Սերժ Սարգսյանի համար նոր առանձնատո՞ւն, թե այգի․ ի՞նչ է թաքնված երևանյան «չինական պարսպի» հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
06.08.2019 | 19:20Արդեն տևական ժամանակ է՝ Ուլնեցու 8/10 հասցեում վեր խոյացող այս պարիսպը, որը ֆեյսբուքյան օգտատերերն արդեն հասցրել են կոչել երևանյան չինական պարիսպ, հայտնվել է քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ այստեղ վեր է խոյանալու ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր առանձնատունը։ Նշվում է նաև, որ շինարարությունն իրականացվում է խախտումներով՝ վտանգելով Երևանին ջուր մատակարարող գլխավոր խողովակը:
Թեմայի վերաբերյալ ֆեյսբուքում առաջինը գրառում է արել Տիգրան Հովսեփյանը՝ դիմելով երկրի վարչապետին, ԱԺ պատգամավորներին, նախարարներին, լրագրողներին։ Օգտատերը նկատել ու գրել է՝ Սարալանջի փողոցում մեծ թափով շինարարություն է ընթանում, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի համար առանձնատուն է կառուցվում: Շրջանառվող այս տեղեկություններին ի պատասխան՝ երրորդ նախագահի գրասենյակը որևէ հայտարություն չի տարածել: Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանից: Նրա հեռախոսահամարը երկու օր շարունակ անհասանելի էր, անպատասխան մնաց նաև մեր ֆեյսբուքյան հաղորդագրությունը:
Սարալանջի բարձունքում՝ Մոնումենտի շքեղ դղյակների և Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հարևանությամբ իսկապես լայնամասշտաբ շինարարություն է իրականացվում՝ 9 հազար ք.մ. մակերեսով տարածքում: Առավել հստակ՝ շինաշխատանքերն իրականացվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում:
Շինարարությունն իրականացնում է «Գրիար» ընկերությունը, և Սերժ Սարգսյանի համար առանձնատուն կառուցելուն վերագրելը, հավանաբար, պայմանավորված է հենց «Գրիար» ընկերության հանգամանքով: Բանն այն է, որ այս ընկերությունը պատկանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր և հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում ներգրավված Միհրան Պողոսյանի քեռուն՝ Գրիգորի Հարությունյանին: Ընդ որում՝ այդ տարածքը հենց նրան էր պատկանում։
Ֆեյսբուքյան օգտատերերի տեղեկությունները, որ Գրիգորի Հարությունյանը մտերիմ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի համար շքեղ առանձնատուն է կառուցում, «Գրիար» ընկերության շինվարչության տնօրեն Ստյոպա Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին նախագծում որևէ կառույց չկա նախատեսված:
«Այո՛, ընկերներ են եղել և հիմա էլ ընկերներ են, բայց պարոն Սարգսյանն այդ շինարարության հետ կապ չունի: Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Իմ այսօրվա ունեցած ծրագրում չկա առանձնատան մասին խոսակցություն, չկա առանձնատան նախագիծ: Մեր նախագիծն այգու համար է»,- ասաց Ստյոպա Գալստյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ՝ պետությունից բնակարան չստացավ: Նա ցանկացել է զբաղեցնել ԱԱԾ ընդունելությունների տան շենքը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել: Սերժ Սարգսյանն այժմ բնակվում է իր փեսա Միքայել Մինասյանի՝ Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատանը:
«Գրիար» ընկերության շինվարչության տնօրենը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընթացող շինաշխատանքներին՝ նշեց, որ այս տարածքը համարվում է ռուսաստանաբնակ գործարար Կամո Ավագումովի սեփականությունը, որտեղ հիմնվում է այգի՝ մրգատու և դեկորատիվ ծառերով: Ըստ նրա՝ տարածքը նախկինում պատկանել է «Գրիար» ընկերությանը, որը, սակայն, նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին վաճառվել է Գրիգորի Հարությունյանի մտերիմ ընկերոջը՝ Կամո Ավագումովին:
Ի դեպ՝ նշենք, որ շինհրապարակում առկա ցուցատախտակի վրա, որպես կառուցապատող, նշված է եղել Գրիգորի Հարությունյանի անունը, սակայն ավելի ուշ ավելացվել է Կամո Ավագումովինը:
«Գրիգորի Հարությունյանին չի պատկանել, պատկանել է «Գրիար» ընկերությանը, որը վաճառել է Կամով Ավագումովին: Վաճառվել է անցած տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին, բոլոր աշխատանքերը կատարվում են Կամո Ավագումովի նախագծերով»,-ասաց Ստյոպա Գալստյանը:
Կամո Ավագումովը կամ Ավագումյանը ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր է, ազդեցիկ գործարար: Նա «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատերն է, Ռուսաստանում «Մերսեդես» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ստյոպա Գալստյանը Factor.am-ին փոխանցեց, որ Կամո Ավագումովն այս ծրագիրն իրականացնելու համար 400 հազար դոլար է ներդրել:
Այնուհանդերձ, նշենք, որ շինարարությունն իրականացվում է խախտումներով: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստորաբաժանումն ուսումնասիրություններ է իրականացրել Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում ու պարզել, որ շիանարարական աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի շեղումներով, ինչը կարող է ազդել շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ պարունակել մարդկանց և շրջակա միջավայրի համար: Ընկերությունը տուգանվել է 300 հազար դրամով:
«Բացի տուգանքը՝ 30 օր ժամանակ է տրվել, որ այդ խախտումը վերացվի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել այդ դեպքը»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կարապետյանի փոխանցմամբ՝ հիմնական խախտումն այն է, որ կառուցապատողը կոպտորեն խախտել է շինթույլտվության պայմանները՝ 6 մետրի փոխարեն կառուցելով 18 մետր բարձրությամբ պարիսպներ. «Տեսչական մարմնի պահանջին համապատասխան՝ շինարարական աշխատանքները պետք է դադարեցված լինեն և պետք է վերածված լինեն խախտումները»:
Սակայն Factor.am-ի տեսախցիկներն արձանագրեցին, որ «Գրիար» ընկերությունը շինարարությունը չի դադարեցրել։ Ավելին՝ ընկերության շինվարչության տնօրենը պնդում է, որ աշխատանքները դադարեցնելու առիթ և պարտադրանք չկա: Նա իր արդարացումներն ունի, թե ինչու է շինաշխատանքների ընթացքը խախտվել:
«Դիմացի հետապատի բարձրությունն էր հիմնական պատճառը: Բարձրության նպատակն այն էր, որ տվյալ նիշը, որտեղից պետք է սկսեինք աշխատանքները, նիշի գրունտը չէր համապատասխանում նախագծային պայմաններին: Ուստի հարկ եղավ իջեցնել նիշը, մինչև հասնել մայր գրունտին, ստանալ երկրաբանների թույլտվությունը և դրա պատճառով պատը բարձրացել է ոչ թե վերև, այլ իջել է ներքև, որը հետլիցքից հետո ստանալու է նույն տեսքը»,- ասաց Ստյոպա Գալստյանը:
Տարածքում շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ: Շինթույլտվությունը հատկացվել է 2018-ի սեպտեմբերի 17-ին, երբ Երևանը քաղաքապետ չի ունեցել: Այս ընթացքը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել, իսկ Հայկ Մարությանը դեռ չէր ընտրվել Երևանի քաղաքապետ: Այդ ընթացքում Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարում էր քաղաքապետի նախկին առաջին տեղակալ, այժմ Հայկ Մարությանի խորհրդական Կամո Արեյանը:
Այս շինարարության հետ կապված առկա է մեկ այլ մտահոգություն. բանն այն է, որ այս տարածքում է գտնվում Երևանը սնող ջրատար խողովակներից մեկը: Սոցիալական ցանցերում օգտատերերը մտավախություն էին հայտնել, որ դա կարող է առաջիկայում խափանել ջրամատակարարումը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» մասնաճյուղի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ գլխավոր ջրատարի տեղափոխություն է եղել: «Գրիար» ընկերությունն այն կատարել է իր միջոցներով:
«Այստեղ գալիս է «Արզնի-մեկ» ջրատարը, որը սնում է «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը, և շինարարությունը մեզ ընդհանրապես չի խանգարում: Ինչպես տեսնում եք՝ ձախ մասով կատարված է ծրագրի շրջանցումը, որը շինարարության կառուցվածքից ահագին հեռու է, և դրանից հետո միայն նրանք սկսել են»:
Հավելենք, որ այս տարածքում շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի գարնանը: Շքեղ առանձնատո՞ւն կկառուցվի, թե՞ հանրային այգի, ժամանակը ցույց կտա: «Գրիար» ընկերությունից, սակայն, հավաստում են՝ տարածք մուտքը բոլորին է հասանելի լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան