Միլիոնավոր դոլարների վարկերն ու ցամաքած ջրամբարները

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Հուլիսի 6-ին խորհրդարանն ընդունեց Սևանից ջրառը 100 միլիոն խորանարդ մետրով ավելացնելու օրինագիծը։ Բնապահպանները դա անթույլատրելի համարեցին՝ ահազանգելով, որ լրացուցիչ ջրառի արդյունքում Սևանի մակարդակը կիջնի 10 սմ-ով:

Սևանից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Կառավարությունն այս տարի 270 մլն խ/մ վերցրեց: Ասացին՝ կամ պետք է ջուր վերցնենք, կամ պետք է 130 հազար գյուղացիների այգիները չորանան:

Չնայած տարին ձնառատ էր, բայց ջրամբարներում ջուր չկա: Խնդիրն այն է, որ ոռոգման համակարգում ջրի կորուստներն անցնում են 50 տոկոսից: Մինչդեռ վերջին 20 տարիներին բազմաթիվ ջրագծեր են կառուցվել,  որոնք պետք է ջուրն առանց կորուստների տեղ հասցնեին,  նաև՝ վերակառուցվել են խոշոր  ջրամբարներից մի քանիսը:

Դիտարկենք, թե վերջին տարիներին քանի ջրամբար և քանի  ջրատար է  կառուցվել  ու վերակառուցվել Հայաստանում՝ վարկերի, դրամաշնորհների ու հանգանակությունների օգնությամբ:

Տակավին օրերս՝ սեպտեմբերի 22-ին ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտնեց, որ ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 47 մլն դրամ:

Սեպտեմբերի 15-ին էլ  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.5 մլրդ դրամ արժողությամբ:

Իսկ սեպտեմբերի 19-ին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Շիրակի, Վայոց ձորի և Արարատի մարզերում շահագործման հանձնեց ոռոգման 5 ջրատարներ, որոնք Սարդարապատ, Արևաշատ և այլ համայնքներում գյուղացիներին թույլ կտան տարվա ընթացքում 2 անգամ բերք ստանալ:

Նախորդ տարի էլ՝  հունվարի 26-ին, ՀՀ ֆինանսների նախարարը, Զարգացման ֆրանսիական գործակալության փոխնախագահը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը ստորագրեցին 75 մլն եվրո արժեքով վարկային համաձայնագիր, որի նպատակն էր մեղմել սակավաջրությունն Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի:

2015թ. դեկտեմբերի 8-ին Երևանում գումարվեց Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը, որում հաստատվեց Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը:

Նույն տարվա սեպտեմբերի 3-ին Վիեննայում ՀՀ ֆինանսների նախարարի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրենի միջև ստորագրվեց «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր: Ծրագրի նպատակն է Հայաստանի 7 մարզերում բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

2015թ. հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Վերականգնման վարկերի բանկից 50 մլն եվրո վարկային համաձայնագիր: Այն ուղղվելու էր  «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» ծրագրին՝ գետի բարձրացմանը:

Ավելի վաղ՝ 2014թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը և  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրեցին դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր: 50 մլն եվրո արժողությամբ վարկը և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհը նախատեսված էր ուղղել Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Նույն ջրամբարի վերականգնման համար 2013 թվականի դեկտեմբերի 11-ին էլ խորհրդարանը հավանություն տվեց 18.5 մլն եվրո վարկային համաձայնագրին:

2013թ. մայիսի 23-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում վերականգնվեցին 52 կմ երկարությամբ  ջրանցքներ՝ նվազեցնելով պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները:

Միայն վարկերով, դրամաշնորհներով չէ, որ ոռոգման խնդիրներ են լուծվել: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել  համահայկական ջանքերով: Հայաստան համահայկական հիմնադրամն իր գոյության ընթացքում վերանորոգել է Տավուշի մարզի Կիրանց, Սրանոց, Դիտավան և Վազաշեն համայնքի ջրանցքները: Կառուցվել են նաև Լոռու մարզի Լեռնապատ, Սյունիքի Լեհվազ, Ակներ, Արագածոտնի Նոր Ամբերտ, Բյուրական գյուղերում և այլն:

Եթե կառուցել ենք այդքան ջրատարներ, վերականգնել ջրամբարներ, տարին էլ  ձնառատ է եղել, ուրեմն ինչո՞ւ ենք վերստին մնացել Սևանից լրացուցիչ ջրառի հույսին: Դա նշանակում է, որ վերցրած հսկայական վարկերը, որոնց միայն մի մասին մենք անդրադարձանք, զուր են եղել: Ընդ որում փաստենք, որ Սևանի ջուրը նպատակակետին հասնելու ճանապարհին  50 տոկոսից ավելի կորուստ է ունենում` ինչպես հիդրոէներգետիկ համակարգում, այնպես էլ` ջրանցքներում:

Իսկ երբ  առկա է սխալ  կառավարում, միշտ էլ կլինեն արդարացումներ, ինչպես այժմ, երբ կառավարության ներկայցուցիչներրը հավաստիացնում են, ձյունը հալչելուց լցվել է ոչ թե ջրամբարներ կամ գետեր, այլ ներծծվել է հողի մեջ:

Փաստը մնում է փաստ, որ արտաքին պարտքի կտրուկ ավելացման գնով միլիոնավոր դոլարների վարկային միջոցներով կառուցվել են և վերակառուցվել են ջրամբարներ, ջրավազաններ, ջրատարներ, եղել է աննախադեպ քանակի ձյուն, բայց՝ ջրամբարները դատարկ են, ոռոգման  ջուր չկա և միակ հնարավորությունը դարձյալ մնում է Սևանից լրացուցիչ ջրառը: Արդյոք վարկային միջոցների կորուստը նույնքան մեծ չի՞ եղել, որքան Սևանից մինչև ոռոգվող տարածքներ  հասնող   ջրի կորուստը: 

 

Սևակ Հակոբյան