Պելեին կհուղարկավորեն մարզադաշտում․ մարզաշխարհը սգում է Ֆուտբոլի արքայի կորուստը
Դեկտեմբերի 29-ին, 82 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն։ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Ինչպես հայտնում է բրազիլական Globo հրատարակությունը, Պելեի մարմինը կամփոփվի Վիլա Բելմիրո մարզադաշտում՝ «Սանթոս»ակումբի հին մարզադաշտում։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, քաղաքական գործիչներ իրենց ցավակցությունն են հայտնել լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։
Ստորև ներկայացնում ենք մի քանիսը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ի կայքը գրել է․ «Անմահը հավերժ մեզ հետ է»։
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է․ «Սոսկ «ցտեսությունը» հավերժական արքա Պելեին բավական չէ՝ արտահայտելու այն ցավը, որ հիմա զգում է ֆուտբոլային ողջ աշխարհը․ ոգեշնչում միլիոնավորների համար, երեկվա, այսօրվա և հավերժի օրինակ։
Նա երբեք չի մոռացվի և նրա հիշատակը միշտ կապրի յուրաքանչյուր ֆուտբոլասերի սրտում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, արքա՛ Պելե»։
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գրել է․ «Նախքան Պելեն՝ տասը ուղղակի թիվ էր։ Ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունն իմ կյանքի մի փուլում։ Բայց այս գեղեցիկ նախադասությունը ոչ լիարժեք է։ Ես կհավելեի՝ նախքան Պելեն՝ ֆուտբոլն ուղղակի սպորտ էր։ Պելեն ամբողջովին փոխեց այն։ Նա ֆուտբոլն արվեստի վերածեց, զվարճության։ Ձայն տվեց աղքատին, սևամորթներին։
Արքայի շնորհիվ ֆուտբոլն ու Բրազիլիան բարձրացրին իրենց կարգավիճակը։ Նա գնաց, բայց նրա կախարդանքը կմնա։ Պելեն ՀԱՎԵՐԺ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում ընդամենը 3 բառ է գրել․ «Խաղը. թագավոր. հավերժություն»։
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը գրել է․ «Պելեն ոչ միայն ֆուտբոլի լեգենդ էր, այլև մարդասիրության խորհրդանիշ: Նա օգտագործեց իր հարթակը իրավազուրկ երեխաներին զորացնելու և ամբողջ աշխարհի սերունդներին ոգեշնչելու համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրա կյանքի և ժառանգության համար»:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գրել է․ «Ֆուտբոլի արքան հեռացավ մեզանից, բայց նրա ժառանգությունը երբեք չի մոռացվի»։
Ինքը՝ Պելեն, ֆուտբոլի աշխարհի արգենտինացի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան առթիվ գրել էր․ «Վստահ եմ՝ մի օր մենք միասին ֆուտբոլ կխաղանք դրախտում»:
Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։
Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։ Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվականին սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956 թվականին տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին՝ 16 տարեկանում, ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։