Հայաստանը միջոցներ կձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. Վարչապետ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգի քննարկումը, երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է կանխարգելիչ լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի շրջանակում տարվող աշխատանքները:

Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված:

Միևնույն ժամանակ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից: Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին: Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:

Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Կարևոր է արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում:

Ինչպես հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք, անվտանգության գոտի: Հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտին։

Հարգելի ներկաներ,

Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա: Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս արձանագրումը մեծ հաշվով առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքներ: Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ։

Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն:

Ինչպես նշեցի նախորդ օրը տեղի ունեցած իմ ասուլիսում, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց:

Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է: Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել, մեջբերում եմ՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին», – ասված է Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակի, գրության մեջ:

Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:

Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել. մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ: Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ, Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը՝ այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար:

Հարգելի ներկաներ,

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին:

Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից: Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Հիշեցնեմ՝ եռակողմ հայտարարության 7-րդ կետում ասվում է, մեջբերում եմ՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ես Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:

Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում: Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին: Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների՝ էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ուզում եմ տեղյակ պահել նաև, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ: Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից: Միևնույն ժամանակ, պիտի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:

Շնորհակալություն»: