Ռոբերտ Քոչարյանի վատ նախադեպը. ինչ սպասել Արմեն Սարգսյանի քաղաքացիության քրգործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վիճահարույց փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու նպատակով Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ն հրաժարվել էր քրեական գործ հարուցել, իսկ այժմ Գլխավոր դատախազության ցուցումով Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյո՞ք 2018-ի ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, որ վերջին վեց տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի, ոչ թե նաև զուգահեռաբար Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Վերջերս Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու հինգ տասնյակից ավելի փաստաբաններ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պնդելով, որ Արմեն Սարգսյանը 2018 թվականի մարտին ՀՀ նախագահ է ընտրվել՝ թաքցնելով երկքաղաքացիության փաստը: Արա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն այն դեպքում, եթե նրա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 2012 թվականի մարտի 1-ը, սակայն Փաստաբանների պալատի նախագահին Միացյալ Թագավորությունից հավաստիացրել են, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է 2012-ի աշնանը:

Նկատենք, որ մինչ իշխանափոխությունն էլ Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրի մասին բարձրաձայնում էին ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները: Հեղափոխությունից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չնախաձեռնեց գործընթաց՝ պարզելու՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի, այլև հայտարարեց, որ նախագահն իրեն ցույց է տվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին վկայող փաստաթղթեր:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ ՀՔԾ-ի կողմից քրգործի մերժումը և նույն հարցով Դատախազության կողմից քրգործ հարուցելը վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինները դեռևս օրենքի նորմերի համապատասխան վարքագիծ չունեն: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ Դատախազությունը քրգործ է հարուցել, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ցանկանում է Արմեն Սարգսյանին կախման մեջ պահել:

Արթուր Սաքունցը Դատախազության հարուցած քրգործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այդպես էլ չի հրապարակվել Արմեն Սարգսյանի երկքաղաքացիությունը հերքող որևէ փաստաթուղթ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, որը նաև նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով, կարծում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգում է հայտնվում քաղաքական շահարկումների նպատակով, քանի որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են:

Սերժ Սարգսյանը, որն Արմեն Սարգսյանին առաջարկել էր առաջադրվել նախագահի պաշտոնում, օրերս պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանն ունեցել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ասել էր՝ ոչ: Սերժ Սարգսյանը որպես ապացույց ներկայացրել էր Արմեն Սարգսյանի՝ իրեն փոխանցված բանավոր խոսքն ու այն հանգամանքը, որ  իրավապահ  մարմիններից որևէ ահազանգ այդ մասով չի ստացել:

Սերժ Սարգսյանի այս բացատրությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անհեթեթություն է որակում: Ըստ նրա՝ անկախ նրանից, թե Արմեն Սարգսյանն իրեն ինչ հավաստիացումներ է տվել, Սարգյանը, որպես պետության ղեկավար, պետք է ԱԱԾ-ին և Ոստիկանությանը հանձնարարեր տեղեկությունները ստուգել:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշում է, որ այս շահարկումներից Արմեն Սարգսյանն ազատվելու մեկ ձև ունի՝ հրապարակել այդ փաստաթուղթը

Թևան Պողոսյանը նշում է՝ նախագահականից պետք է պարզել, թե ինչու այդ փաստաթղթերը չեն հրապարակվում, սակայն շեշտում է, որ եթե չկա վստահություն պետական մարմինների կողմից տրված փաստաթղթի նկատմամբ, ապա պետք է սպասել քննության ավարտին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Արմեն Սարգսյանի քաղաքացիության շուրջ զարգացումների ֆոնին հիշեցնում է՝ Հայաստանում առաջին դեպքը չէ, որ երկրի ղեկավարը քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունենում, և հիշեցնում է երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի նախադեպը:

Արթուր Սաքունցը նկատում է, որ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը հերքող փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու հարցում անգործություն է ցուցաբերել նաև Նիկոլ Փաշինյանը: Իրավապաշտպանն ասում է, որ այժմ ժամանակն է, որպեսզի ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հետ կապված վիճահարույց փաստաթղթերի հարցով իրավապահները ստուգումներ իրականացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան