Չավարտվող պատերազմ․ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման ժամանակագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
Բոլորը

Օդային տագնապի ազդանշաններ, ՀՕՊ համակարգերի շառաչ, հրթիռների և արկերի խուլ պայթյուններ, ավերակների վերածված բնակավայրեր, տասնյակ հազարավոր զոհեր․․․ Տարեսկզբին որևէ մեկը դժվար թե գուշակեր, որ Ուկրաիայում Ռուսաստանի սկսած պատերազմը դառնալու էր ամենամասշտաբային ռազմական էսկալացիան Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից ի վեր և շարունակվելու էր մինչև տարեվերջ՝ առանց մոտալուտ ավարտի որևէ հեռանկարի։

2022 թվականի փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Համապատասխան փաստաթղթերը վավերացրեց նաև Պետդուման։ Արդեն փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ ղեկավարը հայտարարեց Ուկրաինայի դեմ, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի մասին։ Դրա նպատակը նա անվանեց հարևան երկրի «ապառազմականացումը»։ Ռուսական բանակը ներխուժեց ուկրաինական տարածք։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը սկսեցին հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին և ռազմական ենթակառուցվածքներին: Հարձակումն ընթանում էր մի քանի ուղղություններով․ Ռուսաստանի տարածքից զորքերը մտան Խարկովի, Սումիի և Չեռնիգովի շրջաններ, իսկ Բելառուսի տարածքից՝ Ուկրաինայի Չեռնոբիլի մարզ։ Կիևի մերձակայքում ՌԴ-ն դեսանտ իջեցրեց․ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակելու գործողություն սկսվեց։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից գրեթե անմիջապես հետո՝ փետրվարի 26-ին, Ռոսկոմնադզորը տեղեկացրեց, որ մուտքը որոշ ինտերնետ ռեսուրսներ կսահմանափակվի, եթե դրանք Ուկրաինայում տեղի ունեցողն անվանեն «պատերազմ», «ներխուժում» կամ «հարձակում»։ Միակ ընդունելի տարբերակը պետք է լինի պաշտոնապես այն կոչելը՝ «հատուկ ռազմական օպերացիա»։

Արդեն մարտի 5-ից ՌԴ-ում ուժի մեջ մտան Քրեական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր դրույթները։ Ըստ այդմ՝ «հատուկ ռազմական օպերացիա» եզրույթի փոխարեն «պատերազմ» բառն օգտագործելու կամ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ չհամընկնող կարծիք արտահայտելու համար, օրինակ՝ սոցիալական ցանցերում գրառումներում, կամ դրա դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին սպառնում են իրական տույժեր, այն էլ բավականին տպավորիչ՝ բազմահազարանոց ռուբլի տուգանքներից մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լրատվամիջոցների կայքերն ու սոցիալական մեդիայում դրանց էջերը սկսեցին արգելափակվել։ Հարվածի տակ հայտնվեցին անկախ լրատվամիջոցները և միջազգային խոշոր լրատվականների ռուսական ծառայությունները, որոնցից շատերը մինչ այդ էլ խոցելի էին՝ պիտակավորվելով որպես «օտարերկյա գործակալներ»։

Մարտի 4-ից Ռուսաստանի տարածքում անհասանելի են Ֆեյսբուքը, Թվիթերը, Յութուբը և այլ սոցիալական ցանցեր,
ՌԴ պետական վերահսկող մարմինները զանգվածային կերպով արգելափակում են այն մեդիա հարթակները, որոնք տարածում են լուրեր Ուկրաինայում ռազմական գործողությունների, բնակիչների, նաև ՌԴ զինվորների մահվան մասին։

ՌԴ իշխանությունները բռնաճնշումների հարցում չեն սահմանափակվում միայն երկրի ներսում։ Մոսկվան պարտադրանքի մահակը փորձեց կիրառել նաև ՀՀ-ում։ Այսպես՝ Factor TV-ն պաշտոնական գրություն ստացավ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունից, որով կառույցը Factor TV-ից պահանջեց հեռացնել Բուչայի իրադարձությունների մասին ԵՄ գնահատականի պաշտոնական դատապարտող հայտարարության ռուսերեն թարգմանությունը։ Բնականաբար, Factor TV-ն չենթարկվեց ՌԴ-ում գրաքննության գործիք դարձած կառույցի պահանջներին և նյութը չհեռացրեց կայքից։

Պատերազմի առաջին ամսում ռուսական զորքերը կենտրոնացան Ազովի ծովի ափը գրավելու ուղղությամբ և շուտով օկուպացրեցին Բերդյանսկ նավահանգստային քաղաքը։ Մարիուպոլում ռուսական բանակը բախվեց ուժեղ դիմադրության, բայց ամիսներ տևած պաշարումից հետո Ուկրաինայի ամենակարևոր նավահանգստային քաղաքներից մեկն ընկավ: Քաղաքը, որը նախքան պատերազմի մեկնարկը շուրջ կես մլն բնակիչ ուներ, ավերակների վերածվեց։

Կիևի մարզի Բուչա քաղաքում կատաղի բախումներ տեղի ունեցան ուկրաինական զորքերի և ռուսական հատուկ ջոկատայինների միջև։ Մինչև մարտի 31-ը Բուչան ռուսական զորքերի վերահսկողության տակ էր, որը քաղաքում ստեղծեց թիկունքային բազա՝ Իրպենի վրա հարձակման համար: Այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերն ապրիլի 1-ին մտան Բուչա, միջազգային լրատվական գործակալությունները սկսեցին հրապարակել խաղաղ բնակիչների սպանությունները հաստատող լուսանկարներ և տեսանյութեր․ պատերազմական հանցագործությունների մեջ Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան երկրները մեղադրեցին ռուս զինվորականներին։

Պատերազմի երկրորդ ամսում արդեն ռուսական բանակը սկսեց դժվարությունների հանդիպել․ նախապես կանխատեսված դյուրին հաջողությունների ու առաջխաղացման փոխարեն՝ Պուտինը սկսեց զորքերը դուրս բերել Կիևից և Չեռնիգովից։ Ուկրաինական բանակը լիակատար վերահսկողությունը վերականգնեց երկրի այս տարածքների նկատմամբ։ Երկրի արևելքում և հարավում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի մայրաքաղաքում բնականոն կյանքը սկսեց աստիճանաբար վերականգնվել։

2022 թվականի ապրիլի 14-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածի հետևանքով խորտակվեց Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սևծովյան նավատորմի ամենամեծ՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը։ Այն ռուս-ճապոնական պատերազմից հետո Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կորցրած առաջին դրոշակակիր նավն է, ինչպես նաև ամենամեծ ռազմանավը, որը խորտակվել է հակամարտության ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ռուսական բանակի վերահսկողության տակ անցած մեկ այլ քաղաք էր Խերսոնը՝ երկրի հարավում։ Խերսոնի մարզում ՌԴ-ն անգամ ներդրեց ռուբլու շրջանառություն և ՌԴ-ին միանալու հանրաքվե անցկացրեց։ Այսպես՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում սեպտեմբերի 23-ին հնգօրյա «հանրաքվեներ» սկսվեցին, որից հետո Կրեմլը հայտարարեց այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։

Ռազմական գործողությունների պայմաններում անցկացված «հանրաքվեների» վերաբերյալ ռուսական կողմը ցնցող թվեր է հրապարակել․ ինչպես «կողմ» ձայների, այնպես էլ մասնակցության ցուցանիշը, ըստ այդ տվյալների, մոտեցել է 100%-ի։

ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն բազմիցս ընդգծել են, որ «քվեարկությունը» Ռուսաստանի կողմից ոտնձգություն է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ և չի ճանաչվի միջազգային հանրության կողմից։

Սեպտեմբերի վերջին «հանրաքվեով» բռնակցված Խերսոնը, սակայն, երկար չմնաց ՌԴ վերահսկողության տակ։ Արդեն նոյեմբերի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգեց դուրս բերել զորքերը Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի սկզբում, ապա բռնակցել հանրաքվեով: Նոյեմբերի 11-ին ուկրաինական զորքերը մուտք գործեցին Խերսոն։ Ի դեպ, Խերսոնը միակ մարզկենտրոնն էր, որը ռուսները կարողացել էին գրավել այս պատերազմի ընթացքում:

Արդեն սեպտեմբերի սկզբին Ուկրաինան անցավ հակագրոհի և օրեր անց հանդես եկավ ռազմադաշտում հաջողության մասին հայտարարություններով: Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը հակահարձակողական գործողություններ իրականացրին ինչպես հարավային, այնպես էլ արևելյան ճակատներում։ Սեպտեմբերի 6-ից 12-ը հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակն ազատագրեց Խարկովի մարզի առնվազն 300 բնակավայր, ինչպես նաև Դոնեցկի շրջանի որոշ բնակավայրեր։

Ուկրաինական հակագրոհներից հետո սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց։ Երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նախատեսում է մոբիլիզացնել 300 հազար պահեստազորայինի։ Այս հայտարարությունը խուճապի ալիք բարձրացրեց ՌԴ-ում․ երկիրը լքեց մոտ 350 հազար մարդ, նրանց մեծ մասը մեկնեց Ղազախստան, Հայաստան, Վրաստան, Մոնղոլիա։ Այդ օրերին հսկայական կուտակումներ առաջացան սահմանային անցակետերում, որոնք մարդիկ հատում էին անգամ ոտքով ու հեծանիվով։ Ռուսաստանի քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր անցկացվեցին։ Դաղստանում դրանք ամենազանգվածայինն էին, սակայն ուժայինները ճնշեցին բողոքի ալիքը։

Հոկտեմբերին Ուկրաինայի Զինված ուժերի տեղաշարժը Դոնեցկի շրջանում շարունակվեց, այնուհետև տեղափոխվեց Լուգանսկ։ Այս գործողության մեջ Ուկրաինայի ամենանշանակալի հաղթանակներից մեկն արևմտյան ռազմական վերլուծաբաններն անվանում են Իզյումի վերադարձն ուկրաինական վերահսկողությանը, որը հիմնական նյութատեխնիկական հանգույցն էր, որն օգտագործում էին ռուսական զորքերը՝ Դոնբասի վրա հարձակվելու համար: Կարևոր էր նաև Լիմանի ազատագրումը, որտեղ, ենթադրաբար, ռուսական զորքերի մի մասը շրջապափակման մեջ է ընկել։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ռուսական վերահսկողության տակ գտնվող Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար պայթեց, որից հետո վառելիքի բաքերը հրդեհվեցին, տեղի ունեցավ կամրջի մասնակի փլուզում: Պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվեց: Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, ինչն ուկրաինական կողմը հերքեց։

Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից հարվածներ հասցրեց Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչի հետևանքով մարդիկ մնացին առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման: Պուտինն այս հարվածներն անվանեց Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա, այսպես ասած, «ահաբեկչության» պատասխան։

ՌԴ հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել Ուկրաինայի էներգետիկ համակարգի 50 տոկոսը։ «Ուկրէներգո»-ն արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայի էներգետիկ համակարգում։ Եվ չնայած խստաշունչ ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով հումանիտար աղետի շեմին կանգնելուն՝ ուկրաինացիները պատերազմի ընթացքում կարողացել են ազատագրել 74,25 հազար քառ. կմ ի սկզբանե ռուսների կողմից օկուպացված տարածքները։ Սա Ուկրաինայի տարածքի 12,3 տոկոսն է։

Ռուսները դեռ վերահսկում են մոտ 87,000 քառ. կմ ուկրաինական հողեր կամ երկրի տարածքի մոտավորապես 14,4%-ը։ Սա ավելի քան երկու անգամ ավելի է, քան եղել է մինչև փետրվարի 24-ի ներխուժումը. Ղրիմի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ընդհանուր տարածքը կազմում է 42,000 քառ. կմ։

Պատերազմի մեկնարկից հետո ռուսական և ուկրաինական պատվիրակությունները զինադադար հաստատելու համար 4 անգամ դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել՝ երեք անգամ՝ Բելառուսում, մեկ անգամ՝ Թուրքիայում։ Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից՝ պահանջելով ռուսական զորքերի դուրսբերում իր տարածքներից։ ՌԴ-ն շարունակում է պարբերաբար հայտարարել «բանակցությունների համար բաց մնալու» մասին։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հակամարտող երկու կողմերից էլ մարդկային կորուստների մասին հստակ որևէ տեղեկություն չկա։

Որոշ բաց տեղեկություններին հղումով՝ BBC-ն և «Մեդիազոնա»-ն մինչ դեկտեմբերի առաջին տասնօրյակը հաշվարկել են Ուկրաինայի պատերազմում զոհված ավելի քան 10 հազար ռուս զինվորների, նրանց թվում՝ ավելի քան 400 մոբիլիզացված։ Սակայն այս թիվն էլ հստակ չէ․ BBC-ն ու «Մեդիազոնա»-ն նշում են, որ իրենց անվանական ցուցակը կարող է պարունակել առնվազն 40-60%-ով ավելի քիչ մահացածների անուններ, քան իրականում թաղված են Ռուսաստանում։ Նրանք այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով Ռուսաստանի ավելի քան 60 բնակավայրերի զինվորականների հուշարձանները, հուշատախտակներն ու գերեզմանոցներում տիրող իրավիճակը։ Ուստի, ըստ եզրակացության, ամենապահպանողական հաշվարկով անգամ, Ուկրաինայում ռուսական բանակի և Ազգային գվարդիայի կորուստները կարող են կազմել ավելի քան 20 հազար մարդ։

Ռուսաստանի ընդհանուր անդառնալի կորուստները (այսինքն՝ վիրավորների, մահացածների կամ անհետ կորելու պատճառով շարքից դուրս եկածների թիվը) կարող է լինել առնվազն 90,000 մարդ։ Այս ցուցանիշը ստացվել է ԱՄՆ-ի ռազմածովային վերլուծության կենտրոնի դիտարկումների հիման վրա, ըստ որոնց՝ ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված յուրաքանչյուր ռուս զինվորի դիմաց վիրավորվել է մոտ 3,5-ը։ Այս ցուցանիշում ներառված չեն նրանք, ովքեր կռվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական աշխարհազորայինների» կազմում։

ԱՄՆ-ի տվյալներով էլ՝ եթե միասին հաշվել զոհվածներին ու վիրավորներին, ապա Ուկրաինայում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 100 հազարը։

Ուկրաինայի Գլխավոր շտաբը Մոսկվայի կորուստները գնահատում է 93 հազար մարդ։ Իսկ ՌԴ Պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների մասին վերջին անգամ տեղեկացրել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով 5,937 մարդու մահվան մասին։

Հակասական են նաև Ուկրաինայի մարտական կորուստների մասին տեղեկությունները։ Կորուստների մասին վերջին անգամ պաշտոնապես հաղորդվել է դեկտեմբերի սկզբին։ Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների 9 ամիսների ընթացքում երկրի Զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 13 հազար։

Պոդոլյակի հայտարարությունը հետևել էր նոյեմբերի 30-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի տեսաուղերձում հնչած հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 100 հազար ուկրաինացի զինծառայող։ Ավելի ուշ այս տեսանյութը հեռացվեց Եվրահանձնաժողովի կայքից, իսկ մի քանի ժամ անց հրապարակվեց նոր տեսանյութ, որից արդեն հեռացված էր կորուստների մասին հատվածը։ Ավելի ուշ ԵՄ Խորհրդի խոսնակ Դանա Սփինանտը պարզաբանեց, որ «արտաքին աղբյուրներից օգտագործված գնահատականը պետք է վերաբերեր ընդհանուր կորուստներին, այսինքն՝ և՛ սպանվածներին, և՛ վիրավորներին, և պետք է ցույց տար Ռուսաստանի դաժանությունը»։

ՌԴ-ն Ուկրաինայի կորուստների մասին վերջին անգամ հայտնել է սեպտեմբերի վերջին։ Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն ժամանակ հայտարարեց, որ ուկրաինական կողմն ունի 61,207 սպանված և 49,368 վիրավոր զինվորական։ Հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները 7-10 անգամ ավելի շատ են, քան Ռուսաստանինը, իսկ վերջին շրջանում՝ 7-8 անգամ։

Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից և փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինային՝ աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերելով։

Նոյեմբերի վերջին Պետքարտուղարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այս տարվա փետրվարի վերջից Ուկրաինային մատակարարել է ավելի քան 88 հազար տոննա զենք և զինտեխնիկա՝ ընդհանուր 21,5 միլիարդ դոլարի չափով։

Մասնավորապես, Ուկրաինան ստացել է 236 միավոր հրետանային համակարգ, մատակարարվել է նաև 38 միավոր HIMARS բազմակի հրթիռային կայանք և 20 120 մմ ականանետ։ Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերը ստացել են ավելի քան 1 միլիոն հրետանային արկ, 108,5 հազար շարժական հրթիռային համակարգ՝ զրահապատ թիրախների դեմ պայքարի համար, 1,4 հազար շարժական զենիթահրթիռային համակարգ, 15 ուղղաթիռ, 46 ռադար, 10,2 հազար գնդացիր և ատրճանակ, ավելի քան 70 միլիոն փամփուշտ ավտոմատների ու հրացանների համար և 26 պարեկային նավ: Զենքի առաքման համար ծանր տրանսպորտային ինքնաթիռները՝ ինչպես ռազմական, այնպես էլ Պենտագոնի կողմից վարձակալված, կատարել են 878 թռիչք դեպի Եվրոպա: Ներգրավվել են նաև 48 նավ և 4,000 կցասայլեր։

Բայց սա էլ ամենը չէ․ 2023 թվականի իր ռազմական բյուջեում ԱՄՆ-ը նախատեսում է անվտանգության ոլորտում աջակցություն հատկացնել Ուկրաինային առնվազն 800 միլիոն դոլարի չափով:

Մինչ այդ, Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելուն։

2023 թվականին Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Եվրահանձնաժողովը հայտարարել էր նոյեմբերի սկզբին։ Դրանք 10 տարի արտոնյալ ժամկետով վարկեր են՝ երկրի հրատապ կարիքները ֆինանսավորելու և կարևոր ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Դեկտեմբերի սկզբին այս միջոցը հավանության էր արժանացել Եվրամիության խորհրդի կողմից։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են «անհապաղ ակտիվացնել Ուկրաինային մարդասիրական և քաղաքացիական պաշտպանության աջակցության տրամադրումը», ինչպես նաև «օգնել վերականգնել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները»:

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ոչ միայն սկսեցին գերժամանակակից ռազմական տեխնիկա և սպառազինություն մատակարարել Ուկրաինային ինքնապաշտպանության համար, այլև մի շարք նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Դրանք գումարվեցին այն պատժամիջոցներին, որոնք կիրառվել էին Ռուսաստանի դեմ 2014 թվականից ի վեր՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման և մինսկյան պայմանավորվածությունների չկատարման։

Փետրվարից ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9 փաթեթ է սահմանել, այդ թվում՝ նպատակային սահմանափակող միջոցներ, տնտեսական պատժամիջոցներ և դիվանագիտական ​​միջոցառումներ։ Այդ պատժամիջոցների արդյունքում ռուսական բանկերի զգալի մասն անջատվեց միջազգային Swift վճարային համակարգից՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են բազմաթիվ ռուսական ընկերություններ, կազմակերպություններ, գործարարներ ու քաղաքական գործիչներ։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը ԵՄ տարածք արգելված է, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է գործարքներ կնքել «սև ցուցակում» հայտնված ռուսաստանցիների և ռուսաստանյան ընկերությունների հետ։

Եվրամիությունն արգելել է նաև եվրոյի թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։ Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին, ռուսաստանյան խոշոր բանկերը փաստացի կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից։ Այդ երկրի ավիաընկերությունների համար արևմտյան երկրների մեծամասնության օդային տարածքնեերը փակ են, դրանք զրկված են ինքնաթիռներ և պահեստամասեր ձեռք բերելու հնարավորությունից։ Ծովով ռուսական նավթի արտահանման գնի վերին շեմ է սահմանված 60 դոլարը։

Տարբեր գնահատականներով՝ այս պահի դրությամբ կալանքի տակ է Ռուսաստանին պատկանող 300 միլիարդ դոլարի չափով գումար կամ Ռուսաստանի ոսկու և արժութային պահուստների կեսը։

Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի առնվազն 16%-ով, իսկ մինչև 2030 թվականը՝ 20%-ով։

Ռուսաստանն այժմ աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրն է՝ այդ «վարկանիշային աղյուսակում» առաջ անցնելով անգամ Հյուսիսային Կորեայից, Իրանից, Սիրիայից և Վենեսուելայից։

Մանրամասները՝ տեսանյութում։