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, հոգեպես առողջ է, իրեն մեղսագրվող արարքը կատարելիս հոգեկան խանգարման վիճակում չի գտնվել, այդ պահին նա կարող էր հաշիվ տալ իր գործողություններին և ղեկավարել դրանք։

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սիլվա Խաչատրյանը երեխային գետը նետելու նախորդող ժամանակահատվածում եղել է միջին արտահայտված անորոշության, հուսահատության, թեթևամտության, հիասթափվածության հետ կապված սթրեսի, անխուսափելի կործանման զգացման, վեգետատիվ-էմոցիոնալ անկայուն, դյուրագրգիռ թուլության, տագնապի, դատարկության զգացման հոգեվիճակում, որի ժամանակ դիտվել է բողոքի արձագանք հանգամանքներին, որոնք խանգարում են անդորրը, խոչընդոտում անձի ինքնաիրացմանը, դյուրագրգռության, կասկածամտության, ուրիշների կողմից իր անձին ուղղված արտահայտությունների նկատմամբ, համառություն՝ զուգորդված նեղացկոտությամբ, էքսցենտրիկությամբ, վիրավոր ինքնասիրության և ուրիշների հետ հավասարակշիռ հարաբերությունների խախտվածության խնդիր, սեփական անձի մասին նշանակալի միջանձնային շփումների շրջանակում լավ տպավորություն թողնելու ցանկություն, բարձր պահանջների բախում սեփական մտադրությունների և հույսերն իրագործելու անհնարինության հետ, խաբված վստահության զգացում, շրջապատող մարդկանց չար կամքի զոհի կարգավիճակի զգացում, որը չէր կարող էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, ինչն արտահայտվել է վարքի և գործողությունների նպատակաուղղվածությամբ, դրանց գիտակցական վերահսկողության հարաբերական պահպանմամբ։

Սիլվա Խաչատրյանի անհատական հոգեբանական հետևյալ առանձնահատկությունները՝ փառասիրություն և պաշտպանական վարքի հակումներ, անընդհատ համակցվածություն վախով, տագնապայնություն, նպատակին հասնելու համառություն, գերիշխելու ընդգծված միտում, միջանձնային շփումներում փոխազդեցության հարձակողական մարտավարություն, անձի ազատ ինքնաիրացմանը խոչընդոտող հանգամանքների դիմադրություն, մրցակցության զարգացած զգացում, մարդկանց նկատմամբ քողարկված և բացահայտ դաժանություն, ուրիշների հետ հաղորդակցման բացասական անհատական փորձ և արտահայտված բացասական կոմունիկատիվ դիրքորոշում, վախ պատասխանատվությունից, թեթևամտություն, դյուրագրգռություն, կարող են նպաստել երեխային գետը նետելու նրա որոշման ընդունմանը։

Վերը նշված, ինչպես նաև գործում առկա այլ հանգամանքներ գնահատելով՝ դատարանը  դատարանը որոշել է Սիլվա Խաչատրյանին մեղավոր ճանաչել իրեն վերագրվող արարքում։ Դատարանը մեղադրյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկել  խոստովանական ցուցմունքներ տալը, կատարած արարքի համար զղջալը, իսկ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցանքը մանկահասակի և իրենից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելն ու որոշել Խաչատրյանին դատապարտել 9 տարի ժամկետով ազատազրկման։

Քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել  Խաչատրյանի ամուսնու՝ Աշոտ Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։
Վարույթն իրականացնող մարմինը եկել է հետևության, որ Աշոտ Կիրակոսյանի կողմից Սիլվա Խաչատրյանին մեկից ավելի հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները հաստատված համարելու համար բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։ Դատավճռից, այնուամենայիվ, պարզ է դառնում, որ Խաչատրյանին մեկ հարված հասցնելու հանգամանքը հաստատվել է, բայց մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ:

Արաքս Մամուլյան