Պետությունների ջանքերը ցավալիորեն անբավարար են գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C սահմանափակելու համար․ ՀՀ-ում ՄԹ դեսպան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ն ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերի հետ զրուցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովի (COP27), այդ համատեքստում աշխարհի պետությունների ու կառավարությունների առջև ծառացած մարտահրավերների ու այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին

-Պարոն դեսպան, եգիպտական Շարմ էլ-Շեյխում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովը (COP27), որը կտևի մինչև նոյեմբերի 18-ը։ Ակնկալվում է, որ մասնակից երկրները գագաթնաժողովի ընթացքում կներկայացնեն ածխածնի արտանետումների նվազեցման թարմացված ծրագրեր, որոնք կհամապատասխանեն մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճան Ցելսիուսից ավելի բարձրացումից զերծ պահելու նպատակին: Այս համաժողովը հաջորդում է կլիմայի հետ կապված աղետներին և ջերմաստիճանի ռեկորդներին։ Ի՞նչ որոշում ակնկալել, Ձեր կարծիքով՝ կառավարությունները կկարողանա՞ն համաձայնեցնել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու քայլերը:

-Մոտ երեք տասնամյակ շարունակ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) համախմբում է աշխարհի գրեթե բոլոր երկրներին՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներին (COP)։ Անցյալ տարի Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում կայացած 26-րդ համաժողովի՝ COP26-ի ընթացքում երկրները համաձայնության եկան ճանապարհային քարտեզի շուրջ՝ սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C և կանխելու աղետալի գլոբալ տաքացումը: Մեկ տարի անց՝ այս օրերին, Եգիպտոսում ընթանում է COP27-ը, և հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ մենք բոլորս կատարենք մեր խոստումները:

Այժմ հարցն այն է՝ կարո՞ղ են պետությունները հավաքական կամք դրսևորել այդ խոստումներն իրականություն դարձնելու համար։ Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարությունը հավատում է, որ կարող ենք: Ինչպես COP27-ի ընթացքում ասել է ՄԹ վարչապետ Ռիշի Սունակը՝ հավատարիմ մնալով Գլազգոյում մեր ստանձնած պարտավորություններին՝ մենք կարող ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը վերածել նոր աշխատատեղերի ստեղծման և կանաչ աճ ապահովելու համաշխարհային առաքելության, և մեր երեխաներին կտակել ավելի կանաչ մոլորակ ու ավելի բարեկեցիկ ապագա:

Միացյալ Թագավորության կողմից Կլիմայի փոփոխության համաժողովի նախագահությունը Եգիպտոսին փոխանցելով՝ վարչապետ Սունակը կոչ արեց Շարմ էլ-Շեյխում հավաքված առաջնորդներին չշեղվել այն պարտավորություններից, որ ստանձնել են COP26-ի ընթացքում՝ ստորագրելով Գլազգոյի կլիմայական համաձայնագիրը:

Այս համաձայնագրով արձանագրվեց կլիմայական գործողությունների կարևորությունն ու հրատապությունը: COP27-ում նախարարների մեծ մասը համաձայնեց, որ 1,5°C ջերմաստիճանի սահմանաչափը «կարմիր գիծ» է, որը չի կարելի հատել։ Ես հուսով եմ, որ Համաժողովը կօգնի մեծացնել հավակնություններն ամբողջ աշխարհում:

-Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանը։ Նշել եք, որ համաժողովին մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել եք կլիմայի փոփոխության դիմագրավման մասին տեսակետներն ու հրատապ գործողությունների կարիքը։ Պարո՛ն դեսպան, որո՞նք են այդ քայլերը, խնդրի վերաբերյալ հրատապ գործողությունները։

-Շատ ուրախ էի հանդիպել նախագահ Խաչատուրյանի հետ մինչ իր մասնակցությունը Կլիմայի փոփոխության համաժողովին և նրան ու հայկական պատվիրակությանը մաղթել արդյունավետ մասնակցություն համաժողովին: Մենք ընդգծեցինք, որ կլիմայի փոփոխությունն էքզիստենցիալ մարտահրավեր է, որին դիմագրավելու համար անհրաժեշտ է միավորել բոլոր երկրների ուժերը։ Հաճելի էր լսել, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնահերթ մնալ։ Ես վերահաստատեցի Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման ջանքերին՝ հանուն անվտանգության, զարգացման և կայունության։

Հայաստանն իր ուրույն կարևոր դերն ունի այս գլոբալ նպատակներին հասնելու գործում։ Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արագացնելու արտանետումների նվազեցումը 40 տոկոսով՝ նախկինում ծրագրված 2050 թվականի փոխարեն նոր ժամկետ սահմանելով 2030 թվականը: Փաստաթուղթը նաև հավակնոտ հանձնառություններ է ներառում՝ մինչև 2030 թվականը մեծացնելու արևային էներգիայի մասնաբաժինը 17 անգամ՝ այն հասցնելով 15 տոկոսի, և ընդհանուր արտադրության մեջ զրոյական արտանետումներով էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնելու մինչև 54%: Կառավարությունը նաև անտառատնկման պարտավորություն է ստանձնել՝ նպատակադրվելով մինչև 2050 թվականն անտառածածկույթը կրկնապատկել՝ 11%-ից հասցնելով մինչև 22%-ի:

Կլիմայի փոփոխությանը դիմագրավման հավակնությունների հարցում Միացյալ Թագավորությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ: Մենք նպաստել ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջուկային կարգավորող մարմինների միջև ընդլայնված համագործակցությանը: Բացի այդ, աջակցել ենք տարբեր նախագծերի ու քննարկումների, որոնք առնչվել են կլիմայական գործողությունների տարբեր բաղադրիչներին, ինչպիսիք են կանաչ տնտեսությունը, կանաչ ֆինանսները և թափոնների կառավարումը: Մայիսին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Միացյալ Թագավորության Կլիմայի փոփոխության հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական ​​և հասարակական ոլորտների մի շարք ներկայացուցիչների հետ՝ է՛լ ավելի ամրապնդելու երկկողմ համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և խրախուսելու, որ Հայաստանը կյանքի կոչի իր հավակնոտ խոստումները։ Մենք կշարունակենք ընդլայնել մեր ներգրավվածությունն այս կարևոր հարցի շուրջ։

-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ, մեջբերեմ՝ «Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք՝ ոտքը արագացուցիչի վրա: Մեր մոլորակն արագորեն մոտենում է անկման կետերին, որոնք անշրջելի կդարձնեն կլիմայական քաոսը: Մեզ շտապ կլիմայական գործողություն է պետք»։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն, գործնական քայլեր տեսնու՞մ եք։

-ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության զեկույցում, որը ներկայացվել է COP27-ի ընթացքում, նշված է, որ աշխարհը շեղվել է ջերմաստիճանի բարձրացումը զսպելու՝ Փարիզի համաձայնագրում արձանագրված նպատակներին հասնելու ճանապարհից: Այն ցույց է տվել, որ պետությունների կառավարությունների կողմից ընթացիկ խոստումների իրականացման դեպքում մինչև 2030 թվականն արտանետումների ծավալը կբարձրանա 10,6%-ով, ինչը կհանգեցնի մինչև դարավերջ ջերմաստիճանի 2,5°C-ով բարձրացման:

Սա նշանակում է, որ թեև համաշխարհային ջանքերի շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումների կորը դեպի ներքև է թեքվում, այդուհանդերձ, այդ ջանքերը ցավալիորեն անբավարար են գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C սահմանափակելու համար: Ահա թե ինչու COP27-ը կոչ արեց ավելի հավակնոտ գործողություններ ձեռնարկել, որոնք կարագացնեն արտանետումների նվազեցումը, կխթանեն արդյունավետ գործողությունների իրականացումը և առանցքային դերակատարում ունեցող երկրները երաշխիքներ կապահովեն առ այն, որ անհապաղ միջոցներ կձեռնարկվեն՝ մեծացնելու հավակնություններն ու աշխարհը դնելու մինչև 1,5°C ջերմաստիճանի բարձրացման ուղու վրա:

Կլիմայի փոփոխության համաժողովի նախագահությունը Եգիպտոսին փոխանցելով՝ ՄԹ վարչապետ Ռիշի Սունակը մի շարք հայտարարություններ արեց մաքուր էներգիային անցնելու, կլիմայական գործողությունները ֆինանսավորելու և անտառներն ու բնությունը պահպանելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հատկապես կենտրոնացած է մասնավոր հատվածի հետ գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ՝ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում կանաչ նորարարություններն ու մաքուր էներգիային անցումը խթանելու նպատակով:

COP27-ի մասնակից երկրների նախարարները համատեղ կոչ արեցին մեծացնել կլիմայական գործողությունների հավակնություններն ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, բազմաթիվ զարգացող երկրների ներկայացուցիչներ ընդգծեցին աջակցության և կայուն ֆինանսական հոսքերի անհրաժեշտությունը: Հուսով ենք, որ իրավիճակի լրջության ըմբռնումը կդրդի պետություններին կլիմայական գործողություններ ձեռնարկել։

-Պարո՛ն Գալագեր, ո՞րն է Մեծ Բրիտանիայի կառավարության տեսլականն ու գործողությունների ռազմավարությունն այս ոլորտում խնդիրների լուծման համար։

-Մենք պետք է ավելի ընդլայնենք և արագացնենք անցումը վերականգնվող էներգիային, և Միացյալ Թագավորության կառավարությունը վճռական է երկիրը դիրքավորելու որպես համաշխարհային այս շարժման առաջամարտիկ և որպես մաքուր էներգիա կիրառող գերտերություն։

Միացյալ Թագավորությունը Մեծ յոթնյակի երկրներից ամենաարագն է ածխածնային արտանետումների կրճատման առումով, և մեր սպառվող էներգիայի 40 տոկոսը գոյանում է վերականգնվող՝ արևային և հողմային աղբյուրներից, ինչը չորս անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան մեկ տասնամյակ առաջ։

Միացյալ Թագավորությունը շարունակում է կյանքի կոչել ֆինանսավորման իր հիմնական հանձնառությունները՝ կլիմայական փոփոխության հակազդման միջազգային ջանքերին ուղղելով 11,6 միլիարդ ֆունտ սթեռլինգ։ Մեր կառավարությունը հանձն է առել եռապատկել կլիմայական հարմարվողականությանն ուղղված ֆինանսավորումը՝ 2019 թվականին նախատեսված 500 միլիոն ֆունտ սթեռլինգը հասցնելով 1․5 միլիարդի 2025 թվականին։

-Ինչպիսի՞ն պետք է լինի զարգացած երկրների օգնությունը զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի ընթացքում գերիշխող են զարգացող երկրների կոչերը հարուստ երկրներին՝ վճարելու իրենց արտանետումների պատճառած վնասի համար:

-Միացյալ Թագավորությունը գիտակցում է, որ ավելին պետք է անել՝ աջակցելու երկրներին՝ արձագանքելու, կանխելու և մեղմելու այդ կորուստներն ու վնասները։ Ջանքեր են պահանջվում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են ազդեցության մեղմումը, հարմարվողականությունը, աղետների ռիսկի նվազեցումը և կլիմայական ցնցումներին արձագանքի բարելավումը։

Ի աջակցություն վերոնշյալի՝ Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարեց հավելյալ 65,5 միլիոն ֆունտ սթեռլինգի ֆինանսավորում Մաքուր էներգիայի նորարարության գործիքի (Clean Energy Innovation Facility) համար, որը դրամաշնորհներ է տրամադրում զարգացող երկրների գիտնականներին և հետազոտողներին՝ մաքուր տեխնոլոգիաների մշակումն արագացնելու համար։

Կլիմայի փոփոխության այս համաժողովին Միացյալ Թագավորությունը նաև ազդարարեց «Անտառների և կլիմայի ոլորտում առաջնորդների համագործակցության» մեկնարկը և հաստատեց ավելի քան 150 միլիոն ֆունտ սթեռլինգի աջակցություն՝ պաշտպանելու խոնավ անտառներն ու բնական միջավայրերը, ներառյալ՝ Կոնգոյի ավազանը և Ամազոնը։

-Արդյո՞ք ՌԴ գործողություններն Ուկրաինայում ազդել են Կլիմայի փոփոխության դեմ պայքարի վրա՝ հաշվի առնելով սահմանված պատժամիջոցները, գազի գնի՝ մի քանի անգամ թանկացումն ու դրա հետևանքով ածխի օգտագործման վերսկսումը։

-Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցումների ենթարկեց էներգետիկ շուկաները, իսկ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների շահարկումն է՛լ ավելի ամրապնդեց հանածո վառելիքից մեր կախվածությունը դադարեցնելու կարևորությունը։

Միացյալ Թագավորությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ էներգիայի ավելի մատչելի, մաքուր և ապահով աղբյուրներին անցումն ընդլայնելու և արագացնելու նպատակով։ Կլիմայական ճգնաժամը լուծելու և էներգետիկ անվտանգության հիմքում վերականգնվող էներգիան դնելու միջոցով է միայն, որ մենք կկարողանանք ապահովել, որ սպառողներն ու տնտեսվարողներն ունենան կայուն և մատչելի վառելիք։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարելը ճիշտ է ոչ միայն բարոյական տեսանկյունից․ այն հիմնարար նշանակություն ունի ապագա բարեկեցության և անվտանգության համար։ Աշխարհի յուրաքանչյուր երկիր պետք է գործնական քայլեր ձեռնարկի՝ գալիք սերունդների համար ապահովելու մեր մոլորակի ապագան։ Մենք ակնկալում ենք շարունակել սերտ համագործակցությունը Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի համախոհ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանը, որպեսզի այս հավակնություններն իրականություն դառնան։

Թամարա Հակոբյան