Մեղրու N 2 դպրոցում ՀՀԿ-ն կուսակցական ժողով է անցկացրել. կրթական համակարգի չարաշահման դադարեցման մասին 6 ՀԿ հայտարարություն է տարածել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

2017 թ. սեպտեմբերի 27-ին Armtimes.com կայքը տեղեկություններ եւ լուսանկարներ էր հրապարակել1, այն մասին, որ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն անցկացրել է կուսակցական ժողով, որի ընթացքում կուսակցության շարքեր են ընդունվել նոր անդամներ, բաժանվել են անդամատոմսեր: Այս հրապարակմանը անդրադարձավ նաև ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը` պարզաբանում պահանջելով մարզպետից և իջեցնելով շրջաբերական, ինչը, անհամաչափ լինելով չի կարգավորում խնդիրը և, նույնիսկ, քողարկում է այն:

Սույն հայտարարությամբ ցանկանում ենք առաջ քաշել մի քանի հարցադրումներ:

1. Հիշյալ հրապարակումը հայտարարություն է օրենքի 2 խախտման մասին, առնվազն. դպրոցների տարածքում արգելված է ցանկացած քաղաքական (հատկապես կուսակցական) միջոցառում և/կամ քարոզչություն: Ակնկալում ենք, որ սույն հայտարարությունը կընդունվի որպես օրենքի ակնհայտ խախտման մասին հայտարարություն` հրավիրելով ՀՀ Արդարադատության ու Կրթության և գիտության նախարարությունների ուշադրությունը խնդրին, եթե նախորդ հրապարակումը վրիպել է նրանց ուշադրությունից:

2. Ցանկանում ենք հստակ համեմատական անցկացնել Մեղրիում գումարված կուսակցական ժողովի և վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների և հակակոռուպցիոն այն ռազմավարության միջև, որին մեծ խանդավառությամբ սատարում են արդեն երկու վարչապետ և մեկ նախագահ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որում կրթությունն առանձնացվում է որպես մտահոգիչ եւ թիրախային ոլորտներից մեկը, հստակորեն անդրադառնում է կրթական համակարգի` որպես մեկ ամբողջի քաղաքականացվածությանը` վերջինս համարելով կոռուպցիայի առաջին և կարևորագույն պատճառը: Վերջին ընտրությունները` ինչպես բոլոր նախորդները, ցույց տվեցին, թե ինչպես է կրթության համակարգն ընտրությունների ընթացքում ենթարկվում հետևողական և համակարգային չարաշահման: ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների պարագայում տարբերությունն այն էր, որ հանրությունը ստացավ նման չարաշահման և Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 84 ակնհայտ դեպքի մասին անհերքելի ապացույց, և չնայած դրան` որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Ընդհակառակը, համակարգի այդօրինակ կոռուպցիայի դատապարտման դեպքերի իսպառ բացակայության ֆոնին ականատես եղանք իշխող կուսակցության բարձրաստիճան ղեկավարներից շատերի կողմից 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններին ցուցաբերված լիարժեք և անվերապահ զորակցությանը: Այժմ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու մասին բոցաշունչ հայտարարությունների հետ մեկտեղ ակնհատ դիմադրություն ենք տեսնում այդ խնդիրներից ձերբազատվելու ուղղությամբ որևէ իմաստավորված քայլ կատարելու հարցում, չնայած կրթական համակարգի քաղաքականացվածությունը միջազգային, առնվազն, 4 ուսումնասիրություններում մատնանշվել է որպես կոռուպցիայի առաջնային պատճառ3:

3. Ի լրումն այս ամենի ՀՀ ԿԳ նախարարությունը ջանքեր չի խնայում հայոց լեզվի դերի նվազեցման, շատ կասկածելի հիմնավորումներով օտար լեզվի գերազանցության հատկանշման համար: Հայոց լեզվի բարեխիղճ և խորացված ուսուցման հայեցակարգի մշակման, հանրության համաձայնությունն ստանալու և ներդնելու փոխարեն, բազմաթիվ օտար լեզուներից մեկի խորացված ուսուցման հայեցակարգի մշակումը և առաջխաղացումը արժանացավ հանրության խիստ քննադատությանը, www.e-draft.am կայքում դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսուցման հայեցակարգին կողմ արտահայտվեցին քվեարկության մասնակիցների ընդամենը 25 տոկոսը, իսկ դեմ՝ 75 տոկոսը4:

4. Վերջին մի քանի տարիներին և հատկապես այս մի քանի օրերին, շարունակում ենք ընթերցել մարդատյաց նենգափոխություններ, դիտում ենք իշխանական հեռուստահաղորդումներ, որոնցում նույն մեկնաբանները պատմում են, թե ինչպես են օտարերկրյա ուժերը «ներթափանցում մեր ազգի մեջ» և «այլասերում ազգի հոգին», սասանում նրա անվտանգությունը, թշնամանք սերմանում Հայաստանի և Ռուսաստանի միջև, և թե ինչպես են միլիոններ տրվում «մեր ազգի դավաճաններին» այդ կեղտոտ գործն անելու համար: Հիստերիան շարունակվում է` ասելով, թե իբր այդ «դավաճանները» ներթափանցել են անգամ մեր դպրոցներ: Ավելի քան համակարծիք ենք, որ մեծ մասշտաբների են հասնում մեր կրթության ոլորտում տեղի ունեցող չարաշահումները: Եթե կրթությունը համարենք սերնդի, ուստի` ողջ ազգի ապագան, ապա արդարացի կլինի ասել, որ այդ չարաշահումը հավասարազոր է դավաճանության: Այդ չարաշահման դրսևորում է, Հայաստան ՌԴ ԿԳ նախարարի ընդունելության համար ուսանողների անհասկանալի երգուպարը, որով լրացուցիչ անգամ ընդգծվեց իշխանությունների (կամ ԿԳ նախարարության) անհասկանալի ծառայամտությունը, ինչը մեկնաբանում ենք որպես քաղաքական կարճատեսության, քծնանքի և ստորաքարշության դրսեւորում, որին մեր երկիրը եւ քաղաքացիները չպիտի արժանանային: Չարաշահման դրսևորումներն են նաև կրթության որակի շարունակվող վատթարացումը, որակյալ կրթության հասանելիության առումով սոցիալական անարդարության խորացումը, ուսուցչի մասնագիտության նկատմամբ իրականացվող ահաբեկումը և անարգանքը` երբ ուսուցիչներին ճնշում են քվեներ ապահովել, քաջալերելու փոխարեն, որպեսզի նրանք ուժերը ներածի չափ կատարեն իրենց սուրբ պարտքը` կրթեն և դաստիարակեն մեր երեխաներին:

5. Քանի դեռ իշխող վերնախավը շարունակում է չարաշահել կրթական համակարգը և անուշադրության մատնել կրթության կարիքները` ճոռոմաբանելով «մտավոր Հայաստանի» մասին, Հայաստանը որևէ հաջողություն չի ունենա կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում: Ընտրված հատուկենտ դպրոցների` այսպես կոչված գերազանցության կենտրոնների, մեջ միլիոններ լցնելով հնարավոր չէ քողարկել համակարգի շարունակական բարոյալքվածությունը և որակազրկումը: Այդպիսի ներարկումներով ընդամենը խորացվում է որակյալ կրթության մատչելիության խտրականությունը:

Համարում ենք, որ այս ահագնացող ճնգաժամից դուրս գալը համակարգի անհապաղ, ամբողջական ապաքաղաքականացումն է մի կողմից, և մյուս կողմից` ինքնակառավարման կենսունակ մեխանիզմների ներդրմամբ կրթական բոլոր հաստատությունների ինքնուրույնության և ինքնահարգանքի վերականգնումը: Այս հիմքով պահանջում ենք իրականացնել հետեւյալ բարեփոխումները և չսահմանափակվել դրանցով.

1. Իրականացնել և՛ ուսուցիչների, և՛ սովորողների որակի ազնիվ գնահատում,

2. Թե՛ ֆինանսական, թե՛ կրթության որակի տեսանկյունից հանրային վերահսկողության առարկա դարձնել հանրակրթությունը` հրապարակելով «TIMMS 2015» և այլ միջազգային ստուգատեսների արդյունքները,

3. Հրատապ քայլեր ձեռնարկել հանրակրթությունը համահավասար կերպով բոլորի համար հասանելի դարձնելու ուղղությամբ` անկախ ընտանիքի հարստությունից, երեխայի սոցիալական դրությունից կամ բնակության վայրից, սեռից, կրոնից և այլ առանձնահատկություններից,

4. Հանրակրթական բոլոր հաստատությունները ազատել պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզի բոլոր հնարավոր տարրերից,

5. Խստորեն կարգավորել կրթական համակարգն այնպես, որ որևէ հաստատություն չծառայի քաղաքական կամ կուսակցական գործընթացների կամ միջոցառումների,

6. Վերջ տալ կրթության համակարգում ինքնագլուխ և կասկածելի փոփոխությունների պրակտիկան, հանրության մասնագիտացված, փորձագիտական խմբերին արդյունավետորեն և ոչ թե ձևականորեն ներգրավել վերոհիշյալ և այլ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացներում:

Հայտարարությունը բաց է միանալու համար: Գրել [email protected] հասցեին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանուն հավասար իրավունքների

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ