Հակառակը մեկնաբանելով օրենքը․ ինչպես է Ալեն Սիմոնյանին հասանելի դարձել Զատուլինի՝ անցանկալիների բանկում ներառված լինելու հանգամանքը

Լուրեր

13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
Բոլորը

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը հոկտեմբերի 25-ին հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունից իր էլեկտրոնային փոստին ուղարկված նամակը, որից տեղեկացել է, որ իր մուտքը ՀՀ տարածք անցանկալի է։

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի», – Զատուլինին ուղարված նամակում գրել էր Սեյրանյանը։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկին Ազգային ժողովը հասանելիություն չունի, ուստի փորձել ենք պարզել, թե ինչպե՞ս է Զատուլինին անցանկալիների բանկում ներառելու հանգամանքը հասանելի դարձել ԱԺ ղեկավարությանը։

Այսպես՝ Օտարերկրացիների տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվողների բանկում ներառելու կանոնները սահմանվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ։

Տվյալների բանկը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, ԱԱԾ-ն, Արտաքին գործերի նախարարությունը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Տվյալների բանկից օգտվելու համար այս մարմինները գրավոր հարցումներ են ներկայացնում ԱԱԾ-ին, որը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի դրանց։

Ազգային անվտանգության ծառայություն, Տիգրան Սեյրանյանին և Ալեն Սիմոնյանին հարցումներ ենք ուղարկել՝ փորձելով պարզել՝ ի՞նչ ճանապարհով է Զատուլինի անունն անցանկալիների բանկում ներառելու հանգամանքը հասանելի դարձել ԱԺ-ին։

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայություն ուղարկված հարցմամբ` փորձել ենք պարզել, թե ԱԱԾ-ն Ազգային ժողովին տրամադրե՞լ է արդյոք տեղեկություն այն մասին, որ Կոնստանտին Զատուլինի տվյալները ներառվել է Հայաստանի
Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։

Բացասական պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել՝ պարզվե՞լ է արդյոք, թե ինչպե՞ս է այդ տվյալը հասանելի դարձել Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանին, որի հիման վրա վերջինս էլեկտրոնային նամակ է
ուղարկել Զատուլինին։

Ազգային անվտանգության ծառայությունից, հղում կատարելով «Օտարերկրացիների մասին» օրենքին «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմանը, նշել են, թե որ մարմիններն իրավունք ունեն օգտվելու ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալերի բանկից, որոնց մեջ, Ազգային ժողովը ներառված չէ։

«Հետևաբար Ազգային անվտանգության ծառայության կողմից Ձեր կողմից նշված անձի տվյալները ՀՀ Ազգային ժողովին չեն տրամադրվել, և դրա վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում այլ տեղեկություններ առկա չեն»,- գրել են ԱԱԾ-ից։

Այսինքն՝ ԱԺ-ին, որպես կառույց, ԱԱԾ-ն Զատուլինի` անցանկալի համարվելու վերաբերյալ պաշտոնապես որևէ տվյալ չի տրամադրել։ Մեր ճշտող հարցին՝ մինչև Զատուլինի նամակի հրապարակումը, որևէ պատգամավոր անհատապես նույնպե՞ս չի դիմել ԱԱԾ-ին՝ տվյալների բանկում Զատուլինի անունը ներառված լինելու հանգամանքը ճշտելու համար, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ մինչ այդ որևէ պատգամավոր իրենց այդ հարցով չի դիմել։

Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանին ուղարկված գրավոր հարցմամբ փորձել ենք պարզել, թե ինչպե՞ս է վերջինիս հասանելի դարձել, որ Կոնստանտին Զատուլինը ներառվել է Հայաստանի տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, եթե ԱԺ-ն օրենքով հասանելիություն չունի տվյալների բանկին։

Տիգրան Սեյրանյանն ի պատասխան հայտնել է, որ Կոնստանտին Զատուլինին նամակ ուղարկելով՝ ինքը պարզապես հանձնարարություն է կատարել։

«Ձեր կողմից 02․11․2022 թ․ ուղարկված հարցման վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․ նշված տեղեկատվության փոխանցման վերաբերյալ հանձնարարություն եմ ստացել ՀՀ ԱԺ ղեկավար կազմից, ինչը պատշաճ կերպով իրականացրել եմ»,- գրել է Տիգրան Սեյրանյանը։

Այս պատասխանից հետո գրավոր հարցում ենք ուղարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցնելով, թե արդյոք ի՞նքն է Սեյրանյանին հանձնարարել նամակ ուղարկել Զատուլինին, եթե այո, ապա ինչպե՞ս է Սիմոնյանին հասանելի դարձել, որ Զատուլինի անունը ներառվել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկում։

Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ի պատասխան հայտնել է, որ Տիգրան Սեյրանյանին հանձնարարություն տվողն Ալեն Սիմոնյանն է եղել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է Սիմոնյանին հասանելի դարձել այս տեղեկությունը, Խաչատրյանը նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։

«Այս իրավական նորմի վերլուծությունից բխում է, որ պատգամավորն, ի թիվս այլ իրավունքների, կարող է նաև ծանոթանալ պետական և ծառայողական գաղտիք պարունակող տեղեկությունների»,- գրել է Ծովինար Խաչատրյանը։

Մինչդեռ այս իրավական նորմի մեր վերլուծությունից ուղիղ հակառակն է բխում․

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պատգամավորը Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դրանք անհատական կամ անձնական նյութեր չեն, ինչպես նաև պետական գաղտիք համարվող այնպիսի տեղեկություններ չեն պարունակում, որոնք պատգամավորն իրավասու չէ իրազեկվելու։

Տվյալ դեպքում «Օտարերկրացիների մասին օրենքի» 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Նմանատիպ կարգ նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ։

Մասնավորապես՝ այս որոշման 6-րդ կետի համաձայն տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Այսինքն՝ տվյալ ոլորտը կարգավորող օրենքով և ենթաօրենդրական ակտով սպառիչ կերպով սահմանվում է, թե որ մարմինները կարող են հասանելիություն ունենալ տվյալների բանկին, և այս մարմինների մեջ Ազգային ժողովը ներառված չէ։։ Հետևաբար՝ կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանին պաշտոնապես չէր կարող հասանելի դառնալ այն տեղեկատվությունը, որ Կոնստանտին Զատուլինի անունը ներառվել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։

Ազգային ժողովից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ի՞նչպիսի իրավական վերլուծության են ենթարկել ԱԺ կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, որի հիման վրա պնդում են, որ Սիմոնյանն իրավունք ուներ ծանոթանալու պետական գաղտնիք համարվող այս տեղեկությանը, սակայն ԱԺ-ից պաշտոնապես հրաժարվեցին պատասխանել մեր այդ հարցին, ուստի՝ գրավոր հարցում ենք ուղարկել։

Վերանալով ԱԺ-ի մեկնաբանությունից առ այն, որ պատգամավորը հասանելիություն ունի պետական գաղտնիք համարվող տեղեկություններին, նշենք, որ տվյալների բանկը վարող Ազգային անվտանգության ծառայությունը անձանց տվյալները անցանկալիների բանկում ներառելու վերաբերյալ տեղեկությունները մերժում է՝ դա ոչ թե պետական կամ ծառայողական, այլ անձնական կյանքի գաղտնիք համարելով։

Մասնավորապես՝ ավելի վաղ մենք հարցում ենք ուղարկել ԱԱԾ և փորձել պարզել, թե արդյոք Կոնստանտին Զատուլինի անունը ներառված է ՀՀ տարածքում անցանկալի համարվող անձանց տվյալների բանկում, ինչին ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել են, որ հայցվող տեղեկությունը վերաբերում է Զատուլինի անձնական կյանքին, ուստի այն տրամադրել չեն կարող։

Արաքս Մամուլյան

Այս թեմայով կարդացեք նաև «Անցանկալիները․․․ ԱԱԾ-ն ում և ինչ հիմքով կարող է արգելել մուտքը ՀՀ» հոդվածը։