Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վճռաբեկ դատարանը երեկ՝ հունվարի 25-ին, բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։

2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանք առաջադրելուց հետո այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթների ընթացքում մեղադրանքի վերաբերյալ հայտարարություններ էր արել, որից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից:

Ի պատասխան Ալումյանի բողոքի՝ Դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը գրությամբ հայտնել էր, որ բողոքաբերի պահանջը դուրս է դատախազության լիազորություններից:

Պաշտպան Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով արձանագրել Քոչարյանի իրավունքների խախտման փաստն ու Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։

Առաջին ատյանի դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել էր՝ ճանաչելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստը։

Դատախազ Վահե Դոլմազյանի և պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը։ Այս որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ։

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել:

Դատախազն ընդգծել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որևէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանի որ վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել, եթե անձամբ կատարեր նախաքննություն։

Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձևակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:
Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով իր կայացրած որոշմանը՝ նշել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել․

ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ,
բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։

Վճռաբեկ դատարանն այս հարցերի վերաբերյալ նշել է, որ անձի անմեղությունը խախտող պաշտոնատար անձի՝ քրեադատավարական սուբյեկտ լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը գործադրելու համար։ Պետք է նկատի ունենալ, որ քրեադատավարական սուբյեկտները կարող են կատարել նաև ոչ դատավարական գործողություններ, օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչը կարող է հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով քննչական մարմնի անունից հարցազրույց տալ զանգվածային լրատվության միջոցներին և իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։

Մեկ այլ օրինակի դեպքում՝ համապատասխան քննչական մարմինը կարող է տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի էջում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով ևս իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Նման դեպքերում, թեև անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն արվում են քրեադատավարական սուբյեկտի կամ մարմնի կողմից, սակայն հանցանքի կատարման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տեղադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն։ Հետևաբար, համանման իրավիճակներում անձն իր անմեղության կանխավարկածի խախտված իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն չի կարող հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը կարող է կիրառելի լինել քրեադատավարական իրավահարաբերությունների շրջանակում թույլ տրված անմեղության կանխավարկածի խախտումների դեպքում։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններից դուրս, դատավարական բնույթ չկրող գործողություններով անձի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն իրավական պաշտպանություն կարող է հայցել քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Մասնավորապես, անձի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում վերջինս կարող է օգտվել օրինակ՝ վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, որոնք փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են նաև ներողություն խնդրելու, համապատասխան տեղեկությունը հերքելու հնարավորություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չեն, որի ուժով դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր կլիներ վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով։

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հայտարարությունների դեմ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելն իրավաչափ չէ և որոշել է բեկանել և փոփոխել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումները։
Արաքս Մամուլյան