Մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է. մենք պիտի ամուր կանգնենք այս հողի վրա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.01.2026 | 10:11
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
20.01.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
20.01.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 20-ի դրությամբ
20.01.2026 | 09:33
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են
19.01.2026 | 23:38
Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները
19.01.2026 | 23:30
SleepFM. մինչ քնած եք՝ ԱԲ-ն գնահատում է 130 հիվանդության զարգացման ռիսկը
19.01.2026 | 23:21
Ֆրանսիական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է Լուվրի կողոպուտի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 23:13
Մոլդովան սկսել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը
19.01.2026 | 22:59
Բուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին
19.01.2026 | 22:48
Ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
19.01.2026 | 22:37
Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ
19.01.2026 | 22:24
Ինչ են առգրավել քննիչները․ Հայկ Դեմոյանը մանրամասներ է պատմում իր տան խուզարկությունից
19.01.2026 | 22:16
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև
19.01.2026 | 22:14
Նախիջևանի դպրոցներում ջեռուցումն անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար
19.01.2026 | 22:04
Վթար Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ
Բոլորը

Տավուշի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրանքների ընթացքում հուլիսի 14-ին զոհված 4 հերոսներից մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում հանդես եկավ ելույթով:

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Վեհափառ տեր, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի ներկաներ,

Հայրենիք- պետություն ունենալը պատասխանատվություն է, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք թողնենք ժողովուրդ, հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե մենք ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:

Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի ԶՈՒ կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքը ահա այլևս առաջվանը չի լինելու, և ապրելու են այս խեղդող բացակայության հետ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նրանց հետ նահատակվե՞ց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: «Ո՛չ, իհարկե, այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործրար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրը ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով»,- ընդգծեց վարչապետը:

Շեշտելով, որ հիմա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, Փաշինյանը նկատեց, որ ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որ ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս եղբայրները, որոնք այսօր մարտի դաշտում Հայրենիք հողը պաշտպանելիս խոսում են Ապրիլյան պատերազմի հերոսների անունից, Սարդարապատի հերոսների անունից, Արցախյան ազատամարտի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում մեզ բոլորիս… Եվ մեզանից յուրաքանչյուրը ամեն անգամ «Եռաբլուր»-ի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքը իրեն հարց պիտի տա և պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի և սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքը ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի:

Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պետք է տա ինքը իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քո և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքն ավարտեց խոնարհումով. «ՀՀ Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, ՀՀ Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, ՀՀ Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, ՀՀ Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, որոնք ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին այսօրվա մեր հպարտությունը:

Եվ ուրեմն, Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախի Հանրապետությունը, Կեցցե Հայոց բանակը և կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: