«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերականգնում է մասնակցությունը Վանաձորի ավագանու նիստերին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերականգնում է մասնակցությունը Վանաձորի ավագանու նիստերին։

«2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացավ 10,899 ձայն (27,5%) և 10 մանդատ։ Հանրապետական կուսակցությունը ստացավ 14,889 ձայն և 13 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5286 ձայն և 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 2872 ձայն 3 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2522 ձայն և 2 մանդատ։ Արդյունքում, Հանրապետական կուսակցությունը, իր կոալիցիոն գործնկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստացավ 15 մանդատ, որը չէր կազմում ավագանիների թվի մեծամասնությունը, քանի որ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունների ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը կազմում էր՝ 18 մանդատ։

Նպատակ ունենալով իրացնել Վանաձորի քաղաքացիների ընտրության արդյունքները և ձևավորել օրինական և ընտրված քաղաքային իշխանություն՝ հոկտեմբերի 8-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ԼՀԿ, ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների միջև Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ  նիստին  ԼՀԿ ավագանու  ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին: Սակայն, 2016թ. հոկտեմբերի 10-ի ավագանու անդրանիկ նիստը ընթացավ ընթացակարգի խայտառակ խախտումներով, իսկ դրա արդյունքում տեղի ունեցավ մանդատագողության աննախադեպ մի ակտ. փակ գաղտնի քվեարկության արդյունքում, աննախադեպ ճնշումների և վախի մթնոլորտի պայմաններում, լինելով փոքրամասնություն, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն՝ զավթելով Վանաձորի քաղաքապետի աթոռը։

Չճանաչելով այս խայտառակ մանդատագողության արդյունքները և թույլ չտալու համար ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումը Հայաստանի երրորդ քաղաքում՝ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկով ավագանու երեք խմբակցությունները հայտարարեցին բոյկոտ և չներկայացան ապօրինի կերպով գումարվող նիստերին։

Մեկ տարի շարունակ, Վանաձորի ավագանու փոքրամասնությունը, զավթած պահելով իշխանությունը, գումարեց ապօրինի նիստեր՝ կայացնելով բազմաթիվ անօրինական որոշումներ, որոնցից շատերը միտված էին լցնելու սեփական կերակրատաշտը և վարձահատույց լինելու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ մատուցած իրենց յուրայիններին։ Փաստացի, ավելի քան մեկ տարի, Վանաձորում տիրում էր բացարձակ անիշխանություն՝ ՀՀ ղեկավարության բարձր հովանու ներքո։

Հավատարիմ մնալով մեր դիրքորոշմանը և կանխելու համար Վանաձորում տիրող անիշխանությունը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ԵԼՔ և Ծառուկյան դաշինքների պատգամավորների ստորագրությունների շնորհիվ դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելու համար Վանաձորի ավագանու մինչ այդ պահը կայացրած որոշումների օրինականությունը։ 2017թ. նոյեմբերի 10-ին՝ Սահմանադրական դատարանը, իր կայացրած որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը։

Սրանից ընդամենը մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 18-ին, Հանրապետական կուսակցության և Հայկական վերածնունդ (ՕԵԿ) կուսակցության միջև ստորագրվեց համատեղ կառավարման հուշագիր, որի արդյունքում՝ ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն Վանաձոր քաղաքում միմյանց միջև բաժանեցին իշխանությունը:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմեց ՀՀ կառավարությանը՝ պահանջելով լուծարել Վանաձորի ավագանին և նշանակել նոր ընտրություններ։ Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հավատարիմ մնալով մանդատագողությանն աջակցող իր նախկին դիրքորոշմանը, 2017թ. դեկտեմբերի 18-ին մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության պահանջը։

Ավելի քան մեկ տարի շարունակ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, կիրառելով իրեն հասանելի բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները, բազմաթիվ քայլեր ձեռնարկեց միտված մանդատագողության արդյունքում Վանաձոր քաղաքի ապօրինի կառավարման գործընթացի կանխմանը, ժողովրդավարական սկզբունքների հարգմանը, պետականության հիմքերի կայացման մեջ արատավոր նախադեպերի բացառմանը և իրավական պետության ձևավորմանը: Այնուհանդերձ, կառավարությունը իրավիճակային լուծումն ավելի վեր դասեց, քան  ժողովրդավարական պետության կայացումը և մնաց անդրդվելի, այդպիսով նաև ապացուցելով, որ Սահմանադրական բարեփոխումների և Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին իշխանության բոլոր հայտարարությունները կատարելապես ձախողված են և հիմնազուրկ:

Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին:

Սույնով պնդում ենք նաև, որպեսզի 2017թ. տեղի ունեցած ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։ Որպես ընդդիմադիր խմբակցություն, Լուսավոր Հայաստանը հետևողականորեն և ամենօրա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը և աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման և վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության», – ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։