Ինչպիսին կլինի նոր Ոստիկանությունը․ քաղաքական մահակի գործառույթները կմնա՞ն անցյալում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Նոր Հայաստանը կունենա նոր Ոստիկանություն․ խոստանում է կառավարությունը, որը մշակել է ոստիկանական բարեփոխումների նոր ռազմավարություն։ Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Նախարարը հաշվետու կլինի Խորհրդարանի առաջ։ Կպահպանվի նաև ոստիկանապետի ինստիտուտը, ում կնշանակի վարչապետը՝ նախարարի առաջարկով։ Զինված ուժերի կառուցվածքի օրինակով՝ Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքականություն մշակողն ու դրա համար պատասխանատվություն կրողը, իսկ ոստիկանապետը՝ այդ քաղաքականությունն իրականացնողն է, ինչպես ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը։ Եթե մինչ այս Ոստիկանությունը համարվում էր վարչապետին ենթակա կառույց, այն, ըստ նախագծի, իբրև Ներքին գործերի նախարարության մաս հաշվետու կդառնա խորհրդարանին։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դեռ կզգուշանա բարեփոխում բառն օգտագործելուց՝ նախընտրելով փոփոխությունը։ Ոստիկանությունն այս տարիներին եղել է իշխանությունների հենարանը, ասում է Ավետիք Իշխանյանը։ Նա չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ավանդույթից․ «Այս երկու տարվա ընթացքում Ոստիկանությունը ոչ միայն չի վերափոխվել, այլև այնպիսի անօրինականություններ է արել հենց վարչապետի ցուցումով, երբ որ քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին էր պառկեցնում, և նա ընդունում էր, որ դա իր ցուցումով է կատարվել»։

Ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնակատարությունն իրավապաշտպանը համարում է վարչապետի ցուցումները կատարելու փորձաշրջան։ Այն, որ ըստ ռազմավարության՝ ոստիկանապետին կնշանակի վարչապետը՝ նախարարի առաջարկով, ըստ Ավետիք Իշխանյանի, Ոստիկանությանը չի ազատում վարչապետի ուղիղ հրահանգները կատարելու վտանգից․ «Ձևական է լինելու այդ նախարարության մեջ Ոստիկանությունը և շարունակելու է Ոստիկանությունը ուղղակի ենթարկվել վարչապետին և կատարել նրա ցուցումները»։

Անցած հոկտեմբերին ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու հետ  կապված նոր օրենքի նախագծին իր անհամաձայնությունը հայտնելու համար ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ Ոստիկանության քաղաքական չեզոքությունը չի ապահովվի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետն իրավունք ունի պաշտոնանկ անել ոստիկանապետին։ Այն պետք է դառնա ինքնավար պաշտոն:

«Էսօր վարչապետը ազատ է՝ ցանկացած ժամանակ ցանկացած պատրվակով և նախասիրությամբ փոփոխություններ անել, դա բերում է նրան, որ քաղաքական իմաստով համակարգը դառնում է կաշկանդված։ Սա եվրոպական լավագույն փորձն է և այս ճանապարհով պիտի գնա Հայաստանը, որովհետև շատ լավ գիտեմ՝ վարչապետը չի ուզում քաղաքական Ոստիկանություն»,- ասաց Հովհաննես Քոչարյանը։

Միտինգներ ցրելու և ծեծուջարդի գործում հմտացած Ոստիկանության զորքերը կապառազմականացվեն, կստեղծվի ազգային գվարդիա։ Ըստ ռազմավարության՝ հասարակական կարգը պահպանելուց զատ ազգային գվարդիան կկանխի զանգվածային անկարգությունները։ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ  նոր գվարդիան ծառայելու է որպես իշխանությունը պահելու գործիք․ «Հայաստանում ով գալիս է իշխանության՝ մեկ նպատակով, պահել իշխանությունը՝ «Պետությունը՝ ես եմ» հոգեբանությամբ, և ունենք չկայացած հասարակություն, որը փնտրում է փրկչի, ոչ թե մտածում է պետական կառույցների մասին։ Հասարակության այս հոգեբանության ունենալու ընթացքում ես ապագա չեմ տեսնում Հայաստանի համար՝ որպես ժողովրդավարական երկրի»։

Ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունը այլ փոփոխություններ էլ է ենթադրում։ 2021-ի առաջին եռամսյակից Հայաստանի փողոցներով կշրջեն պարեկային ոստիկանները։ Հանցագործներին չեզոքացնելուց բացի, պարեկները անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն կցուցաբերեն տուժածներին։ Պարեկային ծառայությունը կհսկի ճանապարհային երթևեկն ու հասարակական կարգը։ Պարեկային ծառայությունը կունենա բոլորովին նոր ավտոմեքենա, հագուստ, տեխնիկա։ Պարեկը կստանա 320 000 դրամ աշխատավարձ։ Ծառայությունը կկառավարվի օպերատիվ կառավարման կենտրոնից, որին հասանելի կլինեն հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսախցիկները։ Հանրային վայրերում հայտնված հանցագործին Ոստիկանությունը կհայտնաբերի պետռեգիստրում առկա բիոմետրիկ լուսանկարներով։ 2014-ից Ոստիկանությունը զրկված է քրեական գործերով նախաքննության գործառույթից։ Քննարկվում է դետեկտիվի ինստիտուտի ներդրումը։ Հայաստանցի դետեկտիվը, ինչպես ամերիկյան ֆիլմերում, կքննի հանցագործություններ՝ կատարելով օպերատիվ-հետախուզական աշխատանք։ Հանցագործության ու քրեական ենթամշակույթի նկատմամբ անհանդուրժող, օտար լեզուներ իմացող ոստիկանի նոր կերպար կառավարությունը մտադիր է ստեղծել կրթելով՝ բովանդակային փոփոխության կենթարկվի Ոստիկանության կրթահամալիրը։ Այս բարեփոխումներն ունակ կլինե՞ն Ոստիկանությունը դարձնել պետական, և ո՛չ իշխանական կառույց, ըստ այս բարեփոխումների համահեղինակ Հովհաննես Քոչարյանի՝  դա կախված է այն բանից, թե ինչպես կծրագրավորվի նոր համակարգը․ «Ամեն ինչ կախված կլինի՝ նա գերատեսչական և պետական ինչ քաղաքականություն է։ Շարունակվի Ոստիկանության հնարավորությունների օգտագործումը, ասենք, անցանկալի անձին քաղաքական իմաստով հետապնդումների համար, թեկուզ գաղտնի, ներողություն, ի՞նչ է փոխվելու, ոչինչ»։

Ոստիկանության բարեփոխումների նախագիծն այսօր քննարկվեց Ազգային ժողովում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս ունի՝ բարեփոխումներից հետո Հայաստանի քաղաքացիներն այլևս բարի նախանձով չեն խոսի Վրաստանի Ոստիկանության մասին։

«Ոստիկանություն, որը իր տեսքով, որակով ինտելեկտով կտարբերվի մինչ այդ եղած համակարգի մոտեցումներից։ Կհիշեք՝ մենք ունեցել ենք հրեշտակների Ոստիկանություն։ Հրեշտակներն այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր համակարգից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նոր ոստիկանը պետք է լինի կրթված, իմանա լեզուներ, լինի ֆիզիկապես պատրաստ, ընդգծեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը, հակառակ դեպքում, ըստ պատգամավորի՝ Ոստիկանությունը կփոխվի մակերեսային հարթության մեջ, բայց ոչ՝ որակապես, արդյունքում կունենանք չկայացած ռեֆորմ․ «Մեր հանորւթյանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը, իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն»։

Քաղաքացիների աչքին ամենաակնառու փոփոխությունը կլինի Պարեկային ոստիկանության ստեղծումը, կարծում է ՃՈ պետի նախկին տեղակալ, պատգամավոր Արմեն Խաչատրյանը։  Նոր կադրերը կընտրվեն մրցույթով, կարող է դիմել միջնակարգ կրթությամբ մինչև 35 տարեկան քաղաքացին:

«Երկրի մասին մեր առաջին պատկերացումները կազմում ենք տվյալ երկրի արտաքին ծառայությունից, կլինի՝ ճանապարհային, պարեկային Ոստիկանություն և այլն։ Վրաստանի Հանրապետության բրենդը դարձել է պարեկային Ոստիկանությունը և այդ երկրի մասին պատկերացումները կազմվում են այդ ծառայության միջոցով»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Սպասվում է, որ խորհրդարանը Ոստիկանության բարեփոխումների նախագիծը առաջին ընթերցմամբ կընդունի երկուշաբթի օրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան