Քաջարանի և Գավառի դասերը․ Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, բայց և բռնությունների վայր էլ չպիտի լինի. իրավապաշտպանների արձագանքը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երեկ ողջ օրվա ընթացքում հանրությունը լարված հետևում էր Կապանում զարգացող իրադարձություններին։ Ոստիկանության Կապանի բաժանմունքի առաջ  հավաքված տասնյակ քաղաքացիներ հայտարարում էին, որ Ոստիկանությունը բռնություն է գործադրել բերման ենթարկված իրենց հարազատների նկատմամբ։ Համացանցում հայտնվեցին առնվազն մեկ անձի նկատմամբ բռնությունը վկայող լուսանկարներ։ Ձերբակալվածների հարազատները տևական ժամանակ Ոստիկանության ճանապարհը փակել էին՝ թույլ չտալով ձերբակալվածներին տեղափոխել Երևան: «Ուզում են տանեն, երկու հոգու ծեծելով ցուցմունք գրեն իրենց թելադրանքով, որպեսզի էստեղ համայնքապետը տուժվի։ Բայց ինչի՞ համար»,- պնդեց մի կին։

Քաջարանի քաղաքապետը հայտարարեց, որ իր և մերձավորների բնակարաններում խուզարկությունից հետո Ոստիկանությունը ձերբակալությունների է անցել՝ թույլ տալով նաև բռնություն: «Ժողովուրդ, մտա հենց նոր տեսա երիտասարդներին՝ բռնությունը գործադրած սաղի դեմ։ Էս ի՞նչ ա կատարվում, ամոթ բոլորիդ»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալով՝ հայտարարեց համայնքապետը։

Մանվել Փարամազյանը քաղաքական հետապնդում որակեց իր և մերձավորների նկատմամբ ոստիկանական գործողությունները։ Լարված իրադրությունը շարունակվեց գրեթե ողջ օրվա ընթացքում։ Ոստիկանության շենքի մոտ ժամանեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հանդարտեցնելու իրավիճակը, Երևանից ոստիկանության զորքեր ուղարկվեցին Կապան։ Ուշ երեկոյան, սակայն, ամեն ինչ հանգուցալուծվեց խաղաղ․ ձերբակալվածների հարազատները բացեցին ոստիկանների ճանապարհը։ Կապանի բաժանմունքում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել Ոստիկանությունում։ Քննչական կոմիտեն կեսգիշերից 5 րոպե առաջ Քաջարանի միջադեպից մանրամասներ հաղորդեց, ըստ որի՝ նախաքննությամբ պարզվել է՝ ապրիլի 26-ին Քաջարանի համայնքապետի կանչով չգործող ռեստորանում են հավաքվել 20 հոգի, ներկա է եղել համայնքապետը, տեղի է ունեցել ծեծկռտուք։ Երեք օր անց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ, ըստ երևույթին՝ երեկ ձերբակալված անձինք, բռնություն գործադրելով, առևանգել են մի քաղաքացու, ապա երկու այլ անձի հետ նրան ծեծի ենթարկել, ինչը շարունակվել է մի առանձնատանը, որտեղից խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեն չորս անձի մեղադրանք է առաջադրել, իսկ Քաջարանի համայնքապետի մասնակցությունն ու դերակատարությունը դեպքերին պարզվում է։

Վերջին շրջանում Ոստիկանության գործողությունների կամ դրանց բացակայության հետ կապված լարված իրավիճակների պակաս չկա։ Շուրջ մեկ ամիս առաջ հանրությունն ականատես եղավ Գավառի աննախադեպ մասշաբի ու հանդգնության վենդետային։ Օրը ցերեկով մի քանի տասնյակ անձինք կրակոցներ էին արձակել, զոհվել էր երկու քաղաքացի, ապա, ըստ Գեղարքունիքի մարզպետի, 500 հոգանոց խմբով հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա և դանակահարել կրակոցներից հիվանդանոցում հայտնված ու բուժօգնություն ստացող քաղաքացիների՝ նրանց պատճառելով ծանր վնասվածքներ։ Եվ այս ամենը՝ Ոստիկանության աչքի առաջ ու ներկայությամբ։ Գավառի վենդետայի պատմությունում էլ հանրային քննարկումներում գերիշխում էր տեսակետը, որ ոստիկաններն իրենց տեղում չեն եղել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ նորանշանակ պետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ դիմել է բռնության մեթոդին։ Իրավապաշտպանը հիշեցնում է երկու թարմ բռնարարքները՝ շուրջ մեկ ամիս առաջ Սիսիանի բաժանմունքում խոշտանգվելու մասին հայտարարել էր 64-ամյա Գառնիկ Սիմոնյանը, իսկ մարտի 27-ին Մալաթիայի բաժանմունք բերման ենթարկված Տիգրան Կարապետյանի նկատմամբ տեղի էր ունեցել ոստիկանական բռնարարք։ Ժաննա Ալեքսանյանը Քաջարանի միջադեպով ծառայողական քննություն սկսելը հանրության աչքին թոզ փչել է որակում․ «Ուզում է էնտեղ մարդասպանություն լիներ, ինչ ուզում է լիներ, իրավունք չունեն բռնությունների ենթարկել մարդկանց։ Ես չեմ վստահում իրենց քննությանը, երբ լսում եմ բռնությունների մասին։ Եթե այդպես զորեղ ապացույցներ ունեին, ինչո՞ւ էին բռնության ենթարկում մարդկանց։ Մարդկանց ուտում են ուղղակի, տանում են ոստիկանական բաժանմունքներ, ոնց ուզում վարվում են հետները, նսեմացնում են»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ Ոստիկանությունում բերման ենթարկված անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կատարվել, նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Օմբուդսմենի կարծիքով՝ ծառայողական քննության փոխարեն քրեական գործ պետք է հարուցվի։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է՝  Կապանի բաժանմունքում կատարված բռնարարքը տեղ է գտնելու միջազգային զեկույցներում։ «Խոր վրդովմունք եմ ապրում, որովհետև դեպքը, որ տեղի է ունեցել, ամենախայտառակն այն է, որ մեկին սխալ են վերցրել, բայց ծեծել են, ես խոսք չունեմ։ Դա կոպիտ ոտնահարում է մարդու իրավունքների, հանցագործություն է, այլև միջազգային պայմանագրերի՝ խոշտանգումների դեմ կոնվենցիայի, կոպիտ ոտնահարում է։ Ես պահանջում եմ որպես շարքային քաղաքացի, որ օրենքի ամբողջ ուժով և միջազգային նորմերին համապատասխան հայտնաբերվեն բռնություն գործողները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Քաջարանում տեղի ունեցած միջադեպին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրելով՝ «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն»։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ ոստիկանների մասնակցությամբ բռնարարքները անտեղի են դարձնում Ոստիկանությունը բարեփոխելու իշխանությունների հայտարարությունները․ «Փոխանակ նորանշանակ ոստիկանապետն իրեն պահի քաղաքակիրթ, և մենք վստահենք հեղինակազուրկ Ոստիկանությանը, մենք դա չտեսանք, մենք լսեցինք, թե ինչպես են Գավառում գրոհում բնակարանների վրա՝ սարսափահար անելով բնակիչներին, ինչ-որ մեկին տանելու Ոստիկանություն, ծեծում, ջարդում, հետ ուղարկում։ Խայտառակություն է այս Ոստիկանությունը։ Էս դեպքերը ևս, Քաջարանը նույնպես, Գավառը և այլն, ցույց են տալիս, որ հեղափոխական իշխանությունը չի խորշում բռնությունից։ էլ չեմ ասում՝ դա վարչապետի գործն է՝ կանգնել և ասել, ինչ իրավունքով եք բռնության ենթարկում մարդկանց։ Բայց նա ասում է՝ կոշտ դիմադրություն է լինելու նկատի ունենալով էնտեղ բռնությունը»։

Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, այն  գործել է բավականին լավ, գործողություններն իրավաչափ էին, անդրադառնալով Քաջարանի իրադարձություններին, ասում է «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր, Ոստիկանության համակարգում երկար տարիներ ծառայած  Արմեն Խաչատրյանը․ «Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, որի դեպքում հնարավոր են որոշակի քերծվածքներ, և դա նորմալ է։ Կարող եք ականատես լինել, թե ինչպես են ձերբակալում։ Ամենանուրբ ձերբակալությունները կատարում են ՀՀ-ի ոստիկանությունում, և դա նորմալ է, որ անձը քերծվածքներ ստանա, այստեղ բռնություն չկա»։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ Ոստիկանությունն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք, և երբ բերման է ենթարկում պոտենցիալ լուրջ հանցագործություն կատարած անձի, համաչափ ուժի կիրառումը հնարավոր է՝ արդարացված լինի։ Հիշեցրեց՝ Գավառի դեպքում նույնիսկ  կային մեղադրանքներ առ այն, թե ինչու Ոստիկանությունը չի կրակել․ «Բացարձակ ընդունելի չէ Ոստիկանության կամ որևէ իրավապահ մարմնում բռնության կիրառումը, սա պախարակելի է և ծառայողական քննություն է լինելու։ Չնայած ասեմ, այն նկարները որ տարածվել են, գուցե դրանից զատ այլ փաստեր ևս կլինեն, չեն խոսում խոշտանգումների մասին։ Նման հայտարարություն անողները թող հիշեն ինչ դեպքեր ենք ունեցել՝ Ղուլյանի, Խալաֆյանի դեպքերը։ Բերման ենթարկելիս երբ մի փոքր դիմադրում ես, նման վնասվածքներ հնարավոր են»։

Ինչ կասկածանքով էլ մարդկանց բերման ենթարկած լինի Ոստիկանությունը, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի հետ չի կարելի կոմպրոմիսի գնալ, պնդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա ուղղակի երկրի վարկանիշը ինչ ձևի է ետ գցում, էլ չեմ ասում էն մարդու վիճակը, ում էդ օրն են գցել։ Իշխանական պատգամավորներն ասում են՝ իրավաչափ ա, բան չունեմ ասելու։ Մարդիկ մոռացել են իրենք ինչի համար են իշխանություն, որ Հայաստանում չլինի կոռուպցիա, չլինի խոշտանգում, չլինի թալան, և այլն։ Դրա համար է եղել հեղափոխություն։ Մենք տեսնում ենք, որ բոլոր ուղղություններով ունենք ռեգրեսներ։ Եթե մարդը կարա արդարացնի բռնությունը, էլ բան չկա խոսելու էդ մարդկանց հետ»,- հակադարձեց Էդմոն Մարությանը։

ՀՔԾ-ից Factor TV-ը տեղեկացավ, որ Կապանի երեկվա դեպքերի վերաբերյալ քրեական գործ դեռևս հարուցված չէ, Դատախազությունից նյութեր են ստացվել, ուսումնասիրվում են նաև առկա հրապարակումները։

Մանրամասները՝ տեսանյութում՞

Ռոբերտ Անանյան