Ինչի՞ է նախապատրաստում Փաշինյանն Արցախի մասին վերջին հայտարարություններով. սուր արձագանքներ` Հայաստանից և Արցախից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.04.2022 | 22:00Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ Ազգային ժողովում հայտարարություններ է անում Արցախի կարգավիճակի հարցում զիջումներ անելու վերաբերյալ, որոնք քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից բուռն քննարկումների առիթ են դարձել: Նիկոլ Փաշինյանն առանց մասնավորեցնելու հայտարարում է, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է այս հարցով փոփոխություններ կատարել: Կրկին հղում անելով միջազգային հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ եթե այս պահանջները չկատարի, ապա կվտանգվի Հայաստանի անվտանգությունը:
Թե կարգավիճակի հարցում դիրքորոշման ինչ փոփոխություն են պահանջում Երևանից, Փաշինյանը չէր մասնավորեցրել: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշում է՝ խոսքն Արցախից հրաժարվելու մասին է:
Նիկոլ Փաշինյանն իր ծավալուն ելույթների ընթացքում կարմիր թելի նման անցկացրեց այն միտքը, որ այժմ օրակարգում Արցախի կարգավիճակի հարց չկա և քննարկվում են արցախահայության անվտանգության և իրավունքների պահպանման խնդիրները:
Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքների պահպանումը քննարկվի Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ ունեցող Արցախում: Քաղաքագետը նշում է՝ այս սցենարի դեպքում Արցախը միանշանակ հայաթափվելու է:
Նիկոլ Փաշինյանը, այնուհանդերձ, այսօր փորձեր արեց համոզել, որ այն, ինչ անում է ինքը, Արցախը չհանձնելու մասին է: Իսկ մինչ Փաշինյանը փորձում է վստահեցնել, որ Արցախը չեն հանձնում, նրա թիմից ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խարատրյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ ճիշտ չէ ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի:
ՔՊ-ական Լենա Նազարյանն էլ հավաստիացնում է՝ քաղաքացիներն իրենց խնդրում են Արցախի հարցը լուծել և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ՔՊ-ականների ելույթները համեմատելով խորհրդային պաշտոնյաների ելույթների հետ՝ դրանք մանիպուլյատիվ է համարում:
Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը Փաշինյանի հայտարարությունները մտահոգիչ համարելով՝ կարծում է, որ նրան կանգնեցնել է պետք:
«Միջազգային հանրության հետ տասնամյակներ շարունակ վատ աշխատելով, Ռուսաստանի կցորդը լինելով՝ վերջում ասել, թե միջազգային հանրությունը մեր օգտին չի դիրքավորված, ներողություն, բայց տկարության մասին խոստովանություն։ Խորհուրդս Փաշինյանին. հրապարակային խոստովանությունների շարք սկսեք, ասեք, թե Ռուսաստանի կողմից ի՞նչ ճզմիչի տակ եք եղել, պատերազմից առաջ և հետո, ի՞նչ են պարտադրել, նախկին իշխանությունների պայմանավորվածությունները գաղտնազերծեք ու հրաժարական տվեք. այդ աթոռը պետության համար պայքարողի աթոռն է։ Հայրենակիցնե՛ր, պատրաստվե՛ք ինքնապաշտպանության, մենք գոյության կռիվ ունենք տալու»,- գրել է Սանասարյանը։
Փաշինյանի իշխանությանը հեռացնելու կոչով է այսօր հանդես եկել նաև Ազգային ժողովրդավարական բևեռը, որի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի վարչակազմի ու նրան կից ԱԺ-ի, փորձում է արագացված տեմպով ու կարճ ժամկետում ապահովել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին հանձնելու գործընթացը, որը հաջորդ փուլում կապահովի նաև մնացած Հայաստանի ինքնիշխանության սահուն հանձնումը ռուս-թուրքական տանդեմի ողորմածությանը։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում հավանական պարտությունն էապես արագացնում է Ռուսաստանի թուլացումը և, զուգահեռաբար՝ Արևմուտքը ռազմավարական զսպման միջոցով կարճացնում է Թուրքիայի լծակները, ինչի հետևանքով Ռուսաստանը և Թուրքիան կորցնում են Հարավային Կովկասում ունեցած իրենց ազդեցությունը, մինչդեռ Արևմուտքն այդ համատեքստում վստահորեն վերադառնում է մեր տարածաշրջան։ Երեկ՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի ակնհայտ անհիմն ու հուսահատեցնող ստահոդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ամեն ինչ անելու է մինչ տարածաշրջանում Արևմուտքի հաստատումը վերը նշված գործընթացն անդառնալիության կետին հասցնելու և հայ ժողովրդին ու Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելու համար»։
Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն Արցախի կարգավիճակից հրաժարվելու մասին այսօր էլ Աժ-ում ունեցած ծավալուն ելույթում չհստակեցրեց՝ ի՞նչ ասել է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Վարչապետի թիմակից Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ նշաձողի իջեցումը զիջումներ է ենթադրում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը նշում է՝ Հայաստանի առաջ նշաձողի պահանջ, հնարավոր է, դրել է նաև Թուրքիան:
Ստեփանակերտից արձագանքելով Փաշինյանի՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններից, նշում են՝ թեև հավանական չէ, բայց Արցախը պատկերացնում են Հայաստանի կամ Ռուսաստանի կազմում:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այս երկու օրերին տեղի ունեցած քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, պաշտոնապես չի նշվում, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին: Վարչապետը և իշխող ուժի անդամները հայտարարում են, որ Ղարաբաղը չեն հանձնելու, իսկ ահա ընդդիմադիր ուժերից փորձագիտական շրջանակները պնդում են՝ Փաշինյանի հայտարարություններն Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Գլխավոր լուսանկարում` Նիկոլ Փաշինյանն Արցախում, 09.05.2019, Ստեփանակերտ