Ոստիկանության անդրադարձը՝ Պեմզաշենում կատարվածի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։

«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։

«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։
Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։

Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։ Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։

Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։

Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:

Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։
Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։

Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։

Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։

«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։

32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։

32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Հ.Գ.-Պեմզաշենում Զարինե Մելիքսեթյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում: Դրական էին արտահայտվում նաև իրավապահների կատարած ծավալուն աշխատանքի մասին:

«Զառան հայ կնոջ օրինակելի կերպար էր։ Աշխատասեր, ընտանիքին նվիրված, լավ մայր… Էս դեպքից հետո կարծես ամբողջ գյուղը մշուշի մեջ լիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ էս առեղծվածային սպանությունը կարող է բացահայտվել։ Մեր ոստիկանությունը, քննչականը, քրեականը, ազգային անվտանգությունը, բոլորը… Իրենց շնորհիվ այս ամենը բացահայտվեց։ Հանցագործը ձերբակալվեց։ Մեր բնակչության խիղճը մի քիչ հանգստացավ»,-ասում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Մենք ականատես ենք եղել, թե ինչ դաժան ու ծանր աշխատանք տարան բոլոր տղաները՝ 24 ժամ շարունակ, ամբողջ այս օրերի ընթացքում, համագործակցված մեզ հետ։ Դպրոցը, ամբողջ կոլեկտիվով, միշտ կողքներին ենք եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր աշխատակիցներին, բոլորին։ Մեր համակարգը գործեց օպերատիվ, որ ստացանք այս արդյունքը»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։