«Այս սպանությունը, վկայի վերացումը բխում էր Ռոբերտ Քոչարյանի շահերից». Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյան, երեկ երեկոյան, նախնական վարկածով, ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Դուք ունե՞ք ենթադրություն, թե ինչը կարող էր լինել նման արարքի պատճառ:

-Ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանն այն հայտնի նիստում, երբ քննարկվում էր իր խափանման միջոցի փոփոխությունը և ինքը մնաց անազատության մեջ, մինչդեռ սպասվում էր, որ ՍԴ որոշումը կմեկնաբանվի հոգուտ Ռոբերտ Քոչարյանի, այդ նիստում նա 4 անուն էր տվել՝ Սերժ Սարգսյանի, Տիգրան Թորոսյանի, Արմեն Գևորգյանի և Հայկ Հարությունյանի: Ըստ որում՝ նրա արած հայտարարությունը մոտավորապես այսպիսին էր, որ ես միայնակ չեմ արել, հասկացնում էր, թե ինչո՞ւ եմ ես գլխավոր մեղադրյալը։ Արմեն Գևորգյանը, իհարկե, անցնում է որպես մեղադրյալ, բայց Հայկ Հարությունյանը և Տիգրան Թորոսյանը վկա են: Ընդ որում՝ Հայկ Հարությունյանն առանցքային վկա էր։ Եթե ուշադրություն դարձնենք Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերում վերջին ելույթներին և նրա պաշտպանական թիմի ելույթներին, մենք կտեսնենք հետևյալ գիծը՝ ես ամեն ինչ արել եմ Սահմանադրության շրջանակում, Սահմանադրությունն ինձ տվել է արտակարգ դրություն մտցնելու լիազորություն, Սահմանադրությունն ինձ տվել է 0038 հրամանը ստորագրելու որոշում, որը ես արել եմ: Իհարկե՝ մոռանում է, որ Սահմանադրությունն իրեն թույլ չի տալիս Զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում ներգրավել, հետևաբար, իր ասելով, ինքը ո՛չ կապ ունի սահմանադրական կարգի տապալման հետ, ո՛չ էլ 10 հոգու սպանության հետ, որոնք, իր կարծիքով, զանգվածային անկարգությունների հետևանք էին։ Նրա պաշտպանները շարունակում էին պնդել, որ Գորիկ Հակոբյանն իրեն տվել է տեղեկություններ, որ ավտոբուսի հետևից կրակում էին։ Հետևաբար, եկեք հասկանանք մի բան. գոյություն ունի հիերարխիա՝ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես այդ ամենի հրաման արձակող, և կա միջանկյալ օղակ՝ ոստիկանական, ազգային անվտանգության և պաշտպանության մասերով։ Միքայել Հարությունյանը փախուստի մեջ է, Հայկ Հարությունյանը, որն արդեն սպանված է, ես պնդում եմ, որ սպանված է և Գորիկ Հակոբյանը, որն ԱԱԾ-ն էր։ Երեք ուժային կառույցներ, որոնք անմիջականորեն ապահովում էին Ռոբերտ Քոչարյանի կապն ավելի ստորին օղակի հետ։ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում Հայկ Հարությունյանը չի թաքցրել, որ բոլոր գործողությունների մասին անմիջապես տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն, ըստ էության, Հայկ Հարությունյանն իր վրայից գցել է այդ ամբողջը և ասել է, որ ամեն ինչ արվել է վերադաս օղակի տեղյակությամբ, ինքն ընդամենը հրամաններ կատարողն է։ Եվ քանի որ սեպտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը տվել էր անուններ, հետևաբար՝ դատարանում սպասվում էր շատ հետաքրքիր առերեսում Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Հարությունյանի միջև։ Ռոբերտ Քոչարյանը մի կողմից ասում է, որ ինքը այս, այս հարցերով այս պաշտոնյաների հետ է շփվել՝ մեղքը բարդելով նրանց վրա։ Հիշո՞ւմ եք, որ Գորիկ Հակոբյանի մահից հետո հրապարակ նետվեցին տեղեկություններ տեսանյութերի մասին, որոնք պարզ չէ, թե ուր են, փաստաթղթերի մասին, որոնք պարզ չէ, թե ուր են։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է մեղքը գցել ստորադասների վրա, իսկ ստորադասները, բնականաբար, ցուցանում են հրաման տվողին։ Բոլոր վարկածները մի բան են վկայում: Այս ինքնասպանությունը, իսկ իմ կարծիքով՝ սպանությունը, վկայի վերացումը բխում էր Ռոբերտ Քոչարյանի շահերից, որպեսզի նա հետագայում դատարանում կարողանա պնդել, որ ինքը կապ չի ունեցել Գեղամ Պետրոսյանի հետ, որը նույնպես ցուցմունք է տվել Ոստիկանության գործողությունների վերաբերյալ, զենքի գործադրման վերաբերյալ:

-Հնարավո՞ր է, որ սա միակ «ինքնասպանությունը» չլինի:

-Շատ վախենում եմ, բայց պիտի հաստատեմ, որ սա, հնարավոր է, միակը չլինի, որովհետև մենք այս ձեռագիրը տեսել ենք 1998 թվականից հետո, 1999-ից հետո, Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ խորհրդավոր ինքնասպանությունների տեսքով՝ Հենրիկ Խաչատրյանի, Արծրուն Մարգարյանի, Վահան Խորխոռունու։ Սրան էլ հավելած՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, տարիների ընթացքում վկաների մաքրումը, հիշենք, որ բավականին շատ վկաներ շատ կասկածելի հանգամանքներում մահացան։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է «քաղաքականության» մեջ, այդ ընթացքում տեղի են ունեցել սպանություններ, ինքնասպանություններ, հարձակումներ, ծեծկռտուքներ, հարյուրավոր լրագրողներ ենթարկվել են բռնությունների։

-Հնարավո՞ր է՝ Հայկ Հարությունյանի մահը դժվարացնի Մարտի 1-ի բացահայտումը։

-Նույն հարցը ես տվել եմ քրոջս՝ Սեդա Սաֆարյանին, որը գործով մասնակցում է: Հայկ Հարությունյանի կենդանությունը շատ շերտեր կարող էր ի հայտ բերել, բայց մահը հաստատապես չի կարող կոծկել այն շղթան, որն այլևս վերականգնված է սահմանադրական կարգի տապալման առումով: Եվ այստեղ Հայկ Հարությունյանի ցուցմունքները բավականին հստակ են եղել, բոլոր գործողությունները՝ սկսած վարտի 1-ի վաղ առավոտյան տեղանքի զննությունից, զեկուցվել է ամենաբարձր մակարդակով, մինչև ՀՀ նախագահ: Դա նշանակում է, որ ամբողջը թելադրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նրա ցուցմունքները ոչ մեկը կասկածի չի ենթարկել։ Նա այդ ցուցմունքները տվել է կամովին, առանց ճնշման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան