Հայաստան-Իրան տրանսպորտային խնդիրներն ու «կամուրջի» առասպելը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

2017թ․ հունիսին հրապարակված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր 2017-2022թթ» պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ ի թիվս այլ առաջնահերթությունների ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու Հայաստանի «անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը»։ Գաղտնիք չէ, Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը նախ և առաջ ենթադրում է տրանսպորտային կապի ամրապնդում երկու երկրների միջև։

Հայաստանը՝ որպես կամուրջ

2008թ․-ից ի վեր հայկական կողմը ակտիվորեն շրջանառության մեջ է պահում «կամուրջի» առասպելը, ըստ որի Հայաստանը կապող կամուրջ է դառնալու Իրանի և արևմուտքի միջև։ 2013-ից այս առասպելին ավելացավ նաև ԵԱՏՄ երկրների հետ Իրանին կամրջելու միֆը։ Վերջերս «կամուրջի» թեման կրկին ակտուալ է դարձել։

Մասնավորապես, նոյեմբերի վերջին Հայաստանը որպես կամուրջ ներկայացվեց ԵՄ հետ համաձայնագրի կոնտեքստում, իսկ վերջերս էլ ԵԱՏՄ և Իրանի միջև Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման կապակցությամբ։ Նմանատիպ հայտարարություն էր արել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 15-ին Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ընթացքում։ Հիշեցնենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի համար դարձել էր վերջին երկու տարիներին ԻԻՀ հետ իր հարաբերությունների հիմնական նպատակը։ Այդուհանդերձ, պարտադիր չէ տնտեսագետ լինել, որպեսզի հասկանալ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին չի կարող սարեր շուռ տալ և դարձնել Հայաստանը կամուրջ, քանի դեռ Հայաստան-Իրան կապող ցամաքային ճանապարհները պարզապես (մեղմ ասած) խայտառակ վիճակում են գտնվում։

Այսինքն, որպեսզի Հայաստանը դառնա կամուրջ Իրանի և որևէ երրորդ կողմի միջև պետք է այդ կամուրջը ֆիզիկապես անցանելի լինի։ Մեղրիով Իրանի սահման գնացած ցանկացած անձ վստահաբար կարող է կռահել, որ լայնածավալ առևտրի խթանման համար առաջին հերթին նորմալ տրանսպորտային կապ է պետք։ Այդուհանդերձ, Հայաստանը 2017թ․ ոչ միայն չի կարողացել լուծել, այլ նաև բավականաչափ ջանք չի ներդրել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների զարգացման համար սկզբունքային երկու հարցի լուծման ուղղությամբ՝ այն է երկաթուղու կառուցումը և ճանապարհների վերանորոգումը։

Երկաթուղի

Ուշագրավ է, որ երկաթուղու դեպքում տարիներ շարունակ (2012թ․-ից) Հայաստանի կառավարությունը ուներ պայամանգիր «Ռասիա ՖԶԵ» անունը կրող ինչ-որ կասկածելի և անհայտ կազմակերպության հետ, որը պայմանագիրը կնքելու պահին ուներ ընդամենը վեց տարվա պատմություն և գրանցված էր բացառապես օֆշորային գոտիներում։ Հենց այս կազմակերպությունն էլ բնականաբար պետք է ընտրվեր ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար ներդրումներ գրավող կազմակերպություն։ Ընկերության հետ կասկածելի պայմանագիրը դադարեցվեց այս տարվա նոյեմբերին, քանի որ այն չէր իրականացրել իր պարտավորությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման գործընթացում։

Փաստորեն, ՀՀ կառավարությունը իրեն շրջափակման չենթարկած երկու հարևաններից մեկի հետ երկաթուղային կապ հաստատելու ծրագիրը հանձնել էր Դուբայում գրանցված, որևէ համբավ չունեցող ինչ-որ կասկածելի կազմակերպության, այնուհետև 5 տարի շարունակ աններելի թողտվությամբ աչք փակել այդ կազմակերպության անգործության վրա և միայն վերջերս դադարեցրել պայմանագիրը։

Ճանապարհ

Մյուս կողմից էլ, դատելով «Ռասիա ՖԶԵ» կազմակերպության անվանումից հարց է ծագում, թե արդյոք Հայաստան-Իրան տրասնպորտային կապի մյուս միջոցի՝ ավտոճանապարհի, բարելավմանը չի խոչընդոտում հենց Ռուսաստանը։ Այս կասկածները ավելի են ամրապնդվում, եթե հաշվի առնենք, որ վերջերս՝ դեկտեմբերի 14-ի նիստի ընթացքում, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման մի նախագծի, որով պետության ու մասնավոր մի ընկերության միջև գնման պայմանագիրը դադարեցվել է։ Ըստ պայմանագրի՝ հայկական կողմը պետք է վերանորոգեր Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի 40 կիլոմետրը։ Կառավարության որոշման մեջ նշված է. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»: Այնուհետև կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ խնդիրը իրանական կողմի հետ համաձայնության չհասանելն է, իսկ ՌԴ սահմանապահ զորամասի հիշատակումը պարզապես վրիպակ է։

Այս մեկնաբանությունը առնվազն հետաքրքիր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ որոշումը հենց «վրիպակով» էլ հաստատվել է կառավարության կողմից։ Փաստորեն, կա երկընտրանք՝ հավատալ հաստատված կառավարության որոշման տեքստին կամ փաստաթղթի ուժ չունեցող բանավոր հերքմանը։ Հիշեցնենք, որ ըստ ՌԴ սահմանապահ ուժերի տեղակայման մասին պայմանագրի՝ ռուս սահմանապահները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության իրենց գործողությունները պարտավոր են համաձայնեցնել ՀՀ նախագահի և կառավարության հետ։ Ուստի, կամ ռուս սահմանապահները պայմանագիր են խախտել, կամ էլ ՀՀ կառավարությունը աշխատում է վրիպակներով։

Նմանատիպ օրինակները ցավոք շատ են։ Կա, օրինակ, Հայաստան-Իրան գազամուղը «Գազպրոմին» հանձնելու օրինակը, որը հերթական ապացույցն է նրա, որ Հայաստան-Իրան հարաբերություններում չգիտես ինչու միշտ հայտնվում է Ռուսաստանը՝ սահմանափակումներով ու պայմաններով։ Ուստի նախքան Իրանին «կամուրջ» դառնալու խոստումներ տալը, ՀՀ կառավարությունը պետք է ճշտի՝ արդյոք Մոսկվան թույլ կտա այդ կամուրջի ստեղծումը թե՞ ոչ, և արդյոք թույլտվության բացակայության դեպքում Հայաստանն ունի բավականաչափ քաղաքական կամք և ինքնուրույնություն՝ Իրանի հետ երկկողմանի հարաբերություններ բարելավելու համար։ Առավելևս, որ դատելով տարածաշրջանային զարգացումներից՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստան-Իրան կամուրջի «դերը» Կրեմլից մտադիր են վստահել Ադրբեջանին (այս մասին կանդրադառնանք առաջիկայում):

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»