Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս ընթացքում շատ կարևոր աշխատանք է իրականացրել: Կարծում եմ՝ նրա նախարարության շրջանում մենք կրթության ոլորտում շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, նաև ընդունել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը, ըստ էության, մեր աշխատանքների ճանապարհային քարտեզն է: Իհարկե, այն ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս, բայց առնվազն մեր վեկտորների և անելիքների մասին որոշակի շրջանակ է ընդգծում», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, տիկին Անդրեասյանը նոր մարդ չէ նախարարությունում. արդեն ավելի քան 2.5 տարի առաջ նա նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ և այս ընթացքում համակարգել է աշխատանքները հանրակրթության ոլորտում, որտեղ, կարծում եմ, մենք ունենք թերևս ամենատեսանելի և շոշափելի հաջողությունները: Կարծում եմ՝ այդ հաջողությունների առումով տիկին Անդրեասյանի դերն ամենևին էլ երկրորդային չէ: Շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապահովել այս ընթացքում կատարված աշխատանքի ժառանգականությունը և շարունակականությունը: Մեզ նոր լիցք, նոր տեմպ է հարկավոր, և համոզված եմ, որ տիկին Անդրեասյանն այդ դինամիկան կապահովի:

Համոզված եմ նաև, որ պարոն Դումանյանը բոլոր հնարավոր միջոցներով իր աջակցությունը կբերի տիկին Անդրեասյանին և նախարարությանը, որպեսզի ծրագրերը, որոնք մենք միասին ենք գծագրել և ստեղծել, հաջողությամբ իրականություն դարձնենք»:

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար՝ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները: Նա, մասնավորապես, ասել է հետևյալը. «Պարոն վարչապետ, քաջ հիշում եմ, որ նոյեմբերի 23-ին Ձեր ներկայացմամբ նշանակվեցի, և նախարարությունն ընդունեցի ցույցերով: Առաջին 8 օրը մենք տիկին Անդրեասյանի հետ ջանք ներդրեցինք և հրաշալի լուծեցինք այդ կնճիռը: Այնուհետև աղմուկ կար դասագրքերի առումով՝ Հայոց պատմություն, Գրականություն և Հայ եկեղեցու պատմություն, կրկին տիկին Անդրեասյանի հետ միասնական լուծել ենք այդ խնդիրը: Բուհական համակարգը ճգնաժամի մեջ էր՝ չկայացած մրցույթներ կային, բուհերը վերածվել էին կարծես թե կուսակցական բջիջների: Այսօր մենք միասնական ուժերով լուծել ենք այդ խնդիրը և վերակազմավորել բացառապես բոլոր հոգաբարձուների խորհուրդները, կայացել են բոլոր մրցույթները: Բուհական ընդունելության նոր կարգ ենք մշակել, և Ձեր աջակցությամբ «Զինապարտության մասին» օրենքում ենք փոփոխություն արել: Գիտության բնագավառում՝ գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգում է փոփոխություն արվել: Ազգային ակադեմիայի հետ համատեղ օպտիմալացման որոշ գործընթացներ ենք սկսել: Մշակույթի բնագավառում, պարոն վարչապետ, Ձեզ ներկայացվել է թանգարանների կառավարման նոր մոդելը: Ուզում եմ բարձրաձայնել Հանրապետության հրապարակում տեղակայված կրպակի ապամոնտաժման մասով, Ձեր աջակցությամբ, մեր նախաձեռնությամբ և գործընկերների՝ Դատախազության և քաղաքապետարանի հետ համատեղ օպերատիվ արագ մեր հրապարակը վերականգնվեց իր ճարտարապետությամբ: Եվ վերջապես, սպորտում այս տարի գրանցել ենք 300 մեդալ, ինչն աննախադեպ արդյունք է՝ առավելագույնը մեր պատմության մեջ եղել է 222, այս տարի՝ 300: Եվ, իհարկե, այս ամենն արվել է նախարարությունում «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով, ինչպես նաև ոլորտային շահագրգիռ կողմերի հետ միասնական քննարկումների արդյունքում: Ուզում եմ բարձրաձայն հաստատել, որ անվերապահ աջակցելու եմ տիկին Անդրեասյանին, միշտ պատրաստ: Շատ ընկալելի և ինձ համար շատ լավ ընտրություն է, գործընկերներն էլ գիտեն՝ դա բազմիցս է ասվել, նոր խոսք չէ, և կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ ոչինչ չի փոխվել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը միասին»:

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին՝ բարձր վստահության, իսկ նախկին նախարար Վահրամ Դումանյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել վստահության համար: Դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև այսօր՝ առավել քան երբևէ, բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարևոր է համարժեք արձագանքել այն բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին, որ կան մեր երկրում կրթության համակարգում, մշակույթի ոլորտում, գիտության բնագավառում, սպորտում: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դրանից է կախված ապագայի այն տեսլականը, որ կունենանք և այստեղ նաև հիմքերը կդնենք: Այդ աշխատանքները կոնցեպտուալ իմաստով, ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ,

հիմնականում իրականացված են, և Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, ներկայում հանրային քննարկման ներկայացված սպորտի և մշակույթի ռազմավարությունները, գիտության ոլորտի այն քաղաքականությունը, որը ներկայացված է, Կառավարության ծրագիրը, որը հստակ թիրախներ է սահմանում մեր առջև մինչև 2026 թվականը, պարզ են դարձնում, թե ինչ պիտի անենք: Մեր ամենօրյա աշխատանքի խնդիրը պետք է լինի հասնել այդ բոլոր թիրախներին, անել ավելին և միաժամանակ լինել բավարար ճկուն, որպեսզի կարողանանք արձագանքել նոր մարտահրավերներին և նաև մեր երկարաժամկետ թիրախներին ու նպատակներին հասնելու ճանապարհին իրականացնել նաև այն ամբողջ աշխատանքը, որը կպահանջվի ընթացիկ բոլոր խնդիրներին արձագանքելու համար: Վստահեցնում եմ մեր ամբողջ թիմի անունից՝ նախարարությունը կներդնի առավելագույն ջանք, որպեսզի այդ թիրախները դառնան իրողություն՝ որակյալ և տեսանելի առաջին հերթին հասարակության ու մարդու համար», – իր խոսքում ընդգծել է Ժ. Անդրեասյանը:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել է հետևյալը. «Երբ մենք ստեղծում էինք նախարարություն այս կառուցվածքով, այն ժամանակ, բնականաբար, տարբեր կարծիքներ կային, և հոռետեսություն կար: Աշխատանքի արդյունքում ես համոզվել եմ, որ նախարարության այս կառուցվածքը ճշգրիտ համապատասխանում է այն տեսլականին և նպատակադրմանը, որը մեր առաջ ունենք: Տարբեր կոմպրոմիսների արդյունքում մենք նախարարության անունը դրեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բայց իմ ընկալումն այն է, որ այս նախարարությունը երկրի բովանդակության նախարարությունն է, և սրանում ամենևին որևէ չափազանցություն չկա: Իսկապես, ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը ես կապում եմ հենց այս նախարարության հետ: Շատ է խոսվում այն մասին, որ տարբեր երկրներում կան, օրինակ՝ ապագայի նախարարություններ, շատ գործընկերներ կամ նույնիսկ փորձագետներ ասում են՝ գուցե մենք էլ պետք է ապագայի նախարարություն ստեղծենք: Իմ կարծիքով՝ մենք վաղուց ստեղծել ենք ապագայի նախարարություն, որովհետև ապագան չի կարող լինել առանց կրթության ոլորտում ֆունդամենտալ ներդրումների և փոփոխությունների, բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների:

Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե, մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ: Դուք ընդհանուր նշեցիք ծրագրերը, պարոն Դումանյան. մենք ահռելի չափով մեծացրել են գիտության ֆինանսավորումը, աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, նաև դրամաշնորհային ծրագրերի համակարգ ենք ներդրել, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ինձ համար ամենառազմավարական ծրագրերից է: Այս փուլում պիտի աշխատենք՝ անհատապես, բոլորին ներկայացնենք, խնդրենք, օգնենք, աջակցենք, որպեսզի նրանք էլ քաջալերվեն և այս ծրագրերից օգտվեն, որովհետև, ի վերջո, դա միայն թղթին տալու համար չէ: Դա իրական կյանք պետք է դառնա, որը պետք

է ազդեցություն ունենա մեր երեխաների կրթական իրավունքի վրա, և հետագայում երկրի սոցիալ-տնտեսական և բոլոր ոլորտների զարգացման վրա:

Ուզում եմ ընդգծել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման ուղղությամբ աշխատանքը: Դպրոց ասելով նկատի ունենք 3 պարտադիր բաղադրիչ, որոնք անբաժանելի են՝ ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ: Այսօր այս 3 ուղղությամբ մեր աշխատանքի հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջական իրականացված է, մնում է լծվել գործի, որ ամեն տարի մենք մինչև 2026 թվականը, 300 ասում եմ, նույնիսկ ավելին կարողանանք իրականացնել», -ասել է վարչապետը՝ կարևորելով նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տաղանդների աջակցության պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին. «Արդեն միս ու արյուն է ստանում Տաղանդների աջակցության պետական հիմնադրամը, որի աշխատանքի իմ տեսլականը հետևյալն է՝ այն պետք է ձևավորվի և՛ պետական, և՛ ոչ պետական միջոցներից և պետք է կառավարվի ոչ պետական մեխանիզմներով, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվետու լինի կառավարությանը և հանրությանը: Այդ հիմնադրամի նպատակը լինելու է բոլոր ոլորտներից փնտրել, գտնել տաղանդներ և աջակցել նրանց: Ընդ որում, դա կարող է լինել նույնիսկ նախադպրոցական փուլից, և մենք պետք է բոլոր տաղանդներին ուղեկցենք մինչև անհատական և երկրի համար հաղթանակներ, քանի որ մեր կանխավարկածն այն է, որ բոլոր երեխաները և մարդիկ առանց բացառության տաղանդավոր են: Սա պետք է մեր ռազմավարական ընկալումը լինի: Այլ բան, որ նախ ընդհանուր դաշտ պիտի ստեղծենք բոլորի տաղանդի բացահայտման համար և հասկանանք, թե ում ինչպես և որտեղ աջակցենք, որպեսզի այդ տաղանդը ակսելերացիա նույնպես տեղի ունենա:

Ուզում եմ ընդգծել Ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը, որը կրկին՝ մեզ համար բացարձակապես շենքի հարց չէ: Այն, առաջին հերթին, բովանդակության հարց է, մեր գիտության և կրթության ինտեգրման նախագիծ է, մեր կրթական ծառայությունները միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու ռազմավարական ծրագիր»:

Վարչապետն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտի խնդիրներին և նշել, որ այստեղ նույնպես բարդություններ կան: «Մենք որոշակիորեն մեր պատկերացումները պետք է փոխենք կամ արդիականացնենք կամ արդյունավետ դարձնենք մշակութային հուշարձանների պահպանման, կառավարման գործում, որովհետև 2 օր առաջ ընդամենը Բուզանդի փողոցով քայլում էի, և ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ մենք այդ տեղապտույտի վիճակից չենք կարողանում դուրս գալ, և դրա արդյունքում մեր պատմամշակութային հուշարձաններն ավելի վատ վիճակում են հայտնվում: Մեզ անընդհատ թվում է, թե մենք պահպանում ենք, ոչինչ չենք անում, բայց ի՞նչ է կատարվում. մենք չենք գնահատում, թե ամեն ամիս մեր որոշումների ուշացումներն ինչ ազդեցություն են ունենում պատմամշակութային հուշարձանների վրա: Մենք ասում ենք՝ ավելի լավ է այդ շենքն ինքն իրեն փլվի, վերանա, ոչնչանա, որոշում կայացնենք, որ աղմուկ չլինի, որ հանկարծ մեզ չասեն՝ այս ինչ եք անում: Այս մոտեցումն այլևս հանդուրժելի չէ: Մենք պատմամշակութային հուշարձանների, ընդհանրապես հուշարձանների կառավարման նոր մոտեցում պետք է ցուցաբերենք: Երբեմն թվում է, որ

այդ հարցը թողնում ենք այդպես առկախված միայն մեկ բանի համար, որ հանկարծ աղմուկ չլինի, չասեն՝ այս ինչ են անում: Բայց ամեն օր այդ հուշարձանները փլուզվում են, բառիս բուն իմաստով՝ ամեն օր:

Ես վերջին անգամ մի քանի ամիս առաջ էի այդ նույն տեղում եղել, նույնիսկ վիզուալ ակնհայտ է, որ ավերման գործընթաց է գնում Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային մեր ամենակարևոր շերտերի նկատմամբ: Մենք պետք է այստեղ որոշումներ կայացնենք, պետք է վերցնենք պատասխանատվությունը և չխուսափենք նաև քննադատությունից, որովհետև նաև այս վիճակի համար կոմֆորտ է՝ ոչ ոքի չեն քննադատում, ոչ ոք չի մոտենում, չենք էլ նկատում, որ այնտեղ աղբակույտեր են ձևավորվում, բոլորս հանգիստ ապրում ենք: Եկեք հանգիստ ապրելու հասկանալի այդ մղումը հաղթահարենք, մանավանդ որ, ցավոք, դա հասանելի չէ ո՛չ մեզ անհատապես, ո՛չ մեր երկրին, և այդ հանգիստ ապրելու իրավունքը ժամանակակից աշխարհում դեռ պետք է նվաճել: Ցավոք, մենք դեռ չենք հասցրել այդ իրավունքը նվաճել, թերևս գուցե նաև այն պատճառով, որ այսօրվա հանգիստը գերադասել ենք ապագայի անորոշությանը: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, հանուն ապագայի որոշակիության մենք պետք է այսօրվա հանգիստը, այսօրվա կոմֆորտը կարողանանք նաև զոհաբերել», – ամփոփելով խոսքը՝ ասել է երկրի վարչապետը: