Մահացած զինծառայողի մարմնին 22 վնասվածք է հայտնաբերվել. սպանություն, թե՞ ինքնասպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Նույնիսկ հեղափոխությունից հետո բանակում զինծառայողների մահվան իրական հանգամանքները կոծկվում են, կատարողները՝ մնում անպատիժ, ահազանգում են իրավապաշտպանները։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը մատնանշում է այս տարվա հուլիսի 24-ին Արցախի Հադրութի զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի գործը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեկոյան Վոլոդյա Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, ապա հեռացել է դիրքից ու առավոտյան ինքնասպան եղել։ Հարուցվել են քրեական գործեր ինքնասպանության հասցնելու հատկանիշով, ինչպես նաև՝ սպանության փորձի, մեղադրանք է առաջադրվել մահացած զինծառայողին։

«Իրականում Վոլոդյա Գալոյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է»,- դատաբժշկական փորձաքննությունն ստանալուց և ուսումնասիրելուց հետո առավել հաստատակամ պնդում է մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը․ «Ունենք դատաբժշկի եզրակացություն, որով հաստատվում է, որ կրակոցը ընդհուպ չի եղել։ Դա նշանակում է, որ իր ուղղությամբ կրակոցը արձակվել է շուրջ 1 կամ 2 մետր հեռավորությունից, այսինքն՝ դա բացառում է իր կողմից նման վնասվածք առաջացնելը ինքն իրեն, քանի որ ձեռքը ձգանին պարզապես չէր հասնի, որ ինքն իրեն վնասվածք պատճառեր»։

Դատաբժշկական փորձաքննությամբ՝ մահացած զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել է 22 վնասվածք՝ ճակատին, դեմքին, կրծքավանդակին, բազուկներին, աջ սրունքին։ Մահվան օրն ու դրանից օրեր առաջ զինծառայողին հասցված վնասվածքները, ըստ փորձագետի, կարող էին շատ դաժան հարվածի հետևանք լինել: «Այդ քերծվածքները և սալջարդը պատճառվել է ուղղակի ծեծկռտուքի, քաշքշոցի, հարվածների արդյունքում և եթե 3-ից 5 օրվա վաղեմություն ունի, դա խոսում է այն մասին, որ ինչ բարձրացել է դիրք, այնտեղ սկսել են խնդիրները»,- ասում է փաստաբանը։

Նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ սպանությունից առաջ Գալոյանն ու դիրքի ավագը վիճաբանել են բջջային հեռախոս պահելու թեմայով։ Վկաները ցուցմունք են տվել, թե դիրքի ավագը հարվածել է Գալոյանի դեմքին, որը ինքնաձիգը ուղղելով սպայի վրա, կրակահերթ է արձակել, բայց թաքնվելով գետնատնակում, սպան խուսափել է գնդակներից։ Նախաքննական մարմինը անգամ փորձել է գործը կարճել, նախ՝ մահացած զինծառայողին տուժող չէր ճանաչել, սակայն միջամտել է Դատախազությունը։ Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ մահից րոպեներ առաջ Գալոյանը մորեղբոր տղային պատմել է դիրքի ավագի հետ խնդրի մասին, օգնություն խնդրել․ «Նա չէր կարող այդ զանգից հետո ուղղակի գնալ և ինքնասպանություն գործել այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ իրեն պետք է օգնեն այդ հարցը լուծել»։

Նաև դատաբժշկական փորձաքննության տվյալներից ելնելով՝ փաստաբան Սարգսյանը պնդում է՝ քրեական գործը պետք է քննվի սպանության հոդվածով, և ո՛չ ինքնասպանության հասցնելու․ «Ակնհայտ է, որ սպանել են Վոլոդյա Գալոյանին, այլ ոչ թե ինքնասպանություն։ Կարծես տարիներ շարունակ ձևավորվել է ձեռագիր, որ ստոր-կզակային հատվածից պատճառված վնասվածքով հայտնաբերում են զինվորների դիակը և ասում են ինքնասպանություն է գործել։ Սա սերիական հանցագործության տարրեր է պարունակում, այսինքն՝ մենք ունենք ազգային անվտանգության խնդիր»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի ու Արցախի Զինված ուժերում մահացել է 35 զինծառայող՝ 15-ով պակաս, քան անցած տարի։ Այս տարի սպանություն է որակվել 4, ինքնասպանություն՝ 8 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի 1-ին 9 ամիսներին գրանցվել էր սպանության 5, ինքնասպանության 8 դեպք։ Իսկ ահա 2017-ի առաջին 9 ամիսներին բանակում գրանցված մահացության 46 դեպքից ինքնասպանություն է որակվել 9-ը, սպանություն՝ 6-ը։

Վոլոդյա Գալոյանի մահը խոշտանգմամբ սպանություն համարող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ զինծառայողների իրավունքների պաշտպանության 11 տարվա փորձ ունի, ասում է, որ բանակում մահվան մյուս դեպքերը ևս ավանդաբար չեն բացահայտվում․«Բանակում սպանությունները կատարվում են և քննչական կոմիտեի հետ միասին է կոծկվում, տվյալ զորամասի հրամանատարությունը միանշանակ՝ Գալոյանի դեպքով ստացել է քննչական մարմինների համաձայնությունը՝ ինչ-որ ձևով կոծկել գործը։ Սա խայտառակ մի իրավիճակ է բանակում, ավելի վատ, քան երբևէ։ Ինքնասպանություն որակումը շարունակվում է, սա միանշանակ ինքնասպանություն չի կարող լինել։ Լավ կլինի՝ իշխանությունը մտածի իրավիճակը փոխելու և մեր երիտասարդ տղաներին մահվանից հետո գոնե ինքնասպան չդարձնելու մասին»։

Իրավապաշտպանը նկատում է, որ զինծառայողի մահվանը ինքնասպանության որակում տալը հանցագործներին ազատում է պատժից, ըստ այդմ՝ մեծ է կոռուպցիայի ռիսկը։ Մյուս կողմից, եթե մահերը իսկապես ինքնասպանություններ են, դա վկայում է բանակում բռնի մթնոլորտի մասին:

«Նոր իշխանության օրոք որևէ բան չի փոխվել Քննչական կոմիտեում, գործերը կարճում են հենց սկզբից, հեքիաթային հաղորդագրություններով, որով մամուլը ուղղակի արձանագրում է այդ հեքիաթային հաղորդագրությունները, բայց հենց այդ հաղորդագրություններից է երևում, թե ինչ ընթացքով է տանելու քննությունը Քննչական կոմիտեն։ Խախտումները անթիվ անհամար են նաև մյուս գործերով, որ մենք զբաղվում ենք»,- ասաց Ալեքսանյանը։

Յոթ տարի բանակի խնդիրներով զբաղվող «Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը ևս պրակտիկայում հանդիպում է ինքնասպանություն որակված կասկածահարույց մահվան դեպքերի․ «Եթե գործը մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ անգամ ինքնասպանության նման էլ չի, դեպքը ինքնասպանության հետ կապ չունեցող դեպք է, ենթադրենք՝ մարդը 5 անգամ իր վրա կրակել է, ու ասում ենք ինքնասպանություն է, կամ եթե նայում ենք ինչ հետագիծ է ունեցել գնդակը, ակնհայտորեն ինքնասպանություն չի»։

Էդգար Խաչատրյանը ևս հեղափոխությունից հետո զինծառայողների մահվան գործերի բացահայտման ուղղությամբ լրջագույն աշխատանք չի տեսնում՝ լավ հասկանալով, որ կոծկման հետևում սպասարկվում են կոնկրետ շահեր: «Եթե ենթադրենք՝ նախորդ կոռումպացված համակարգում գործերը կոծկելու համար գումարներ են տրվել, սա նշանակում է, որ հիմա ատամներով պետք է պահվեն այդ գումարները, դժվար է այդ պարտավորությունները չկատարել, իսկ էս պարագայում, նույն մարդիկ, որոնք քննել են էդ գործերը, հիմա մենք անընդհատ ուղարկում ենք նույն քննիչին, և ասում՝ բացահայտի, դա անհնար է»,- նշեց նա։

Իրավապաշտպանները պնդում են՝ եթե զինծառայողների մահվան գործերի չբացահայտումը քննչական մարմինների աշխատանքով է պայմանավորված, ապա չպետք է անտեսել Պաշտպանության նախարարության անելիքը բանակում մահերը կանխելու իմաստով։ Իսկ թե ինչպես է այդ աշխատանքը արվում, ըստ իրավապաշտպանների՝ վկայում են ինքնասպանությունների ու սպանությունների տարեցտարի չպակասող թվերը։

Ռոբերտ Անանյան