Տաքսիստներն ու առաքիչները՝ թիրախում․ բալային համակարգի ռիսկերն ու առավելությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Բոլորը

Նոր տարում հայաստանցի վարորդները սկսել են երթևեկել առավել խստացված կանոններով։ Նրանցից յուրաքանչյուրին տրված է 9 բալ, որոնք կնվազեն ճանապարհային երթևեկության կանոնների ամեն խախտումով։ Բալերի՝ զրոյանալուն պես անձը 1-ից 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ Վարելու իրավունքը անձը կարող է վերականգնել քննություն հանձնելով, եթե լրացել է 6-ամսյա ժամկետի կեսը։ 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի մեքենա վարելու իրավունքից արդեն 1 տարի ժամկետով:

Ճանապարհային երթևեկության կանոնների ո՞ր խախտման դեպքում քանի բալ կպակասի վարորդի հաշվից։

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոց վարելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի վարելու իրավունքից։ Մեծահարուստների անպատժելի որդիները հատկապես պետք է զգուշանան այս տուգանքից՝ միակողմանի երթևեկությամբ տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ մեքենա վարելը տուգանվում է 3 միավորով և 20 000 դրամով։ Խիստ տուգանքներ են սահմանված արագության գերազանցման համար՝ եթե վարորդը գերազանցում է երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ-ով, նա կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով, իսկ եթե գերազանցումը 51-ից 80 կմ/ժ-ի չափով է, կկիրառվի տուգանք՝ 29000 դրամի ու 4 միավորի չափով։

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը ենթադրում է 29 000 դրամ տուգանք և 4 տուգանային միավոր։ Եթե ոչ սթափ վարորդը տաքսի կամ հանրային տրանսպորտ է վարում, ապա նա 6 ամսով կզրվի վարելու իրավունքից։ Իսկ եթե վարորդը դիմադրել ու չի անցել սթափության թեստ, նա վարելու իրավունքից կզրկվի 2 տարով։ Ի դեպ, հանրային տրանսպորտի ծխող վարորդները պետք է պատրաստ լինեն վճարել տուգանք՝ 20 000 դրամի չափով, իսկ նրանց բալային պաշարից կնվազի 1 միավոր։ 25 000 դրամ և 3 միավոր տուգանք կկիրառվի, եթե վարորդը մեքենան դուրս է բերում հանդիպակաց երթևեկելի գոտի, ճանապարհային ոստիկանի կանգնելու հրահանգին չենթարկվելն էլ 1 տարի ժամկետով վարորդական իրավունքից զրկվել է նշանակում։ Կարմիր լույսի տակ մեքանա վարելը կպատժվի 25 000 դրամի չափով և 2 տուգանային միավորով։ Այսուհետ ուշադիր պետք է լինեն նաև ղեկին հեռախոսով խոսել նախընտրողները, կնշանակվի տուգանք 10000 դրամի և 1 միավորի չափով։ Հայաստանցի վարորդների թերևս, ամենանախընտրելի խախտումներից է պետհամարանիշի առնվազն մեկ նիշը փակելը, այդ արարքը այսուհետ կպատժվի 25000 դրամ տուգանքով և տուգանային 2 միավորով։ Ֆինանսական պատժից և բալային տուգանքներից զատ որոշ խախտումների համար քրեական պատիժ է նախատեսված, եթե օրինակ՝ մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի կամ եթե այն վերցվել է վարորդի ձեռքից կամ էլ վարում է կասեցված վարորդական իրավունքով։ Մինչև սեպտեմբեր ամիս ճանապարհային ոստիկանների հայտնաբերած խախտումների դեպքում բալային համակարգը չի կիրառվի։

Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատում է՝ այս փոփոխությունն օրախնդիր է քանի որ տեսահսկման համակարգերն ու արագաչափերը չեն խանգարել մի խումբ վարորդների անպատիժ խախտումներ կատարել. «Վարորդներ կան, որ 2-3 տարվա մեջ թույլ են տվել 4000-5000 խախտում․․․ սակայն չեն վճարել այդ տուգանքները, որովհետև գույք չունեն, որևէ նյութական արժեք, ֆինանսական միջոցներ չունեն և հարկադիր կատարողական վարույթները արդյունավետ չեն և լավ գիտակցելով այդ մասին՝ նրանք երբևէ չէին մտածում երթևեկության կանոնները պահպանելու մասին և դիտավորությամբ խախտումներ էին անում։ Սա լուրջ վտանգ է երթևեկության մեջ»։

«Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Քեյանն էլ ասում է՝ բալային համակարգը ի սկզբանե քննարկվել է որպես կանխարգելիչ միջոց, և ոչ՝ վարորդներին պատժելու տարբերակ. «Ինքը սթափեցնող նախագիծ է, որովհետև գիտենք՝ մի շարք իրավախախտումներ գումարային չափով նվազեցվել են, բալային չափ է կիրառվելու և վարորդները փորձելու են օրենքով երթևեկել, որպեսզի վարորդական վկայականի կասեցման խնդրի առջև չկանգնի»։

Ըստ Տիգրան Քեյանի՝ լուրջ խնդիր է առաջացնելու սխալ կանգառի կամ կայանման համար բալային տուգանքների կիրառումը։ Թիրախում կհայտնվեն հատկապես տաքսու վարորդները, առաքիչները։ Եվ իսկապես, Factor TV-ի իրականացրած հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ բալային համակարգից դժգոհ հիմնական խավը հենց տաքսիստներն ու առաքիչներն են. «Սաղ օրը դվիժեննու մեջ ենք ո՞նց կարա տաքսին բալային չունենա, երկու ամսից պրծնելու ա, տասը ամիս էլ տանը քնելու էինք էլի։ Քշում էինք էլի, բալայինը ո՞րն ա էլ։ Ով խախտում չի անում, չուզես էլ, ստացվելու ա, էն էլ տաքսիստների մոտ»։

Մաշտոցի պողոտայում աշխատող տաքսու մեկ այլ վարորդ ասաց՝ իրենց նկատմամբ անհատական մոտեցում պետք է դրսևորվեր, ի տարբերություն տնից աշխատանքի և հակառակ ուղղությամբ ամեն օր երթևեկող վարորդների, իրենք ռիսկային գոտում են գտնվում՝ ԱՊՊԱ-ի համար ավելի մեծ գումար են վճարում, քան մյուսները, մի խոսքով՝ բալային համակարգը իրենց համար չէ։

«Ինքը մեքենան շահագործում է ընդամենը 1-2 ժամ, ես շահագործում եմ 18 ժամ, ինձ էլ 9 բալ, իրե՞ն էլ 9 բալ։ Տաքսու վարորդ՝ 18 ժամ, հնարավոր չի առանց սխալի, անկախ դրանից ստացվում ա։ Թող ինձ էլ բալ գա, բայց իմը ավել լինի։ Ուղևորը ձեռքը բարձրացնում ա, բոլորը փողոցում շարված են, ես տեղ չեմ կարողանում գտնեմ, որ ուղևոր վերցնեմ, ստիպված՝ կամերան նկարում ա երկրորդ շարք»,- ասաց վարորդներից մեկը։

Ըստ վիճակագրության՝ հայաստանցի վարորդների 85%-ը բարեխիղճ վարորդներ են, այսինքն՝ տարեկան մինչև 5 խախտում են կատարում։ Վարորդների 1%-ն է, որ լուրջ իրավախախտումներ են կատարում։ Այս խմբում մեծ է տաքսու վարորդների չափաբաժինը և ըստ Արմեն Խաչատրյանի՝ պատահական չէ, որ հենց նրանք կհայտնվեն թիրախում։ Բալային համակարգից անհանգստացած վարորդների երկրորդ խումբը առաքիչներն են. «Ես, օրինակ, առաքիչ եմ աշխատում, ինձ ձեռք չի տալիս, որովհետև ես երկրորդ գիծ շատ եմ կանգնում։ Սպասվում ա՝ մի երեք-չորս ամիս կքշեմ, ու կզրկվեմ։ Գոնե ժամանակ դնեն՝ ես աշխատող եմ, ես հինգ րոպե կարողանամ կանգնել, սովորական վարորդը հինգ րոպե կարողանա կանգնել»։

Տիգրան Քեյանն ասում է․ «Կենտրոնում, որտեղ խցանումներ են առաջանում և խնդիր է լինում երկրորդ շարք կանգնելիս, հսկողություն իրականացնի ճանապարհային ոստիկանությունը, որը տեսնելով, որ մեքենան թողել հեռացել են, այլ ոչ թե ծառայություն է իրականացնում, այդ ժամանակ բալեր կկիրառի հենց ոստիկանի որոշմամբ, այլ ոչ՝ տեսանկարահանող սարքերով։ Դա լուրջ խնդիր է առաջացնելու»։

Շարքային վարորդները բալային համակարգից ակնկալում են երթևեկության ագրեսիայի նվազում։ Մատնանշում են որոշ թերություններ՝ գծանշումները երբեմն չեն երևում, կան թաքնված նշաններ, որոնք հանգեցնում են ինքնըստինքյան խախտումների, այդուհանդերձ, մեզ հանդիպած վարորդները կողմ են ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանը՝ հույսով, որ խախտումները կնվազեն։

«Տարիներ ի վեր սովորել են անօրինական քշել, խախտում անեն՝ ներեն, ճանապարհային ոստիկանի հետ ջրեն գնա, բայց չէ, խիստը միշտ լավ է։ Հույս ունեմ, որ կօգնի, ավելի հանգիստ վիճակով կքշենք, չենք ասի՝ մեկը կգա ճանապարհ կկտրի։ Ճանապարհային ոստիկանության ցանկացած միջոցառման դեմ չեմ, որովհետև նորմալ վարորդը միշտ էլ հանգիստ ինքն իր ճանապարհով գնում է, խանգարող չկա, մարդուն չեն բռնում անիմաստ տեղը ակտ գրում։ Իսկ արդյունքը ժամանակը ցույց կտա, տարին նոր է սկսվել, պիտի մի քիչ զգաստացած լինեին, բայց հլը նույն ձև նկատում եմ վարորդների, որոնց համար մեկ է՝ բալային է, թե՝ ոչ»,- ասաց վարորդներից մեկը։

Մեկ ուրիշը նկատեց․ «Մի քիչ կձգվեն վարորդները, կզսպվեն մի քիչ, կսկսեն իրենց ճիշտ պահել, կարգին քշել, չխանգարել, երթևեկության կանոնները պահպանել։ Պիտի որ դրական արդյունք տա, վատ վարորդները մի քիչ կքչանան։ Հաջորդ վարորդը հույս հայտնեց․ «Անկարգ վարորդներին մեջտեղից կհանի դուրս, երևի ճիշտ է, շատ կան, թե՛ անկարգ վարորդներ, թե՛ վարորդներ, որոնք վարել չգիտեն, հիմնականում կանանց շրջանում, դա կկարգավորի, ու տրանսպորտը կթեթևանա ինչքան վարորդների զրկեն»։

Չնայած դեմ և կողմ կարծիքներին, Արմեն Խաչատրյանը վստահ է, որ մահերի թիվը կնվազի։ 2019-ին ճանապարհատրանսպորտային խախտումների հետևանքով 340 զոհ է գրանցվել, պատգամավորը շեշտում է՝ ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորուստներն էին։ 6000-ից 7000 մարդ վիրավորվում է, որոնց մի մասը ցմահ մնում են հաշմանդամ։ Տիգրան Քեյանը համոզված է՝ բալային համակարգը չի բերելու մահերի նվազեցման, ներդրվող համակարգը ունակ չէ։ Նկարահանող սարքերի ու ճանապարհային ոստիկանների թիվն անբավարար է․ «Զոհերի մեծ մասը Երևան քաղաքում չի լինում, հիմնականում՝ միջմարզային և մարզային ճանապարհներին, որտեղ բալային համակարգը չի աշխատելու։ Այստեղ ունենք անհավասար իրավիճակ։ Միայն Երևանում երթևեկողներն են լինելու խիստ հսկողության տակ, իսկ Գյումրիում մենք կարող ենք կարմիր լույսի տակով էլ անցնենք, Աբովյանում կարող ենք հանդիպակաց երթևեկել և բալեր չենք ունենալու, որովհետև հսկողություն չի կատարվում»։

Արմեն Խաչատրյանը համաձայն չէ․ «Այն, որ չի նպաստելու ՃՏՊ-ների կանխարգելմանը, համաձայն չեմ, վիճակագրությունը ցույց կտա, սակայն համաձայն եմ, որ ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները համարժեք չեն տիրող իրավիճակին։ ՃՈ-ն այսօր չունի ռեսուրսները, որոնցով պետք է իր առջև դրված խնդիրները լուծի»։

Պատգամավորը հավաստիացնում է՝ ոստիկանությունում իրավիճակից ելքեր են փնտրում՝ իրականացվում են կազմակերպչական փոփոխություններ, որոնցից ամենատեսանելին կլինի պարեկային ոստիկանության ձևավորումը։ Նախատեսվում է կրկնակի մեծացնել ոստիկանության ծառայողների ու ավտոմեքենաների թիվը։ Ծառայության գործարկումը սպասվում է 2020 թվականին։

Ռոբերտ Անանյան