Երեխաներին դաժան ծեծի է ենթարկել պապը, թե՞ հորաքույրը. իրավապահները, ընտանիքի անդամը, համայնքի ղեկավարը սլաքը տարբեր ուղղություններով են տանում. medialab.am
Հասարակություն
20.08.2020 | 19:02Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված երկու մանկահասակ երեխաներից մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։ Երեխաները՝ 4 և 6 տարեկան, հոսպիտալացվել են։ Ավագը՝ ծանր վիճակով, Երևանում է, փոքրը՝ Իջևանում։ Մինչ հերթական անմարդկային բռնության դեպքը բուռն քննարկումների առիթ է դարձել, իրավապահների և համայնքի ղեկավարի պնդումները միանգամայն տարբեր են. գրում է medialab-ը:
Պաշտոնական տեսակետի համաձայն՝ երեխաներին անմարդկային ծեծի ենթարկողը հարազատ պապն է, մինչդեռ Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը բացառում է այս տարբերակը։
«Էդ դեպքը մեր գյուղում է եղել, բայց էդ մարդը չի կարող երեխա ծեծել, հնարավոր չի էդպիսի բան լինի, իմ կարծիքով՝ էդ ինֆորմացիան սխալ է։ Ընտանեկան խնդիրներ կան, էդ մարդը էնքան խեղճ է, որ չի կարող մարդ ծեծել։
Իրենք բազմանդամ ընտանիք են, խնդիրներ կան։ Որպես համայնքի ղեկավար, համայնքի բնակիչ՝ կարող եմ ասել, որ այդ մարդը կարող է շատ-շատ ստից ջղայնանալ, բայց որ նման ագրեսիա ցուցաբերի, դա բացառվում է։ Համապատասխան մարմինները կպարզեն՝ ով է եղել»,- «Մեդիալաբին» ասում է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը։
Ըստ Վիրաբյանի՝ հավանական է, որ հորաքույրն է ծեծի ենթարկել երեխաներին։ Ծնողները փորձել են աղջկան պատժից ազատել։
«Իրենց ընտանիքում խնդիրներ կան, փոքր տուն է, շատ մարդ է էդ տանն ապրում, տանը չար հորաքույր կա, ամուսնացած-բաժանված է, երևի չեն ուզեցել իրենց աղջկան պատժել, այդպես են ասել»,- ասում է համայնքի ղեկավարը։
Դեպքի մանրամասներին անդրադառնալով՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ պապը՝ Խաշթառակի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014 թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
«Բացի այդ, 57-ամյա տղամարդը 2020 թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր երկու անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս տեղեկությունները երեխաների տատը՝ Էմմա Հակոբջանյանը, սուտ է որակում։ Ըստ նրա՝ ոչ երեխայի պապն է վնասվածք հասցրել, ոչ էլ հորաքույրը, այլ տանը գտնվող 4-ամյա երեխաներից մեկը, որը հոգեկան առողջության խնդիր ունի։
«Էդ դեպքը սուտ է ձևակերպված, էդպիսի բան չի եղել, ո՞ր պապը կծեծի իր թոռանը։ Մի հիվանդ երեխա ունենք տանը, մեր թոռը, բոլորին կծում ա, ծեծում ա, փայտով խփում ա, քարով խփում ա։ 4 տարեկան երեխան է արել։ Հորաքույրն էլ չի արել, դա սուտ է, էդպիսի բան չի լինի։
Հիվանդ երեխա է, երեխու հոգեկանը խանգարվել է: Նույնիսկ ինքը իրան ա վնասում։ Դրսում են եղել, խաղալուց են եղել, անմիջապես տան մեջ չի եղել, դրսում է եղել, դռան առաջ»,- նշում է նա։
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն ասում է, որ իր խնդիրն է կարողանալ երեխաներին փրկել, մանկատուն տանել։
«Իմ խնդիրն այն է, որ ես կարողանամ էդ երեխեքին մանկատուն տանել։ Էդ տանը 4 կամ 5 երեխա է ապրում։ Հայրը խնդիր ունի, մտավոր հետամնաց է, մայրն էլ հոգեկան հիվանդ է։ Մի անգամ երեխաներին տարել ենք մանկատուն, հորաքույրը գնացել այնտեղից հետ է բերել, որ «Փարոս» ստանա։ Իմ խնդիրն է՝ էդ երեխեքին կարողանամ փրկել, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում»,- նշում է Վիրաբյանը։
Վնասվածք ստացած երկու երեխաներից մեկի վիճակը այժմ ծայրահեղ ծանր է։
6-ամյա երեխան նախ հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի և երիկամների վնասվածք, մարմնի վերջույթների սալջարդեր, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքի, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- «Մեդիալաբին» հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանի տվյալներով՝ 4 տարեկան երեխան, որ վնասվածքներ էր ստացել, այժմ գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում, վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի։
Արփինե Արզումանյան