Հորինված մեղադրանքների քողի տակ թաքցնում եք նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը. Մարուքյանը՝ Ադրբեջանի պաշտոնակցին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Փերվին Հայամօղլու Միրզազադեի հոդվածին, որում վերջինս անդրադարձել էր Մարուքյանին և նրա՝ թվիթերում կատարած մի շարք գրառումներին:

Իր պատասխանում Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ճանապարհը կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինծառայողներին դուրս բերելն է, բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելն է, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան դելիմիտացիա իրականացնելն է, կողմերի սուվերենության հիմքի վրա կոմունիկացիաների բացումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատության երաշխավորումն է:

«Միևնույն ժամանակ խաղաղության ճանապարհ չեն կարող լինել սպառնալիքներն ու բռնությունը: Չնայած Ձեր ողջ հոդվածում կարմիր գծով անցնում են հենց հայ ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքները, ինչը հատկապես ընդգծված է «գրավիչ» վերնագրով: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Սոչիի եռակողմ հայտարարությունը, որի շրջանակներում պայմանավորվել է զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից: Խորապես հիասթափված եմ, որ արդեն այսօր Ձեր հայտարարությունները դուրս են եկել պայմանավորվածությունների շրջանակից, որոնց հասել է Ձեր իսկ կառավարությունը: Նաև ցավում եմ, որ, չնայած արտաքին գործերի նախարարությունում 33 տարվա աշխատանքին, Դուք հակված եք իրար հակասող եզրահանգումների: Մի կողմից Դուք խոսում եք տարիքով ավագների հանդեպ հարգանքի մասին, ինչն ընդունված է Կովկասում, իսկ մյուս կողմից Ձեզ հանգիստ իրավունք եք վերապահում անցնել անձնական վիրավորանքների: Ինչպես ասել է դասականը՝ «եթե ուզում եք հարգանք՝ մի սկսեք վիրավորանքներից»: Սուտը, որը երբեմն դուրս է ցանկացած երևակայության սահմաններից, հաճախ կիրառվող գործիքներից մեկն է, որն օգտագործում եք Ձեր դատողություններում: Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ Դուք թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը: Նույն այդ քողի տակ Դուք փորձում եք թաքցնել Սումգայիթում և Բաքվում տասնյակ հազարավոր հայերի ջարդերը, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով, թալանով և հրկիզումներով: Դուք փորձում եք նաև մոռացության մատնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մշտական բռնությունը, ինչպես դա եղավ հակամարտության էսկալացիաների ընթացքում գրանցված ագրեսիաների ընթացքում՝ 2016 թվականին և 2020 թվականին: Դուք փորձում եք միջազգային իրավունքի մասին բառերի տակ թաքցնել խաղաղ մարդկանց սպանությունները, ռազմագերիներին պահելն ու գնդակահարելը, զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների դիակները ծաղրելը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը, մշակութային և պատմական ժառանգության յուրացումն ու պղծումը: Երևում է՝ հենց այդպիսի մթնոլորտում են զարգացել պատմությունը խեղաթյուրելու և ամբողջությամբ վերաշարադրելու Ձեր մշտական փորձերը՝ հայկական քաղաքներն ու տարածքները յուրացնելու հատուկ ուղղվածությամբ:

Ընդգծեմ նաև Ձեր հոդվածի ամբողջական դիսոնանսը, երբ դատողություններ եք անում «սուվերենություն» հասկացության մասին: Մի կողմից Ձեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ ճանաչված ու պարզ են, երբ խոսք է գնում Արցախի ժողովրդի իրավունքների մասին, մյուս կողմից այդ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, երբ խոսք է գնում Հայաստանի սուվերեն տարածքների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին: Միթե՞ այդպես լինում է»,- ասված է Մարուքյանի պատասխան նամակում:

Էդմոն Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա սահման, որոնք, ինչպես բազմիցս հաստատվել է, պետք է դելիմիտացվեն և դեմարկացվեն 1991 Ալմա-Աթայի հռչակագրին և արձանագրություններին համապատասխան: Նա հիշեցրել է, որ սահմանների դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովը ակտիվ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Էդմոն Մարուքյանն ակնհայտ է համարում, որ այդ հարցը երբեք էլ տարածքային վեճի բնույթ չի ունեցել:

«Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ խաղաղության ճանապարհը բարդ է, սակայն այդ ճանապարհը կա: Ատելությունը, բռնությունը, սուտը և սպառնալիքները հակադրվում են խաղաղությանը, կյանքին, ճշմարտությանը և պայծառ ապագային: Հայ ժողովուրդը հազարամյակներով տարել է խաղաղապահության և արդարության խաչը և այսօր չի պատրաստվում հրաժարվել իր ճանապարհից: Ես հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, եթե կա բոլոր պայմանավորվածությունները իրագործելու և խաղաղության պայմանագիր կնքելու հստակ քաղաքական կամք: Կարող եմ վստահորեն փաստել, որ հայկական կողմն ունի մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և խաղաղության պայմանագիր կնքելու ամուր քաղաքական կամք: Տեսնենք՝ Ադրբեջանն ունի այդ քաղաքական կամքը»,- եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը: