Ովքեր ներկա կգտնվեն Զելենսկու երդմնակալությանը
Քաղաքականություն
19.05.2019 | 16:12Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ից ով ներկա կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին. գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան կողմից միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիկ Փերին: Նա նաև նշել է, որ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 5 երկրների` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի նախագահները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը ներկա չեն լինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը` աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։