Մենք պետք է Հայաստանը, Արցախը կառուցենք նորովի, մեր լավատեսությունը կառուցենք նորովի և ուզում եմ, որ 2021 թ.-ը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետեւանքով զոհված մեր եղբայրների եւ քույրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփվելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դեպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մոտիկ ու հարազատ: 2020 թվականի ավարտին մենք, ցավոք, դեռեւս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, եւ ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին, որովհետեւ ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու եւ անվտանգության զգացողությունը վերականգնելու համար:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում եւ շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դեմ, եւ պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար եւ նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, եւ ուզում եմ հատկապես նրանց ասել՝ կյանքը չի ավարտվել, եւ դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթեւանից, տնից: Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում եւ կձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն անհրաժեշտը, իհարկե, կարվի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն, իհարկե, անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար: Նաեւ՝ Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, եւ այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար:
Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից, եւ մեր ամբողջությունը որեւէ ձեւով չի կարող խաթարվել: Մենք բոլորս դա գիտենք:

Ամանորյա այս երեկոյին, սակայն, մեր սրտերն ու մտքերը առավելապես մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկվեցին ամանորյա հեքիաթից: Մեր ազգային մտածողության եւ մտածելակերպի մեջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարեւոր շարժառիթն են, եւ ես մտածում եմ, թե, ի վերջո, ի՞նչ պետք է անենք մենք մեր երեխաների համար այս դժվարին իրավիճակում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմական լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ: Այդ ետցնցումներն ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնույթ, եւ մեր մեծագույն խնդիրն այդ ետցնցումներին դիմակայելն է, Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունն ապահովելը, այդ կայունության ապահովման համար որոշումներ կայացնելը:

Այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը եւ րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ: Ի՞նչ ապագա ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար. սրանք հարցեր են, որոնք կարեւոր են ոչ միայն վաղվա, այլեւ այսօրվա խնդիրները լուծելու համար:

Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի, եւ ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է: Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա:

Բայց այսօր կան իրողություններ, եւ մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետեւ իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Ի՞նչ է հարկավոր սրա համար:

Նախեւառաջ՝ անվտանգության նոր միջավայրի կահավորում, որի կարեւորագույն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը եւ մեր անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայությունը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մնալ եւ ուժգնացող մարտահրավեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Կրթության ժամանակակից հայեցակարգերի ներդրումը եւ յուրաքանչյուր անհատի մրցունակությունը համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր հաջորդ մեծագույն խնդիրն է, որը, ի վերջո, հանգեցնում է մեր հանրության մրցունակության էական մեծացմանը:

Եւ, ի վերջո, ժողովրդի իշխանությունը, այսինքն՝ ազատ կամարտահայտմամբ իշխանություն ձեւավորելու ժողովրդի լիազորությունը պետք է ամեն օրվա ու ժամվա հետ ավելի ու ավելի ամրանա, ու սա պիտի լինի անառարկելի եւ անսակարկելի իրողություն՝ բոլոր ժամանակների համար:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

2021 թվականը մեզ համար պիտի դառնա աշխատանքի տարի, ոչ թե սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդյունք արարելը լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական, ապա նաեւ ազգային ու պետական խնդիրը: «Աշխատանք-կրթություն-աշխատանք» բանաձեւի վրա է հիմնվելու մեր ազգային վերածնունդը, աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը, աշխատանքի, կրթության ֆոնին է կառուցվելու մեր ազգային երջանկությունը:

Վշտի, անհանգստության այս դժվարին պահին, այո, մենք չպետք է մոռանանք երջանկության մասին, մեր երեխաների, մեր սերունդների երջանկության մասին, որովհետեւ որեւէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկության նպատակը: Եւ որպեսզի ավելի ու ավելի ուժեղ լինենք, մենք պիտի ավելի ու ավելի շատ երեխաներ ունենանք, բազմազավակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխա կա, մեզանում պիտի դառնա կանոն: Մայրությունը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թվականից, որովհետեւ հենց ծնունդն ու մայրությունն են մեր կենսունակության ու հզորության անհերքելի սիմվոլը:

Եւ 2021 թվականի այս օրը Հայաստանում եւ Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, որը կլինի մեր հարգանքի մեծագույն տուրքը մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, որը կլինի մեր մեծագույն ծառայությունը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր հանձնառությանը:
Բարով ես գալիս 2021 թվական, եւ Սուրբ Ծննդյանը ընդառաջ՝ ուզում եմ քեզ դիմավորել Նոր կտակարանի՝ Լեռան քարոզի հետեւյալ խոսքերով.

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

Բարով եկար 2021 թվական: Մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի: Մեր ազգային, պետական վերածննդի տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: