Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
Բոլորը

 

Օրերս հրապարակվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ: Ու թեև ակնհայտ է, որ որևէ ատոմակայան չի կարող անվերջ գործել և դեռևս վաղուց էր հայտնի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ապագործարկվելու է 2026 թվականին, փորձենք հասկանալ այս և այլ ատոմակայանների շահագործման ժամկետները:

Ռեակտորը

Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը: ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում:

Գերմանիան ВВЭР-440/230-ները շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան դա արեց 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:

Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:

Աշխարհում Այս պահին աշխարհի 31 երկրներում գործում է 191 ատոմակայան (որոնք ունեն 448 էներգաբլոկ): Մեծամորի ատոմակայանի 2-րդ (գործող) էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին: Աշխարհում այժմ գործող 448 էներգաբլոկներից միայն 96-ն են, որ Մեծամորի էլեկտրակայանից հին են (ընդ որում, դրանցից մոտ 80-ը շահագործումից դուրս կգան առաջիկա 5 տարում): Ահա դրանց ցուցակը՝ ըստ երկրների.

48-ը ԱՄՆ-ում (դրանցից վերջինը կփակվի 2038թ.),

8-ը Ռուսաստանում (նախատեսվում է փակել մինչև 2025թ.),

6-ը Ֆրանսիայում (փակվելու են 2018-2020թթ.),

6-ը Կանադայում (դրանցից 4-ը կփակվի 2018-2019թթ.),

5-ը Ճապոնիայում (դրանցից 2-ի փակման որոշում արդեն կա),

4-ը Շվեյցարիայում (փակվելու են 2018-2022թթ.),

4-ը Միացյալ Թագավորությունում (փակվելու են 2023թ.),

3-ը Հնդկաստանում,

3-ը Բելգիայում (դրանք փակվելու են 2025թ.),

2-ը Ֆինլանդիայում (փակվելու են մինչև 2039թ.),

2-ը Թայվանում (փակվելու են 2018-2019թթ.),

2-ը Շվեդիայում (փակվելու են 2018-2020թթ.),

1-ը Պակիստանում,

1-ը Նիդեռլանդներում (փակվելու է 2033 թ.),

1-ը Արգենտինայում:

Այսինքն աշխարհում գործող 1960-ական և 1970-ական թվականների էներգաբլոկները անվտանգության նկատառումներով այժմ բավականին ինտենսիվորեն դուրս են բերվում շահագործումից:

Վտանգը

Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Եթե խոսքը ատոմային էլեկտրակայանի մասին է, ապա դրա խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը:

ВВЭР-440/230 միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է:

Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները: Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:

Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:

Փակման վտանգը

Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները:

Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Միաժամանակ, սակայն, նոր ատոմակայանի կառուցումը ևս թանկ է, և կառուցման ներդրումը էլեկտրաէներգիայի գնի մեջ ներառելը ևս կհանգեցնի սակագների ավելացմանը:

Այլ կերպ ասած, Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը՝ ցանկացած սցենարով, կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետևանքներով: Հայաստանի իշխանությունները ամեկ կերպ փորձելու են երկարացնել այդ հեռանկարը, սակայն անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:

Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»