Սերժ Սարգսյանը 10 տարում ներում է շնորհել 317 դատապարտյալի, որոնց անունները գաղտնի են պահվում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախագահի հրամանագրով ներում ստացած դատապարտյալների անունները Հայաստանում անօրինական կերպով գաղտնի են պահվում: Նախագահականում այդ տվյալները այնպես են պահպանում, կարծես դրանք պետական գաղտնիք լինեն:

Factor.am-ը Սերժ Սարգսյանին հարցում էր ուղղել՝ պարզելու համար, թե Հայաստանում քանի դատապարտյալի է ներում շնորհվել և խնդրել էր տրամադրել ներվածների ցանկը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Մերի Հարությունյանի ստորագրությամբ մեզ տրված պատասխանում ասվում է. «Վերջին տասը տարվա ընթացքում՝ 2008-2017 թվականը ներառյալ, ՀՀ նախագահի հրամանագրով ներում է շնորհվել 317 դատապարտյալի: Ինչ վերաբերվում է ներում ստացած դատապարտյալների ցանկի վերաբերյալ ձեր հարցմանը, ապա տեղեկացնում ենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրերը անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»:

Այս պատասխանը ինքնին շատ խոսուն է և բավական ուշագրավ հանգամանք է բացահայտում: Բայց ամեն ինչ հերթով. նախ անդրադառնանք ներվածների անունները չտրամադրելու պատճառաբանությանը: Նախագահի հրամանագրերը՝ անկախ դրանց իրավական բնույթից, այն է՝ նորմատիվ են, թե անհատական, չեն կարող գաղտնի լինել, քանի որ «Իրավական ակտերի մասին» օրենքում այդ մասին նշում չկա:

Ավելին, նշված օրենքի 13-րդ՝ «ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները» հոդվածի 1-ին կետում սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»:

Ինչպես տեսնում ենք օրենսդիրը շատ հստակ է ամրագրել. հրապարակում է: Նախագահականի իրավաբանների համար իրավիճակը ավելի պարզեցնելու համար նշենք, որ, օրինակ, Կառավարության որոշումների դեպքում նույն Իրավական ակտերի մասին օրենքում օգտագործված է «ընդունում է» եզրույթը և կարգավորումներով էլ նախատեսված է կառավարության՝ գաղտնի որոշումներ կայացնելու լիազորությունը: Նախագահը գաղտնի հրամանագրեր ստորագրելու իրավասություն չունի, և սա օրենքի պահանջ է, ասել է թե՝ ապացուցման կարիք չունեցող փաստ: Ցանկացած պատճառաբանություն, որի վերջնարդյունքում այս կամ այն հրամանագիրը գաղտնի է պահվում, հակասահմանադրական և անօրինական է:

Նախագահականից տրված պատասխանի իրավական աճպարարության անհեթեթությունն առավել ցայտուն դարձնելու համար վերը բերվածով չենք բավարարվի և կանդրադառնանք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Բանն այն է, որ այս օրենքը ունի 11-րդ՝ «Հանրամատչելի անձնական տվյալներ» հոդված, որով սահմանվում է. «Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն): Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար»:

Ասել կուզի՝ ներում հայցող դատապարտյալների անունները հանրամատչելի տվյալներ են, և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին հղում կատարելով այդ տվյալները գաղտնի պահելը, մեղմ ասած, տեղին չէ: Հակառակ դեպքում Հայաստանի պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից երբևէ ընդունված հարյուր հազարավոր իրավական ակտերը, որոնցում անուն, ազգանուններ կան, պետք է գաղտնագրվեն: Ինչևէ, նախագահականից տրված պատասխանից հայտնի է դառնում նաև մեկ շատ կարևոր հանգամանք՝ ներումները շնորհվում են նաև միջնորդությամբ: Այլ կերպ ասած, երրորդ անձի խնդրանքով ևս ներումներ են շնորվում: Ուստի, հանրության համար առավել քան օգտակար կլիներ իմանալ, թե ովքեր են այդ «միջնորդողները» և նրանցից յուրաքանչյուրն ում համար է խնդրել:

Ինչ կա ներված դատապարտյալների աննունների մեջ

Ակնհայտ է, որ ներված դատապարտյալների անունները ինչ-ինչ պատճառներով իշխանության վերնախավի համար առավել քան կարևոր են, և նրանք չեն ցանկանում, որ դրանք հրապարակվեն: Բանն այն է, որ եթե այդ անունները հրապարակեն, ապա կարող է պարզվել, որ ամեն ընտրությունից հետո, կլինի նախագահական կամ խորհրդարանական, մի խումբ դատապարտյալների ներում է շնորհվել: Իսկ երբ այդ ներվածների անձերը ուսումնասիրենք՝ կարող է պարզվել, որ նրանց բոլորի դեպքում մի օրինաչափություն կա. նրանց հարազատնեը իշխող ՀՀԿ-ի կամ նրա որևէ թեկնածուի համար քվեներ են «ապահովել»: Այսինքն, նախագահականում գիտակցում են, որ եթե անունները տրամադրեն, ապա քաղաքական կոռուպցիայի բազմաթիվ փաստեր կբացահայտվեն:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հայաստանում երեք անգամ է համաներում հայտարարվել. 2009-ի հունիսի 19-ին, 2011-ի մայիսի 26-ին և 2013-ի հոկտեմբերի 3-ին: Առաջին երկուսը միջազգային կառույցների պարտադրանքի արդյունք են եղել, այդպիսով բանտերից ազատ են արձակվել Մարտի 1-ի քրեական գործերով անազատության մեջ գտնված քաղբանտարկյալները: Սերժ Սարգսյանը 10 տարվա ընթացքում միայն մեկ անգամ է «ինքնակամ» ՀՀ ԱԺ-ին համաներման նախագիծ ներկայացրել: Դրանից հետո նա նախընտրել է դատապարտյալներին ներելու սահմանդրական գործիքը չշռայլել և այն պահել է բացառապես յուրայինների համար:

Վահագն Հովակիմյան