Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը. ԽԱՊԿ

Լուրեր

10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը» վերնագրով հոդվածի հայերեն և ռուսերեն տարբերակները՝ հիմնված ԽԱՊԿ մոնիտորինգի արդյունքների վրա։

 

«Հայաստանի հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու ՌԴ դեսպանության միջև հեռակա բանավեճի ֆոնին հատկապես կարևոր են դառնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մեդիա մոնիտորինգի արդյունքները՝ միտված եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն: Չխորանալով քանակական ցուցանիշների մանրամասների մեջ՝  նշենք միայն, որ Հայաստանում հեռարձակվողներից ամենից շատ հակաեվրոպական բովանդակություն է արձանագրվել ռուսական «РТР-Планета» ալիքի լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերում: Այստեղ այդ «բարիքը» նշանակալիորեն ավելի շատ է, քան հայկական բոլոր հեռուստաընկերություններում միասին վերցրած:

Սակայն գլխավորը նույնիսկ քանակը չէ, այլ բուն բովանդակությունը, որում մանիպուլյացիաները, թշնամանքն ու ատելությունն այն աստիճանի են, որ ակամա հարց է առաջանում՝ իսկ այս ամենը Հայաստանի հեռուստադիտողի, ընդհանրապես ցանկացած դիտողի ինչի՞ն է պետք: Օրինակ, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի ընթացքում մարդիկ հասնում են նրան, որ ֆաշիզմը ներկայացնում են իբրեւ եվրոպական մշակույթի մաս: Իսկ վարողն էլ ոչ միայն չի փորձում նրանց պատշաճության կոչել, այլև ինքն է նույն թեմայով մանիպուլյացիայի դիմում: Այսպես, խոսելով ֆաշիզմի և զանգվածային սպանությունների մասին, Սոլովյովը մեղքը բարդում է ողջ Եվրոպայի վրա. «… Դա թույլ տվեց քաղաքակիրթ Եվրոպան, որը ուրախությամբ սպանությունների ուղարկեց իր քաղաքացիներին… Եվրոպան դրա համար զղջացե՞լ է: Ո՛չ» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2020 թ. փետրվարի 12-ի թողարկում): Նույն հաղորդման ժամանակ Սոլովյովի բարձրաձայն մտորումներն ավարտվում են խտրականության ակնհայտ դրսևորմամբ. « … Ապստամբության ընդունակ էին միայն Խորհրդային Միության մարդիկ և հրեաները, Արևմուտքի մարդիկ կոտրվեցին… նրանք անմիջապես հանձնվեցին: Իսկ խորհրդային մարդիկ և հրեաները ընդունակ էին դիմադրության»: Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, թե Սոլովյովը չգիտի ֆրանսիական դիմադրության, գերմանական հակաֆաշիստական շարժումների, մյուս ժողովուրդների պարտիզանական պայքարի մասին: Բայց դրանք հիշելը նրան պետք չէ, նրա խնդիրը Եվրոպան և եվրոպացիներին սևացնելն է, նրանց վարկաբեկելը:

Ընդհանրապես, ֆաշիզմը Սոլովյովի սիրած թեման է: Եվ այս առումով, այլ փորձագետների թվում, նրա ֆավորիտը Իսրայելից հասարակական գործիչ Յակով Կեդմին է, որը պնդում է. «Մայն կամպֆ», ահա սա է եվրոպական արժեքը: Նացիզմը եվրոպական արժեքների բուն էությունն է, որը Եվրոպան իր պատմության ընթացքում արմատավորել է ամբողջ աշխարհում» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 20-ի թողարկում): Չգիտեմ՝ հեռուստադիտողն ինչ մտածեց, բայց այս մանիպուլյացիան Սոլովյովին, կարծես, այնքան դուր եկավ, որ նա մեկ շաբաթ անց դարձյալ Կեդմիին հրավիրեց ստուդիա, եւ այս անգամ էլ իսրայելցի գործիչը հայտարարեց. «Ես կրկնում եմ և կկրկնեմ. նացիզմը ժողովուրդների անհավասարության վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության ծնունդ է» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 26-ի թողարկում):

Կարելի է բերել ուրիշ թեմաներով ևս բազմաթիվ նման օրինակներ, որ Սոլովյովն ու «РТР-Планета»-ի այլ ծրագրերի նրա գործընկերները մատուցում են հեռուստադիտողին:  Սակայն, հավանաբար, սա էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչպես են ռուսական քարոզչության առաջամարտիկները կիսաճշմարտություններ և բացահայտ սուտ, ատելության խոսք և զանազան մանիպուլյացիաներ տարածում:

Եթե այդ ամենը նախատեսված լիներ բացառապես ռուսական լսարանի համար, ապա դա մեզ համար օրախնդիր չէր լինի: Սակայն «РТР-Планета»-ն հեռարձակվում է Հայաստանում միակ հանրային մուլտիպլեքսով և հասանելի է ողջ երկրի հեռուստադիտողներին, ընդ որում՝ բացարձակապես անվճար: Ընդսմին, ռուսական հեռուստաընկերությունների վրա չեն տարածվում ոչ տեղական օրենքները, ոչ էլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորիչ գործառույթները. «РТР-Планета»-ն մեզ մոտ հեռարձակվում է միջպետական պայմանագրի հիման վրա:

Հասկանալի է, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ դիմակայությունում իր քարոզչական խնդիրները լուծում է, ցավոք, ոչ միայն երկրի ներսում: Սակայն նորից հարցնենք. ինչո՞ւ պետք է հայ հեռուստադիտողը ենթարկվի ռուսական հեռարձակողների «մշակմանը» և դառնա տարբեր անվանարկումների զոհը: Չէ՞ որ նույն միջպետական պայմանագիրը, անշուշտ, չի ենթադրում, որ «РТР-Планета»-ն իր լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերով պետք է հայկական լսարանին ապատեղեկացնի, մոլորեցնի, նրա մոտ իրադարձությունների, երևույթների, երկրների և ժողովուրդների մասին խեղաթյուրված կարծիք ձևավորի:

Կարող են առարկել՝ ասելով. թող չնայեն եթե դուր չի գալիս: Սակայն հայտնի բան է՝ քարոզչությունը նման է աներես ճանճի. քշում ես, մեկ է՝ շարունակում է տզզալ ականջիդ տակ: Եվ այս պատճառով պետք է փնտրել լուրջ որոշումներ, հնարավոր է՝ անգամ միջպետական մակարդակում:

 

Աշոտ Մելիքյան,

Մեդիա փորձագետ»: