Դատավոր Բորիս Բախշիյանի գործի տապալումը․ «չստացված» մի դատավարության պատմություն

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Իրավապահ մարմիններն այդպես էլ հաջողության չեն հասնում այն քրեական գործերով, որոնցում շոշափվում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի անունները․ Բախշիյանն մոտ 1 ամիս առաջ արդարացվեց, իսկ  Փարամազյանի դեմ տված  ցուցմունքից հրաժարվելուն հարկադրելու առթիվ հարուցված գործի քննությունից շուրջ 10 ամիս անց մեղադրյալ չկա։

Այս երկու քրեական գործերը հարուցվել են դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած որոշումից հետո, որով Մանվել Փարամազյանի հետ ամբաստանյալի աթոռին հայտնված ու նրա դեմ ցուցմունք տված անձը՝ Նվեր Մկրտչյանը կալանավորվել է։

Բախշիյանը կալանավորել, ապա ազատ է արձակել  Նվեր Մկրտչյանին

Մանվել Փարամազյանի, Նվեր Մկրտչյանի և մյուսների գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2021 թվականի հոկտեմբերին, մակագրվել դատավոր Բորիս Բախշիյանին։ Ըստ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս, լինելով պաշտոնատար անձ, Արմեն Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65․403․333 դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Նույն դրվագով Նվեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Արմեն Անդրեասյանին և դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաև Մանվել  Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Մանվել Փարամազյանն այս գործով գտնվել է կալանքի տակ, իսկ Նվեր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նիստերը տեղի են ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում։ Հերթական դատական նիստերից մեկին, երբ ԱԱԾ մեկուսարանում պահվող  Փարամազյանը Երևանից տարվել է Սյունիք, ու գործում ներգրավված պաշտպանները ևս Երևանից գնացել են դատարան, Մկրտչյանի պաշտպանը դատարանին հայտնել է, թե  անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով  նիստին ներկայանալ չի կարող։ Նվեր Մկրտչյանը նույնպես նիստին չի ներկայացել, դատարան գրություն  է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։

Նիստին ներկայանալը ամբաստանյալի պարտականությունն է, և դատավոր  Բորիս  Բախշիյանը (այժմ լիազորությունները կասեցված են նրա նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով) որոշել է Նվեր Մկրտչյանի խափանման միջոցը փոխել ավելի խիստ միջոցով և կալանավորել։ Հետո Մկրտչյանն արգելանքի է վերցվել։ Երկու շաբաթ անց նշանակված դատական նիստին Մկրտչյանը կալանավայրից ներկայացվել է դատարան, որտեղ հայտնել է, որ նախորդ դատական նիստին  իր պաշտպանի հորդորով չի ներկայացել։

Այդ օրը դատարանը քննության առարկա է դարձրել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու հարցը՝ մինչ այդ հարցաքննելով Նվեր Մկրտչյանին։

Մանվել Փարամազյանի կալանավորման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, առկա է նրա վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ։ Փարամազյանի պաշտպանները դատարանին միջնորդել են փոխել ապացույցների հաջորդականությունը, և Նվեր Մկրտչյանին հարցաքննել ոչ թե դատաքննության ավարտին, այլ այդ նիստի ընթացքում՝ այդպիսով չեզոքացնելով Փարամազյանի կողմից Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Մկրտչյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ։ Նշենք, որ դատական քննության ցանկացած փուլում ամբաստանյալն իրավունք ունի ցուցմունք տալու։

Նվեր Մկրտչյանի ցուցմունքից հետո արդեն պաշտպանական կողմը միջնորդել է Փարամազյանին ազատ արձակել, և դատավոր Բախշիյանը որոշել է նրան 70 մլն դրամ գրավով ազատել։ Նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ պարզաբանումը լսելուց հետո դատավոր Բախշիյանը որոշել է կալանքից ազատ արձակել նաև Նվեր Մկրտչյանին։

Նվեր Մկրտչյանին կալանավորելու համար Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է սկսվել

Երբ Նվեր Մկրտչյանն արդեն ազատության մեջ է եղել, դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ նրան կալանավորելու որոշման համար։ Սա այն դեպքում, երբ Դատախազությունը չի բողոքարկել Մկրտչյանին կալանավորելու որոշումը, և Նվեր Մկրտչյանը նույնպես բողոք չի ունեցել։

Նշենք, որ թեև կալանավորվելուց հետո Նվեր Մկրտչյանը Վերաքննիչ դատարանում  բողոքարկել է Բորիս Բախշիյանի որոշումը՝  ազատ արձակվելուց հետո բողոքը հետ է վերցրել։ Ինչ վերաբերում է Դատախազությանը, թեև գործով դատախազը դեմ է եղել Մկրտչյանին կալանավորելու որոշմանը՝ վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ այն ակնկալիքով, որ օրենքով Նվեր Մկրտչյանի բողոքի քննությանը դատախազը պարտավոր է ներկայանալ, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի։ Դատախազի ակնկալիքը, սակայն, չի արդարացել, քանի որ Նվեր Մկրտչյանը հետ է վերցրել  իր բողոքը։

Փաստորեն, ստեղծվել է անսովոր մի իրավիճակ․ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կայացրած մի դատական ակտի համար, որի օրինականությունը չի վիճարկվել։

Բախշիյանի վարույթում այս շրջանում մի շարք քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր կային, որոնցից մեկը հենց Փարամազյանի գործն էր։ Այս դատավորի վարույթում էին գտնվում նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի գործերը։ Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը բուռն արձագանք  էր գտել։ Երբ նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, դատարանի շենքի բակում նրան աջակցելու նպատակով հավաքվել էին մեծ թվով դատավորներ, փաստաբաններ, պատգամավորներ և հանրային գործիչներ, որոնցից ոմանք հրապարակային դիրքորոշում էին հայտնում, պնդելով՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով։ Ի վերջո, 2022-ի փետրվարի 7-ին Բախշիյանը կալանավորվեց։

Դատավոր Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։

Նույն  հոդվածի 2-րդ մասը  սահմանվում է հետևյալ կերպ՝  «ակնհայտ ապօրինի կալանավորելը», այսինքն՝ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի միջև տարբերությունն այն է, որ արարքը Քրեական օրենսգրքի 2-րդ մասով որակելու դեպքում առաջացած  չպետք է լինի դրա անզգույշ ծանր հետևանք, իսկ 3-րդ մասով որակելու համար պետք է այդպիսի հետևանք առաջացած լինի։ Այս շրջանում ի թիվս իրավական այլ հարցերի քննարկման առարկա էր դարձել նաև այն հանգամանքը՝ որ եթե անգամ Դատախազությունը համարում է, թե դատավորը Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի է կալանավորել, ապա  ինչո՞ւ է որոշվել դատավորին ավելի ծանր՝ Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3, այլ ոչ թե 2-րդ մասով  մեղադրանք առաջադրել։

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ընթացքում բացատրել է, թե ինչու է Բախշիյանին Քրեական օրենսագրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք առաջադրվել, այլ ոչ թե 2-րդ մասով։ Բաղդասարյանը նշել է, որ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց հետո կալանավայրում նրա նկատմամբ հարկադրանք  է եղել, որպեսզի ցուցմունք տալուց հրաժարվի։ Այս դրվագով ևս քրեական գործ է հարուցվել։

Լրագրողների դիտարկմանը, թե ստացվում է՝ դատարանը որոշել է անձին կալանավորել, կալանավայրում չեն ապահովել այնպիսի պայմաններ, որ բացառվի այնտեղ հայտնված անձի նկատմամբ հարկադրանքը, բայց այժմ այդ պայմանները չապահովելու հետևանքը վերագրվում էԲորիս Բախշիյանին ու ծանրացնում նրա մեղադրանքը, Գևորգ Բաղդասարյանը պատասխանել է, որ լրագրողների հետ մեղքի հարցեր չի քննարկելու, որ իրեն տրվում են հարցեր, որոնց ինքը կարող է անդրադառնալ մեղադրական ճառ ասելիս, այլ ոչ թե նախաքննության տվյալ փուլում։

Իսկ մեղադրական ճառում այս հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չի եղել։ Կալանավորվելուց երեք ամիս անց Բորիս Բախշիյանն ազատ է արձակվել կալանքից, ապա նրա մեղադրանքը  փոխվել է մեղմի․ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը՝ առանց ծանր հետևանքի։

Հենց այս հոդվածով էլ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ  սեպտեմբերի 27-ին Բորիս Բախշիյանն արդարացվել է։

Ի՞նչ ընթացք է ստացել Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ճնշում գործադրելու հոդվածով գործը

Դատախազության ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ ընթացք է ստացել Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ենթադրյալ ճնշում գործադրելու գործը։ Դատախազությունից հայտում են, որ այս գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Բորիս Բախշիյանի գործով դատական նիստերի ընթացքում ևս բարձրացվել է հարցը, թե ի՞նչ ընթացք է ստացել Նվեր Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ հարկադրանքի գործը։ Ինչպես պարզվել է, այն կասեցված է եղել։ Քրեական դատավարության նախկին օրենսգիրքը, որը ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին, քրեական գործի կասեցման մի քանի հիմք է նախատեսում, որոնցից մեկն այն դեպքն է, երբ հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Հաշի առնելով, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա՝ կարելի է եզրակացնել, որ գործը հենց այդ հիմքով էլ կասեցված է եղել։

2022 թվականի հուլիսի 1-ից ՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց  հետո, կասեցված քրեական բոլոր գործերը ենթակա են վերսկսման։ Նկատի ունենալով, որ այժմ այս գործի նախաքննությունը շարունակվում է, կարելի է եզրահանգել, որ կասեցված վարույթը վերսկսվել է հուլիսի 1-ից հետո։

Դատախազությունից խնդրել ենք նաև հայտնել, թե արդյո՞ք դատավոր Բորիս  Բախշիյանը հարցաքննվել է Նվեր Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ հարկադրանք կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջականերում, ինչին ի պատասխան Դատախազությունից հայտնել են, որ դա հանդիսանում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալ։ Այնուամենայիվ, դատավոր Բորիս Բախշիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ դրվագի վերաբերյալ ինքը չի հարցաքննվել։

Նշենք, որ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդեն կողմերին տրամադրել է Բորիս Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ իր որոշումը։ Դեռևս հայտնի չէ՝ Դատախազությունն այն կբողոքարկի, թե ոչ։

Այսպիսով՝  ամփոփելով մեծ աղմուկ բարձրացրած այս գործի հանգամանքները՝ կարող ենք պնդել, որ գործը տապալվել է․ Բորիս Բախշիյանի ծանր մեղադրանքը փոխվել է մեղմի, ապա մեղմ հոդվածով մեղադրանքը նույնպես չի հաստատվել,  վերջինս արդարացվել է, իսկ կալանավայրում  Մկրտչյանի նկատմամբ  ճնշում գործադրելու գործում, որն անուղղակիորեն կապվում էր Բորիս Բախշիյանի հետ,  շուրջ 10 ամիս քննությունից հետո  մեղադրյալ չկա։

 

Արաքս Մամուլյան