Թող այս խաչքարը մշտապես հիշեցնի ԵԽ-ի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին. Նախագահը մասնակցել է ԵԽ-ին հուշանվերի հանձնման արարողությանը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար, 
Հարգելի´ հայրենակիցներ, 
Տիկնա´յք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։

Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժողովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:

Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։

Պարո՛ն Գլխավոր քարտուղար, 

Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։ 

Շնորհակալություն:

ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Նալբանդյան, պարո՛ն Ռասմուսեն, պարո՛ն դեսպան, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես ուրախ եմ ընդունել այս նվերը՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը: Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ: Պաշտպանելու և առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների:

Այս քարը և Ձեր անձնական ներկայությունն այստեղ այսօր, Նախագա՛հ Սարգսյան, հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների և մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ: Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարևոր է և առավել գնահատելի: Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների: Գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել: 

Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները: Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ: Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար:

Հայաստանը նաև կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում: Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին Դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ Եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ: Միաժամանակ, մենք ընդունում ենք այս նվերը հաճույքով և երախտագիտությամբ: