Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

Լուրեր

16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
Բոլորը

Վարչապետի Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:

Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:

Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել «Հայկական հարցը»: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»: