Գնելով 15.000 կտորանոց խճանկարի մի կտորը՝ կօգնեք գյումրեցի մի ընտանիքի բնակարան ունենալ. առաջին 10 կտորը գնել է Նիկոլ Փաշինյանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Հուլիսի 29-ից մեկնարկել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որի նպատակը մի քանի գյումրեցի անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն է։

Հիմնադրամն արդեն հաջողությամբ մեկ ծրագիր իրականացրել է՝ «Մեկ բացիկ մեկ բնակարան», որի շնորհիվ 4 ընտանիք ունեցավ նոր բնակարան: Հենց սա էլ ոգեշնչել է թիմին՝ հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Հերթը հիմա նոր ծրագրին է:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը 15.000 կտոր ունեցող մի մեծ խճանկարի է վերածել գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Գլխավոր խնդիրը խճանկարի կտորները վաճառելն ու ստացված գումարով բնակարան գնելն է։ Մեկ կտորի արժեքը 1.000 դրամ է, ընդհանուր առմամբ նախատեսվում է հավաքել 15 մլն դրամ:

«Հիմնադրամի խորհրդի նախկին ղեկավար Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ «Մեկ բացիկ մեկ բնակարանը» կարելի է փոխել այլ բանով, և դա ծնվեց խճանկարի տեսքով։ Նպատակն է՝ վաճառել խճանկարի կտորները, իսկ հավաքված գումարով բնակարան գնել տնակում ապրող անապահով ընտանիքի համար: Ուզում ենք, որ այս ծրագրին մասնակցի ամբողջ քաղաքը։ Ամեն մեկն իր ներդրումն ունենա, ոչ թե ինչ-որ բարերարի մոտենանք, խնդրենք, որ օգնի։ Նախագծի ընդհանուր արժեքը 15 մլն դրամ է։ Բացի այդ՝ աճուրդով նաև բնօրինակն ենք վաճառելու, երեխաների համար պիտի փազլներ պատրաստենք, որոնք պիտի վաճառվեն սեպտեմբերի 21-ից»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Խճանկարը փակցված է Գյումրու քաղաքապետարանի շենքի պատին: Բոլոր ցանկացողները խճանկարի կտոր կարող են գնել հենց այնտեղից:

«Տեղում կամավորներ կան, կարող են կտորները գնել տեղում կամ մեր կայքի միջոցով՝ առցանց: Մենք տեսնում ենք գնումը, և եթե մարդը  չի կարող գալ, տեղադրել իր կտորը, մենք ենք տեղադրում, նկարում, ուղարկում ենք իրենց»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Առայժմ պարզ չէ, թե ծրագրի արդյունքում քանի անօթևան ընտանիք բնակարան կունենա, ամեն ինչ կախված է գումարի չափից։

«Ճիշտն ասած՝ հիմա ծրագրել ենք նվազագույնը 2 ընտանիքի համար բնակարան գնել, քանի որ հաշվեհամարին էլ ունենք գումար: 2 կամ 3, տա Աստված՝ 4 ընտանիքի օգնենք։ Մարդիկ էլ, գուցե, իմանալով ծրագրի մասին, թեկուզ սփյուռքից կարող են իրենց մասնակցությունն ունենալ և, ծրագրին մասնակցելուց բացի, նաև գումար հատկացնեն»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենն անկեղծանում է՝ ծրագիրը սպասվածից մեծ արձագանք ունի: Խճանկարի 100-ից ավելի կտոր արդեն վաճառել են:

«Չէինք սպասում, որ ծրագիրն այսքան հնչեղություն կստանա, որովհետև այս 2 օրվա ընթացքում զանգել են տարբեր կազմակերպություններից՝ պետական և ոչ պետական, հասարակական կազմակերպություններից և ամեն ինչով մարդիկ պատրաստ են օգնել, նաև ոգևորում են մեզ: Մենք նման արձագանքի չէինք սպասում»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Ծրագրի առաջին մասնակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նաև նրան է վերապահված խճանկարի վերջին կտորը տեղադրելու գործը: Ծրագիրը կեզրափակվի սեպտեմբերի 21-ին, Գյումրիում Հայաստանի անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառման ընթացքում։

««Շիրակ էքսպո»-ի ժամանակ վարչապետն առաջին տասը կտորը գնեց, վերջին՝ իր անվանական կտորն էլ ի պահ է տվել մեզ։ Երբ սեպտեմբերի 21-ին գա, մենք ենք փոխանցելու իրեն, որ տեղադրի, իսկ 1-ին կտորն իր հետ տարել է, որը, ինձ թվում է, կրկին այդ օրը կդնենք: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է, որ փազլը վերջնական պետք է հավաքվի»,- ասաց Գրիգորյանը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը նաև նշում է՝ նախկին տնօրենների հետ կապված աղմկահարույց պատմություններից ու հարուցված քրեական գործերից հետո էլ մարդիկ վստահում են իրենց, լավագույն օրինակը հենց այս ծրագիրն է:

«Ես այդ մտավախությունն ունեի, որ մարդիկ կարող են չվստահել, բայց այս օրերին հասկացել եմ, որ այդ խնդիրը չկա։ Մենք բաց, թափանցիկ հրապարակելու ենք այս ընթացքում եղած մուտքերը: Հրապարակելու ենք, մեր 6 ամսվա հաշվետվությունը ներկայացնելու ենք քաղաքացիներին»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Էմմա Չոբանյան