191 մլն դրամ՝ հարկատուների գրպանից ամանորյա զարդարանքի համար․ արդարացված ծա՞խս, թե՞ կոռուպցիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի քաղաքային բյուջեից 191 մլն դրամ կհատկացվի ամանորյա լուսավորության մեծամասշտաբ նախագծի իրականացման համար, Factor․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են քաղաքապետարանից։ Գումարը կծախսվի մայրաքաղաքի տարբեր հատվածների ամանորյա զարդարանքի համար։

Մեծամասշտաբ նախագծի մասին Երևանի քաղաքապետարանը հայտնեց հոկտեմբերի 26-ին, երբ Հանրապետության հրապարակում արդեն սկսվել էին գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Դրանք այդքան վաղ սկսելու պատճառը դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն է։ Նախատեսված է, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում 16 երկրներից ժամանած երեխաները միասին կվառեն տոնածառի լույսերը։ Ինչ վերաբերում է լուսային մեծամասշտաբ նախագծին, քաղաքապետարանը չի մասնավորեցնում, թե ինչ է արվելու՝ նշելով, որ անակնկալ է սպասվում։

Քաղաքապետարանից հայտնել են, որ գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Ձևավորում» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Երևան համայնքն է։ Այդուհանդերձ, քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Քաղաքապետարանը մեկ անձից գնումը հիմնավորել է հետևյալ կերպ․

«Պայմանագրի կնքումն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով՝ գնում կատարելու արդյունքում հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 33-րդ կետի իրավակարգավորումը»։

Գնման ընթացակարգի այդ կետը սահմանում է մշակութային և (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման կանոնները։

Գնումն իրականացրած «Սինեմարտ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, տնօրենը Ռուբեն Շահինյանն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության նշված հեռախոսահամարը գոյություն չուներ, ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ անձնական հեռախոսահամարն էլ անհասանելի էր։ Factor TV-ի նկարահանող խումբն այցելեց պետռիգստրում նշված հասցեներ, սակայն մի դեպքում նշված հասցեում հյուրանոց էր, մյուս դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի բնակության հասցեում այլ անձինք էին բնակվում։

Ուշագրավ է, որ այս ընկերության վրա 2021 թվականին արգելանք է դրվել և պետբյուջեի օգտին բռնագանձվել է 130,000 ՀՀ դրամ։ Արգելանքը հանվել է քաղաքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրի ստորագրումից օրեր առաջ։ Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը «մեկ անձից գնման» ընթացակարգը խնդրահարույց է համարում․

«Ակնհայտ է, որ այլ մոտիվներ են գոյություն ունեցել»,- նշում է Քյուրումյանը։

Անցյալ տարի, օրինակ, մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և ձևավորման աշխատանքների համար ծախսվել էր շուրջ 15 մլն դրամ։ Քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Մոնթե կորպորեյշն» ՍՊԸ-ի հետ․ ընկերությունն ընտրվել էր մրցութային տարբերակով, իսկ «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել էր շուրջ 270 մլն դրամ, որին ավելացրել էին նաև 54 մլն դրամ՝ համայնքային բյուջեից։

Արտակ Քյուրումյանն ասում է՝ պետական գնումների շուրջ 40 տոկոսը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը ժողովրդավար պետություններին հարիր չէ։ Ըստ նրա՝ դա խոսում է բաց, թափանցիկ ու հաշվետվողական չլինելու մասին։ Փորձագետն այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

«Սա այլևս համակարգային բնույթ է կրում, և առանձին գործարքների քննարկումը, ըստ էության, անիմաստ է։ Կառավարությունը չի կարող վերահսկել բոլոր այդ գործարքները, և ակնհայտ է, որ դրանց մի մասի դեպքում կլինեն կոռուպցիոն երևույթներ»,- ընդգծում է Արտակ Քյուրումյանը։

Մեկ անձից՝ առանց մրցույթի, պետական կառույցները գնումներ կատարում են, երբ ժամանակային առումով սահմանափակում կա կամ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, ինչպես, օրինակ, էլեկտրաէներգիայի, բնական գազի կամ ջրի մատակարարման դեպքում։

Այն, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Երևանում, հայտնի էր դեռ ապրիլի 6-ից, երբ Հանրային հեռուստաընկերությունը, որպես մրցույթի կազմակերպիչ, պաշտոնապես հայտարարեց այդ մասին։ Ստացվում է՝ քաղաքային իշխանությունները գիտեին, որ այդ մրցույթով պայմանավորված՝ ամանորյա պատրաստությունները սկսվելու են սովորականից ավելի վաղ, և Երևանի քաղաքապետարանն ուներ կես տարուց ավելի ժամանակ՝ մրցույթ հայտարարելու և բաց ու թափանցիկ գնում կազմակերպելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան