3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի կապիտալ ներդրումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատություններում
Հասարակություն
17.02.2022 | 16:36Կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ՝ կրթական, մշակութային և մարզական մի շարք հաստատություններում կապիտալ շինարարության աշխատանքների` կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նախագծային աշխատանքների իրականացման, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նպատակով 3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախատեսվում է իրականացնել միջին մասնագիտական ուսումնական 4 հաստատությունների շենքային պայմանների բարելավում, մոդուլային մանկապարտեզի 10 շենքերի կառուցում, մոդուլային 12 մանկապարտեզի նախագծում, մոդուլային դպրոցի 21 շենքի կառուցում, մոդուլային դպրոցի 10 շենքի նախագծում, 2 դպրոցում նոր մասնաշենքերի կառուցում, 17 հանրակրթական դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում, ևս 5 դպրոցում` մարզադահլիճների վերակառուցում, 2 մարզադպրոցի կառուցում: Հատկացման շրջանակում միջոցներ կտրամադրվեն նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի հիմնանորոգման համար:
Նախարարության ընթացիկ ծրագրերի հատկացումներից շուրջ 80 մլն 362.3 հազար դրամ գումար կհատկացվի Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները շարունակելու և ավարտելու համար: Միջոցներ կհատկացվեն նաև 4 հուշարձանների վերականգնման աշխատանքների և 4 հուշարձանների վերականգնման նախագծերի իրականացման համար:
Կարևորելով նախատեսվող աշխատանքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք՝ որպես առաջնահերթություն, բխում են ՀՀ կառավարության ծրագրից, որով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում կամ վերակառուցում: Այդ նպատակով Կառավարությունը նախկինում ևս կատարել է մի շարք հատկացումներ, այժմ իրականացվում է հերթական հատկացումը` կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ, որպեսզի ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ավարտին հասցվեն, ինչպես նաև կրթական-մշակութային ոլորտում նոր կապիտալ ներդրումներ ապահովվեն: Վարչապետը նաև նշել է, որ աշխատանքներն ընդգրկում են հանրապետության ողջ տարածքը. ծրագրեր են նախատեսված բոլոր մարզերում: