Բաքվի «կրեատիվության» դրսևորում է, երբ 2800-ամյա Երևանը և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ. Նալբանդյան
Քաղաքականություն
27.03.2018 | 14:35Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի արտգործնախարարն իր երախտիքը հայտնեց նախարար Ասելբորնին՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Լյուքսեմբուրգի կողմից 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարումը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անցյալ շաբաթավերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախաձեռնած բանաձևին Լյուքսեմբուրգի աջակցության համար։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ասելբորնը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը։
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան գործարար համաժողովի անցկացման հնարավորության շուրջ, որը լավ առիթ կհանդիսանա երկու երկրների մասնավոր սեկտորների ներկայացուցիչների միջև գործնական հարաբերությունների հաստատման, փոխշահավետ համագործակցության խթանման, ինչպես նաև ներդրումների նպատակով հնարավոր ոլորտների բացահայտման համար:
Հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։
Երկուստեք ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ասելբորնին և Լյուքսեմբուրգին՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ և սկզբունքային աջակցության համար։
Էդվարդ Նալբանդյանը և Ժան Ասելբորնը հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումին Լյուքսեմբուրգից համապատասխան գործարար շրջանակների մասնակցությունը:
Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում ընդգծվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունները։
ԱԳ նախարարները քննարկեցին միջխորհրդանական կապերը, օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը։
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Ժան Ասեբորնը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դրպրոցի ունկնդիրների առջև։
Այսօր Էդվարդ Նալբանդյանն ու Ժան Ասելբորնը ներկա կգտնվեն Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ բանակցությունների արդյունքներով.
Հարգելի պարոն Ասելբորն,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար, իմ լավ բարեկամ Ժան Ասելբորնին Երևանում: Առաջին անգամ չէ, որ պարոն Ասելբորնը Երևանում է գտնվում: Մենք նաև բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու թե՛ Լյուքսեմբուրգում, թե՛ տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում։ Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու մեր քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Առավոտյան պարոն Ասելբորնը իր այցելությունը սկսեց Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Օգտվելով առիթից կցանկանայի վերահաստատել մեր բարձր գնահատականը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ, ինչը մասնավորապես արտահայտվեց 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ինչպես նաև կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարմամբ։
Այսօր Լյուքսեմբուրգի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Այցի շրջանակներում պարոն Ասելբորնը հանդիպում կունենա նաև նորընտիր Նախագահի հետ, դասախոսությամբ հանդես կգա ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում։
Մենք Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ ներկա կգտնվենք Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմանը։ Դա, հուսով եմ, կլինի մեր երկրում Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք երկկողմ կապերի զարգացման հարցերին: Հաշվի առնելով Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում` կարծում եմ կարևոր կլինի կազմակերպել գործարար համաժողովներ` խթանելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Մեր հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։
Երկուստեք ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգին և անձամբ պարոն Ասելբորնին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ և սկզբունքային աջակցության համար, որը նաև ցուցաբերեց Անտանանարիվուում նախորդ գագաթաժողովի ժամանակ։
Բնականաբար անդրադարձանք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Ասեմ նաև, որ մենք այսօր հնարավորություն ենք ունենալու շարունակելու մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ և երեկոյան:
Եվրամիության հիմնադիր անդամ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ բնականաբար քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ հարցեր, անդրադարձանք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորություններին։
Անդրադարձ կատարեցինք միջխորհրդանական կապերին, մեր օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությանը։
Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապաես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
Այժմ սիրով խոսքը կփոխանցեմ արտգործնախարար Ասելբորնին։
Հարց. Պարոն Նալբանդյան, Ալիևը շարունակում է պնդել, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների այսպես ասած «կրեատիվ» գաղափարների վրա: Կպարզաբանեք, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կրեատիվ գաղափարներ են դրանք:
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին և անտրամաբանական:
Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային և տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբրև թե եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների հիման վրա է շարունակվելու: Ինչ կրեատիվության մասին է խոսքը: Միգուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձևակերպեմ, ոչ այդքան առողջ երևակայությունից:
Այդպիսի կրեատիվության դրսևորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երևանը, և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ: Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսևորում` մշտական ուժի սպառնալիքը: Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից և տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն: Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ, պարզունակ առաջարկություններ էին:
Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ, սպասելոով, որ այդ առաջարկները դառնան իրենց համար ընդունելի կրեատիվ:
Իրականության մեջ կարևորն այն է, որ իրենք ձերբազատվեն այս, իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից և վերադառնան կառուցողական դաշտ, առաջին հերթին իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները և հարգեն հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վերջին կրակովյան հանդիպանը, երբ մենք եռանախագահողների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի թիմի կարողությունները և դրա մասին հայտարարվեց, թե եռանախագահող երկրների, թե Հայաստանի կողմից: Մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է հարգել և իրականացնել այդ պայմանավորվածությունները և անգամ հղում կատարել դրանց։
Եվ ոչ միայն Կրակովում, դրանից առաջ էլ բազմաթիվ անգամ է դա պատահել: Միգուցե Ադրբեջանն ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, ուրեմն Ադրբեջանին կառուցողական դաշտ պետք է վերադարձնել:
Հարց. Պարոն նախարար, անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը։ Ինչո՞վ է պայմանավորված այս բանաձևի նախաձեռնումը։
Էդվարդ Նալբանդյան. Առաջին հերթին կցանկանայի ասել, որ շատ խորհրդանշական է, որ մեր ժողովուրդը, որը վերապրել է ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը և վերածնվելով միջազգային հանրության կարծիքով այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:
Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի հետ, որն ընդունվել էր 1948թ. դեկտեմբերի 9-ին: Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա 1944 թվականին դեռ շրջանառության մեջ մտցրեց ցեղասպանություն եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը:
Եվ պատահական չէ, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնևում` Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձևի մենք անցկացնելու ենք Հայաստանում Գլոբալ ֆորում` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը: Ժնևում ընդունված այս վերջին բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարևոր է կանխարգելման տեսանկյունից։ Ընդգծում է, որ անպատժելիությունը և ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում:
Հիշեցնեմ, որ 2015թ. մենք նույնպես նախաձեռնել էինք ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձև, որն ընդունվեց Ժնևում: Այս համատեքստում ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, իմ գործընկերոջը այն աջակցության համար, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը այս բանաձևերի ընդունման գործում: Այս անգամ էլ, ինչպես 2015թ., Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձևը։ Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, և բանաձևն անցել է կոնսենսուսով: Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար: Կարծում եմ մի շարք երկրներ գալիք օրերին ևս կմիանան դրան:
Հիշեցնեմ նաև, որ մեր նախաձեռնությամբ 2015թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների և մարդկաության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր:
Արդեն նշեցի, որ հենց այս դեկտեմբերին մենք կազմակերպելու ենք նաև Գլոբալ ֆորում Հայաստանում, որի գլխավոր թեման է լինելու Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կրթության միջոցով: Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետև անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ և իհարկե դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար: Հայաստանն այս առումով շարունակելու է ջանքերը միջազգային հանրության` գործընկերներ երկրների, միջազգային կառույցների հետ միասին:
Շնորհակալություն: