Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան Ադրբեջանը. Միրզոյան

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի խոսքի սղագրությունը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Միրզոյանն ասուլիսի ընթացքում նաև պատասխանել է լրագրողների հարցերին․

«Հարգարժա՛ն պարոն նախարար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ Երևանում ողջունել իմ գործընկեր և լավ բարեկամ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:

Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու և մեր երկիր այցելելու համար: Թեև վերջին շրջանում առիթներ ունեցել ենք տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներ ունենալու և հեռախոսազրույցներով շփվելու համար, բայց պետք է նշեմ, որ մեր երկրների մայրաքաղաքներում մեր հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն:

Այսօր իմ բարեկամ պարոն Աբդոլլահիանի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և եղբայրության, այլև մեր ընդհանուր պետական բնական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում։

Մեր քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն էր։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների հետ կապված մանրամասները:

Բնականաբար անդրադարձել եմ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին: Վերահաստատել եմ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զորհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը:

Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։

Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը:

Հարգելի՛ ներկաներ,

Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: Մտքեր ենք փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:

Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը, և այս առումով, իհարկե, պետք է ընդգծել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ:

Ուրախ եմ, որ նախարար Աբդոլլահիանի այս այցը կնշանավորվի նաև մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ, որին գործընկերոջս հետ միասին կմասնակցենք վաղը: Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է, որը վկայում է մեր երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին: Վստահ եմ նաև, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և գիտամշակութային ոլորտների զարգացման գործում:

Հարգելի՛ պարոն Աբդոլլահիան,

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել՝ մեր երկրների համար մարտահրավերներով լի և կարևոր այս ժամանակահատվածում Երևանում գտնվելու համար։ Այսքանով կավարտեմ խոսքս և սիրով այն կփոխանցեմ Ձեզ։

***
Հարց. Հարգարժան պարոն նախարար, վերջերս Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային տարաձայնությունների լուծման համար համաձայնություններ են ձեռք բերվել: Կցանկանայի տեղեկանալ այն մեխանիզմների վերաբերյալ, որ այս խնդրի լուծման ուղղությամբ քննարկվել են:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Այո, ինչպես նշեցիք այդ հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել: Եվ սա ամենևին էլ խաղաղության ջանքերի շրջանակներում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են` տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով:

Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների:

Հարց. Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար, նաև ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին այս ծրագրում ներգրավելու ուղղությամբ:

Արարատ Միրզոյան. Ավելացնելով հարգարժան պարոն նախարարի խոսքերին, ուզում եմ ասել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով, և մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին արդեն համաձայնություն, բանակցություններն ընթանում են նաև այլ երկրների հետ։ Եվ նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացքում:

Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի, այդ թվում Հնդկաստանի համար, և մենք կկարողանանք հասնել այս գաղափարի կենսագործմանը:

Բայց ես ներողություն եմ խնդրում և ուզում եմ շարունակել պատասխանել նաև նախորդ հարցին: Նորից շարունակելով բանակցությունների թեման ես ուզում եմ ասել, որ ներկայացրեցի հայկական կողմի կառուցողականությունը և նշեցի, որ ցավոք սրտի մենք Ադրբեջանի կողմից միայն առերեսվում ենք առավելապաշտական մոտեցումների, բայց նաև մի հանգամանք կա, որը կարծում եմ խաղաղություն կառուցելիս կողմերի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել, առնվազն մեկ կողմի, դա հետևյալն է. երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ կամ իրականության մեջ, գետնի վրա, ինչպես ասում են, այդ ուժը գործադրվում է, և ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա կարծում եմ աշխարհում, թերևս բոլորը կհամաձայնեն, անկեղծ բանակցությունների լավագույն ձևը չի և խաղաղության լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղությանը հասնելու ձգտման: Շնորհակալ եմ:

Հարց. Հարցս վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապող միջանցքի կառուցմանը: Կուզենայի Ձեր տեսակետը լսել այդ կապակցությամբ:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Կարծում եմ, այնուամենայնիվ, հարցի ձևակերպման մեջ որոշակի սխալ կար:

Անշուշտ, 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայատարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան հաջորդած ու փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը: Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքսում նաև ընդգծվում են այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար:

Անշուշտ, ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով. որ անցնում են, այդ թվում և Ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանի հիմնական մասից հասնել Նախիջևան կամ, ընդհանրապես, երրորդ երկրների քաղաքացիները և բեռներն այս ուղին օգտագործելով` անցնեն իրենց ճանապարհը:

Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումը և այլն: Չեմ ցանկանում այս պահին շատ մանրամասների մեջ մտնել…

Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող:

Հարց. Հարցս ուղղում եմ հարգարժան պարոն Միրզոյանին: Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ կուզենայի իմանալ ի՞նչ առաջընթաց կա այդ կապակցությամբ՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և նաև վերջին իրենց բանակցությունների ընթացքում իրենց հայտարարությունը Ադրբեջանին աջակցելու կապակցությամբ: Ուզում էի իմանալ ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ կան:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես տարածաշրջանային աշխարհաքաղաքական պատկերի համար նաև այս հարցն է կարևոր:

Գիտեք, որ երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել և առարկայական քննարկումներ են ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև փակ սահմանը՝ Թուրքիայի կողմից փակված սահմանը, բացելու ուղղությամբ: Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում ես Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաև Պրահայում, որի մասին քիչ առաջ խոսում էինք, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

Պետք է ասեմ, որ գործընթացը համարում եմ դրական, և իսկապես ուղենիշը հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ և, հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:

Կրկին ուզում եմ ասել, որ երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան օրինակ՝ Ադրբեջանը: Կրկնում եմ, Թուրքիայի ավելի կառուցողական դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա գործընթացում, հակառակը, իր դրական ազդեցությունը կթողեր Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա»: