Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց իրավունքներին. ՄԻՊ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաև ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:

Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի և ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը և դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ Ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաև այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով:

Կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ Պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված Ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու և իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաև քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական արժեքներ են, որոնք ապահովող բարձրագույն մարմինը դատարանն է: Դատական որոշման հիման վրա ազատությունից զրկված անձի տեղափոխումը դատարան նպատակ է հետապնդում երաշխավորել այդ անձի մասնակցությունը դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստի: Ոստիկանության կողմից այս պարտականության կատարումն այդ անձի նշված իրավունքների իրացման անհրաժեշտ պայման է: Ոստիկանությունն իր այդ պարտականությունը պետք է կատարի՝ գործելով այդ նպատակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին խիստ համապատասխան:

Ազատությունից զրկված անձին դատարան չտեղափոխելը նրա անվտանգության ապահովման նկատառումով յուրաքանչյուր դեպքում պետք է  հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնի որոշման կատարմանը և անձի սահմանադրական իրավունքներին: Միշտ պետք է նկատի ունենալ, որ Ոստիկանության կողմից այդ պարտականության չկատարման ռիսկն անձի գտնվելն է անազատության մեջ առանց դատական պատշաճ ստուգման և դատավարության կոնկրետ փուլում արդար դատաքննության հնարավորությունից նրա զրկվելը: Այլ կերպ՝ ազատությունից զրկված անձի անվտանգության շահի հակակշռումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի այն աստիճանի հիմնավոր, որ հնարավոր լինի հաղթահարել անձնական ազատության ու արդար դատաքննության իրավունքների երաշխավորման բարձր շահը և իրավապահ մարմնի կողմից դատարանի որոշման պահանջի չկատարումը:

Մարդու իրավունքների պաշտպանը, առաջնորդվելով նշված սկզբունքներով, կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված մյուս անձանց Ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը և այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի:

Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների իրականացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն: