Մայիսի 1․ Վարչապետ ընտրելու առաջին փորձը ՀՀԿ-ն ձախողում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը Հանրապետության հրապարակում տոնախմբություն է՝ բոլորը սպասում են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։ Միակ խնդիրն այն է, թե ինչպե՞ս իրենց կպահեն հանրապետական պատգամավորները։

«Նրանք լավ պետք է հասկանան, թե ով է այս հրապարակի, մեր հանրության, մեր ժողովրդի թեկնածուն, և այնպես անել, որ նրանք լավ, շատ լավ լսեն, թե ով է վարչապետի թեկնածուն»,- հրապարակում ասում է «Իմ քայլը» շարժման անդամ Արայիկ Հարությունյանը։

Շարժման մեկ այլ անդամ Արեն Մելիքյանը շարունակում է․ «Կոչս ԱԺ-ում գտնվող ՀՀԿ խմբակցության անդամներին՝ չզբաղվել արկածախնդրությամբ և քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»:

Իսկ ըստ Դավիթ Սանասարյանի՝ «իրանք պետք ա հասկանան՝ եթե էսօր փորձ կատարվի իրենք խաղան ժողովրդի կամքի հետ, իրանք կստանան արժանին»։

Խորհրդարանի հատուկ նիստը, որտեղ սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատասխանները պատգամավորների հարցերին, Factor TV-ն ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակում է հենց Հանրապետության հրապարակում, որտեղ, ի դեպ, մեծ խաչ է բերվել։ Մինչև խորհրդարան գնալը Նիկոլ Փաշինյանը տեղեկություն է հրապարակում, նախորդ գիշեր Սերժ Սարգսյանը և Հանրապետականը ժողով են արել և որոշել տապալել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, այնուհետև վերականգնել իրենց իշխանությունը։ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում չի հերքում, որ գիշերը հավաքվել են, բայց շարունակությունը զարմացնող է: «Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան՝ իմը»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Դերասանուհի Արսինե Խանջյանը վարչապետի թեկնածուին լսում է, ինչպես եկեղեցում կլսեին պատարագը։ Խորհրդարանում հնչում են կրակի հետ չխաղալու Հանրապետականին ուղղված վերջին կոչերը:

«Միևնույն է հաղթելու ենք, տակը մնալու է մեր պետությանը ձեր տված վնասը կամ տված օգուտը, տակը մնալու է ձեր անձնական և քաղաքական պատասխանատվությունը պետության առաջ»,- հրապարակում հնչում է խորհրդարանում ելույթ ունեցող ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի ձայնը։

Նիստերի դահլիճ է եկել նույնիսկ Գագիկ Ծառուկյանը, որը բացակայել էր և նախագահի ընտրության ժամանակ, երբ քվեարկվում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, և վարչապետի ընտրության ժամանակ, երբ թեկնածուն Սերժ Սարգսյանն էր։

«Դրա պատասխանը մեկն է՝ որ այսօր ես հարգում եմ իմ ժողովրդին և իմ ժողովրդի որոշումը ինձ համար մեկն է»,- հավատացնում է պարոն Ծառուկյանը։

Հանրապետականը երկու քարի արանքում է՝ ընտրել Փաշինյանին և կորցնել իշխանությունը, թե՞ չընտրել և երկրում ուժեղացնել ժողովրդական հուզումները։

«Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»,- խորհրդարանում լրագրողներին ասում է  ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։

Այնուամենայնիվ, պարոն Բաղդասարյանը չի ասի, թե Հայաստանը չի ունենալու վարչապետ, և նա չի լինի ժողովրդի թեկնածուն, բայց սկզբից նրա ծրագրերը լսել է պետք։

«ՀՀ-ն կունենա վարչապետ, և մենք չենք խոչընդոտելու ընտրություններին»,- անորոշությունը փորձում է ցրել պարոն Բաղդասարյանը։

Խորհրդարանն սկսում է աշխատանքները։ Արա Բաբլոյանը կոչ է անում լինել զուսպ և բարեկիրթ միմյանց հանդեպ։ Վարչապետի թեկնածուին կներկայացնի Արարատ Միրզոյանը։

«Նիկոլ Վովայի Փաշինյան, ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում»,- սկսում է պարոն Միրզոյանը։

Ամբիոնին է մոտենում վարչապետի թեկնածուն։ Նա ասում է, թե ինչու բանը հասավ հեղափոխությանը՝ Սերժ Սարգսյանը որոշեց պահպանել իշխանությունը, ինչը հնարավոր չէր թույլ տալ։

«Ժողովրդի նպատակը ոչ թե որևէ անձին որևէ անձով փոխարինելն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված, հակաժողովրդական, բիրտ համակարգը փոխարինելը»,- սկսում է Նիկոլ Փաշինյանը։

Իրավիճակը բարդացավ, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետականը փորձեց իշխանությունը պահել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանով։ «Մերժիր Սերժին» կարգախոսն ուղղվեց ամբողջ ՀՀԿ-ի դեմ։

«Այս պահից ԱԺ ամբիոնից դիմում եմ ՀՀ ժողովրդին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն՝ սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ, մի մնացեք տանը և այս պահին դուրս եկեք փողոց, եթե դա չեք արել դեռևս»,- ահազանգում է վարչապետի թեկնածուն։

Փաշինյանն ընդհանուր գծերով Հանրապետական խորհրդարանին ներկայացնում է, թե ինչպիսի վարչապետ է լինելու ինքը, եթե ստանա նաև իր հակառակորդների քվեն, որոնց դեմ էլ ուղղված էր հեղափոխությունը։

«Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ՀՀ ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնին զուգահեռ»,- շարունակում է հավատացնել Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ» ասելիս Փաշինյանը երբեք չի նայում պատգամավորների աչքերի մեջ, այլ դահլիճում եղած տեսախցիկներին։ Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած»,- ասում է վարչապետի թեկնածուն։

26 պատգամավոր հարց ունի Նիկոլ Փաշինյանին ։ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ուզում է իմանալ՝ ուժայինները հաշվետու լինելո՞ւ են խորհրդարանին:

«Միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ»,- հայտարարում է թեկնածուն։

Հանրապետական Ռուզաննա Մուրադյանի հարցը փոքր-ինչ դրամատիկ զարգացում ունեցավ խորհրդարանում։ Տիկին Մուրադյանին հետաքրքիր էր՝ դպրոցականներն ի՞նչ գործ ունեին հեղափոխության հետ։ Փաշինյանը պատասխանում է․ «Ես ողջունում եմ ուղղակի աշակերտների ակտիվությունը և համոզված եմ, որ այս ակտիվությունը կշարունակվի մինչև այս պրոցեսի վերջնական, աներկբա, հաղթական ավարտը»։

Խորհրդարանի ղեկավար, մանկաբույժ Արա Բաբլոյանին այս պատասխանն ամենևին դուր չի գալիս։ Նա ասում է․ «Ես կօգտագործեմ այն, ինչ որ ձեզանից սովորել եմ և 10 րոպեով կլքեմ դահլիճը՝ որպես բողոք այն հայտարարության, որ արեցիք երեխաների կապակցությամբ»։

Հերթը ելույթներինն է, Հանրապետության հրապարակում սպասման էներգիան չի պակասել։ Ելույթներում հիմնական ձայնը Հանրապետականինն է, նրանք ուզում են հասկանալ, թե ով է հավակնում երկրի առաջին պաշտոնին։

«Ես չեմ կարողանում հասկանալ՝ մենք ո՞ր Փաշինյանի թեկնածությունն ենք քննարկում վարչապետի պաշտոնում՝ չսափրված, որսորդական շորերով, փողոցներում երթ անող Փաշինյանի՞, թե՞ սափրված, կոստյումով, փողկապով Փաշինյանի»,- հարցնում է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Ասելիք ունի նաև պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը, նրա մտահոգությունները կապ ունեն առաջիկայում ընդդիմություն չունենալու վտանգի հետ․ «Նիկոլի նման ընդդիմադիր չկա, էսօր որ Նիկոլը գնաց իշխանություն, բա ընդդիմությունն ո՞վ ա լինում, մնում եմ մենակ ես, ըտենց ո՞նց կեղնի։ Ո՞նց կեղնի։ Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր»։

Արմեն Աշոտյանի ելույթ ունենալու փաստին Հանրապետության հրապարակն արձագանքում է բութ մատը ներքև իջեցնելով։ Իսկ նա դեռ չի էլ սկսել։ Ելույթի պահին ժողովուրդը մեջքով է կանգնում հրապարակի էկրաններին և միջամատ ցույց տալիս Արմեն Աշոտյանին։ Հանրապետական պատգամավորը փաստում է՝ Փաշինյանի մոտ ստացվեց, մինչդեռ իրենք չէին հավատում։

«Դուք ասեցիք «Մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին՝ մենք որևէ թեկնածու չենք առաջադրել, այս հաջողությունը ձերն է և մեր ժողովրդի այն հատվածինը, որ մեզ նայում է»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Դաշնակցական Աղվան Վարդանյանը վտանգի կանխազգացում ունի՝ նա չի կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի մի մաս չէ։ Նա ներկայացնում է մի խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի։ Ինքը, սակայն, կողմ չի քվեարկելու, ինքն ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը․ «Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա՝ եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս»։

Կուսակցության արձագանքը չի ուշանում՝ Աղվան Վարդանյանը հեռացվում է կուսակցությունից և նրանից պահանջում են վայր դնել մանդատը։ Իսկ ահա նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի հարց ունի՝ Փաշինյանը կարո՞ղ է աշխատել որպես վարչապետ:

«Նիկոլի նկատմամբ Փաշինյան, անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց ես պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ։ Մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ պետական ղեկը ստանձնելու համար»,- համոզված է Գևորգ Կոստանյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ձայնը դողում է՝ միայն անձնական պատճառներն էլ են հերիք, որպեսզի նա քվեարկի Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Դուք համարում եք, որ իրավունքների խախտում իրականում չի եղել էն օրը, երբ ձեր շարժման իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր և թաղման թափորը դիակը չէր կարողանում հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին»։

Արդեն հասկանալի է՝ Հանրապետականը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին, և ոչ ոք այս քաղաքական ուժին չի ստիպի վերջնագրերով ու շանտաժներով կողմ քվեարկել։

«Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որը արագորեն կծնվի։ Բոլորին ցանկանում եմ համբերություն, Աստված պահապան մեր ժողովրդին, մեր ազգին»,- խմբակցության տեսակետն է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը։

Հրապարակում արդեն մութ է։ Եզրափակիչ խոսքը Նիկոլ Փաշինյանինն է․ «Ժողովրդի հաղթանակը տեղի է ունենալու ամեն դեպքում։ Դուք ինքներդ գիտեք, որ այլևս չեք կարող կանգնեցնել այդ հաղթանակը։ Ես ձեզ կոչ եմ անում միանալ համաժողովրդական զարթոնքին, լինել տոնի հեղինակը և համահեղինակը, որովհետև էական չէ, թե ով երբ է միացել համաժողովրդական շարժմանը»։

Այս խոսքից հետո 105 պատգամավոր ունեցող խորհրդարանը 55 դեմով մերժում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը։ Ըստ Սահմանադրության երկրորդ քվեարկությունը տեղի է ունենալու միայն 7 օր հետո։ Հրապարակը սուլում է պատգամավորներին:

«Մելիք-Ադամյանը գտնվում է ընդամենը 100 մետրի վրա, բայց այդ կուսակցությունում չհասկացան այս հանրահավաքի լրջությունը, նրանք չհասկացան, որ այլևս պատմություն են»,- հավաքվածներին կողմնորոշում է շարժման անդամ Արայիկ Հարությունյանը։

Խորհրդարանից Փաշինյանը գալիս է հրապարակ։ Այստեղ տրամադրությունն այնուամենայնիվ տոնական է։ Վարչապետի մերժված թեկնածուն այստեղ ասում է, որ Հանրապետականի հետ առաջիկայում բանակցությունները կարող են լինել միայն նրա քաղաքական հուղարկավորության շուրջ, դեմ քվեարկելով նրանք միայն ավելի ուժեղացրին շարժումը:

«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ։ Վաղը 8 անց 15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցներն ու երկաթուղիները, օդանավակայանը։ Ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել»,- ներկայացնում է վարչապետի թեկնածուն։

Հրապարակի ամբիոնին կանգնածների մեջ թևածում է սպիտակ աղավնին։ Հաջորդ օրը Հայաստանում սպասվում է քաոս։

Մհեր Արշակյան