Ապրիլյան պատերազմի հերոսը կարիքի մեջ է․ ե՞րբ վարչապետի կարգադրությունը կդառնա իրականություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Հայկ Սեխլիյանն է։ Դողը ոտքերում է արդեն երեք տարի։ Ավտոմեքենայից իջնել ու քայլել կարող է միայն ձեռնափայտով, որն ամեն անգամ կինն է մոտեցնում․ «Դու միանգամից քայլդ կարողանում ես անել, ոտքիդ հրաման ես տալիս, ինքը անում ա, իսկ իմ մոտ 3-ից 4 վայրկյան ա տևում մինչև իրեն հրաման տալիս եմ, ոտքս հանում ա, 3-ից 4 վայրկյան տևում ա»։

33-ամյա Հայկը ոտքի վրա կարող է մնալ առավելագույնը 10-15 րոպե, այն էլ՝ եթե եղանակը չորային է․ «Իսկ եթե խոնավ ա, էդ ժամանակ հեչ լավ չի լինում՝ անընդհատ ցավեր, ծակծկոցներ։ Ես քայլելիս պիտի պարտադիր գետին նայեմ, դու քայլելիս կարող ես կողքինիդ նայել, ես որ չեմ զգում ոտքերս, պիտի տեսնեմ, որ դրվել ա, նոր քայլը անեմ»,- շարունակում է Հայկը։

Հայկի հետ ողջ ընտանիքն է զգում ու տանում նրա ցավերը, տառապանքը, ծանր է տանում հատկապես տատը․ «Վաայ․․․ դողացնում ա ամբողջ ոտքերը, ներվերը ոնց որ քայքայվի, միանգամից պարարիճ ոնց ա լինում, ցնցումներ ա ստանում ոտքից կամ մարմնից։ Իր ամբողջ օրգանիզմի վրա ազդում ա, էդքան առողջ երիտասարդ էր հիմա նիհարել, դառել․․․ էն Հայկը չի արդեն»,- ասում է Արծվիկ Ռաֆյանը։

Ապրիլյան պատերազմում «Գրադի» ականի պայթյունից ողնաշարի վիրավորումը Հայկի պայքարը սահմանագծից տեղափոխեց թիկունք՝ հանուն առողջության։ Կորցրել է ոտքերի շարժունակությունը, խնդիր է նույնիսկ աստիճան բարձրանալը, զրկվել է զգացողություններից։ Մարմնում բեկորներ է կրում, որոնցից մեկը մոտեցել է ողնուղեղին։ 2016-ի ապրիլի 1-ին զորամիավորման կազմում տագնապով մեկնել են Թալիշ գյուղի դիրքեր։ Ադրբեջանցիներին նախ հետ են մղել Թալիշ գյուղից, ապա ազատագրել գրավված հայկական հենակետերը: «Ամսի 2-ին արդեն կարևոր օբյեկտները՝ «170» հենակետը, մեր առաջին նպատակն էր, որ հետ վերցնեինք։ 6 հոգով պայքարում էինք իրենց՝ Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած «Յաշմա» խմբի դեմ, որոնք մոտավորապես 80-ից 100 հոգի էին, ու բոլորը զարմացած էին, թե ոնց կարելի ա 80 հոգու դեմ 6 հոգով պայքարել։ Ամսի 2 լույս 3-ին գյուղն ամբողջովին մեր հսկողության տակ էր, դիրքերը հետ էինք վերցրել»,- պատմում է Հայկը։

«170» հենակետը ազատագրված էր։ Հայկն ու զինակիցները վերազինվել, պատրաստվում էին կատարել հաջորդ առաջադրանքը, երբ հակառակորդը սկսել է «Գրադ» զինատեսակից ականակոծել։ Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 4-ին, ժամը 4-ի շրջանում։ Վիրահատել են Ստեփանակերտում, ապա՝ տեղափոխել Երևան։ Այս երեք տարիները Հայկն անցկացրել է Կարմիր խաչի ու Զինվորի տուն վերականգնողական կենտրոններում։ Հայկը նշում է․ «Բեկորը հիմա կպած ա ողնաշարիս Տ-3, Տ-4 մակարդակի վրա, ինքը հիմա ամբողջովին կպել ա ողնուղեղին, որը պետք ա հեռացվի։ Հայաստանում ոչ մի բժիշկ վիրահատության համար ռիսկ չի անում։ Անցած տարի հրամանատարիս ջանքերով Գերմանիա հետազոտման գնացի, Գերմանիայի մասնագետներն էլ հրաժարվեցին վիրահատությունից, որովհետև ինքը ռիսկային ու վտանգավոր ա։ Իհարկե, Գերմանիայում ասեցին 6 շաբաթում կբուժենք՝ կհանենք ոտքի՝ ձեռնափայտը ձեռքիցս կգցեմ, ազատ կտեղաշարժվեմ մինչև 10 կիլոմետր»։

Զգացողությունների վերականգնում գերմանացի բժիշկները չեն խոստացել, ասելով, որ բավականին ուշ է դիմել։ Վերջին 70 տարում առաջին դեպքն է, նկատել են գերմանացի բժիշկները, որ մարդու ողնուղեղը վնասվի, բայց նա շարունակի քայլել։ Հայկի պատմելով՝ երեք անգամ հանձնաժողով է ստեղծվել, երեք անգամ էլ հայաստանցի բժիշկները եզրակացություն են տվել, որ հրաժարվում են, չեն կարող բեկորը հեռացնել։ Դրանից հետո ինքն անձամբ է սկսել փնտրել կլինիկա, որտեղ չեն հրաժարվի վիրահատությունից։ Բազմիցս դիմել է Կառավարություն՝ օգնելու խնդրանքով։ Այստեղ Հայկից պահանջել են արտերկրի կլինիկայից փաստաթուղթ ներկայացնել, թե ինչ մեթոդով և ինչքան ժամանակում կբուժեն ու նաև՝ որքան գումար կարժենա։ Բադեն-Բադենի կլինիկայից բերված փաստաթղթերը՝ հավաստումով, որ 6 շաբաթում Հայկը կքայլի, ներկայացրել է Առողջապահության նախարարություն․ «Մերժեցին։ Գրել էին, որ Գերմանիան 100 տոկոս երաշխիքներ չի տվել։ Ասենք, ես 33 տարվա մեջ առաջին անգամ եմ լսում, որ բժշկության մեջ 100 տոկոսանոց բան լինի։ Ես իմ օրինակն եմ բերում՝ դուք 3 տարի առաջ ինձ ասում էիք չես քայլի, ես հիմա ո՞նց եմ քայլում»։

Իր հերթին Կառավարությունը դիմել է գերմանական մի կլինիկա, որտեղ առաջիկայում Հայկը կհետազոտվի։ Պետությունը նրա բուժման համար գումար կհատկացնի, թե ոչ՝ կախված լինի կլինիկայի պատասխանից։ Զինծառայողը լավատես չէ՝ հաշվի առնելով, որ կառավարությունն իր փաստաթղթերը մեկ անգամ արդեն ուղարկել է այս կլինիկա, որտեղից թույլ պատասխան է եկել, քան տվել են Բադեն-Բադենի կլինիկայի բժիշկները։ Անցած տարի ամռանը Զինվորի վերականգնողական կենտրոնում Հայկը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել խնդիրը։ Փաշինյանը կողքիններին կարգադրել է զբաղվել, բայց, ըստ Հայկ Սեխլիյանի, պատասխան չի ստացել մինչև վերջերս։ Կառավարությունում Հայկի մասին հիշել են լրատվամիջոցների հրապարակումներից հետո։ Զանգել ու ասել են՝ նորից են ընթացք տվել իր խնդրին, զբաղվում են․ «Ու մինչև էսօր դրական ոչ մի բան չկա։ Հա ճիշտ ա, կլինիկայի թղթերը տվել են, որ իրենք դիմել են, բայց դա հիմք չի, ոչ մի բան չկա։ Իմ խորհուրդը կամ խնդրանքը` պետությունն աջակցի էդ մնացած գումարը տրամադրի, ես գնամ բուժվեմ գամ, ոչ թե անընդհատ սենց ձգձգեն՝ էսօր-վաղը, էսօր-վաղը։ Բեկորը քանի որ կպած ա ողնուղեղին, ամեն րոպե ինքը կարա հետևանքներ թողնի»։

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքի կլինիկայում բուժումը արժի 35 000 եվրո։ Այդ գումարից այս պահին պակասում է 20 000 եվրո, որը Հայկը չունի։ Տատը, որ ամեն պահ մտքով թոռան հետ է, նրա աչքից թաքուն անկեղծանում է՝ ապրելակերպն ընտանիքում խիստ դժվարացել է՝ ծայրը ծայրին հազվի են հասցնում:

«Բերեցին հիվանդանոց շատ ծանր վիճակում, անգամ եթե անկողնուն կպնեին, ինքը ցավին չէր դիմանում։ Երկար տանջվեց, պառկեց «Աստղիկում», Կարմիր խաչում։ Էդ ապրումները և՛ մեր, և՛ իր վրա շատ․․․ ինքն էլ երկու տղա ունի, հասունանում են, մեծանում, իհարկե պարզ ա՝ ապրելակերպը դժվարանում ա, դժվար ա քայլում, մի կերպ։ Օգնող չկա, ո՞վ պիտի օգնի, ես տատ եմ, ի վիճակի չեմ, կամ հայրը երկրորդ կարգի հաշմանդամ ա, ստացածով հազիվ ինքն ա յոլա գնում։ Օգնության կարիք հիմա ինքը շատ ունի, և կարևոր ա իր համար։ Եթե առողջական վիճակը կարգավորի, ոչ մի կոլպեկ չի ուզի, ընդհակառակը նա կուզի աշխատի պետության համար»,- պատմեց Արծվիկ Ռաֆյանը։

2007 թվականից մինչ օրս ծառայում է Զինված ուժերում, մասնակցել է միջազգային առաքելությունների։ Զինվորական գործի նկատմամբ սերը ժառանգել է հորից։ Հայկի մտքում տպավորվել է 91 թվականից մնացած մի պատմություն։

«Հայրս Վայոց ձորի մարզում էլի զինվորական ա եղել։ Փոքր երեխա էի, իր մոտ խաղում էի տանկի վրա, մեր Մոնթեն եկավ պապայի մոտ, նայեցի իրեն, հետը ահագին զրուցեցի, փոքրուց սերը մտավ մեջս դեպի զինվորականություն, կարգապահությունն է շատ ինձ դուր եկել, խիստ ռեժիմը։ Ուզում եմ մի օր շուտ ընտանիքիս աչքերին երջանկության արցունքներ լինի, ոչ թե ամեն առավոտ կամ իրիկուն տենան՝ ես ոնց եմ դողդղալով քայլելով գնում կամ որ ցավերը բռնում են, մի քիչ ուրիշ ա լինում… Անիմաստ սենց ձգձգելով․․․ փոքրուց չեմ սիրել ինչ-որ մեկից ինչ-որ բան սպասել, դրա համար պետությունից ոչ մի բան չեմ սպասում ու սպասելիքներ չունեմ»,- ասաց Հայկ Սեխլիյանը։

Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի ու մեդալների, ինչպես օրինակ՝ Մարշալ Բաղրամյան գերատեսչական մեդալի, Հայրենիքի պաշտպան, Բանակի լավագույն զինվոր-մարզիկ մեդալների և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան