«Կովկասյան վագրի» երկրորդ ցատկին նախապատրաստվելիս․ արդյոք Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կնպաստե՞ն դրան

Լուրեր

05.11.2024 | 14:33
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Մայա Սանդուին չի ճանաչում Մոլդովայի նախագահ
05.11.2024 | 14:28
Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի համակարգային խնդիրները. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:24
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին
05.11.2024 | 14:13
Բաքվում ընթացող աշխարհի կրոնական առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները նաև Արցախ կայցելեն
05.11.2024 | 14:09
Գնել Սանոսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:02
Հակոբ Սիմիդյանը՝ 10 մլն ծառ տնկելու ծրագրի և էկոպարեկների ծառայության ներդրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:55
Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. Փաշինյան
05.11.2024 | 13:47
Թրամփն ու Հարիսը հավասար քանակությամբ ձայներ են ստացել քվեարկած ԱՄՆ առաջին քաղաքում
05.11.2024 | 13:43
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 13:40
16.8 մլն դրամ կհատկացվի ՀՀ–ում բնության հուշարձաններն առաջին անգամ անձնագրավորելու համար․ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:33
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան
05.11.2024 | 13:29
Քննարկվել է «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարությանը 15 % բաժնեմասի փոխանցումը
05.11.2024 | 13:25
ՀՀ հայցով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը՝ նոյեմբերի 12-ին
05.11.2024 | 13:18
Քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը
05.11.2024 | 13:11
Անասնապահությունը կրճատվել է, ինչի՞ եք անասնաբուժությանը հատկացվող գումարն ավելացրել․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2007թ.-ին Հայաստանի մասին իր զեկույցում Համաշխարհային բանկն արձանագրել էր, որ առաջին սերնդի կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումները հասել են իրենց նպատակներին և դրել են տպավորիչ տնտեսական զարգացման հիմքերը: Բանկի կարծիքով թույլ տնտեսական մրցակցությունը, պայմանագրային պարտավորությունների վատ կատարումը, կոռուպցիան  և պետության կամայական կամ անկանխատեսելի վարքագիծը, ժամանակակից տնտեսության ողնաշարի առանցքային մաս կազմող ոլորտների (հեռահաղորդակցություն, տրանսպորտ) հետ կապված մեծ ծախսերը, ինչպես նաև մարդկային կապիտալում կատարվող, սակայն ժամանակի պահանջներին չհամապատասխանող, հնացած, քարացած ներդրումները կայուն և դիվերսիֆիկացված տնտեսական աճին խոչընդոտող մարտահրավերներ էին, որոնք զգալի ազդեցություն ունեին այլ ոլորտների վրա:

Երկրորդ սերնդի կառուցվածքային բարեփոխումները պետք է խթանեին տնտեսական մրցակցությունը, բարելավեին բանկային և կապիտալի շուկաները, Հայաստանի տնտեսությունն ինտեգրեին միջազգային տնտեսությանը և դնեին նորարարության ու գիտելիքի վրա հիմնված տնտեսության հիմքերը: Բանկը զգուշացնում էր, որ առանց կառուցվածքային փոփոխությունների Հայաստանը չի կարող պահպանել տնտեսության աճի բարձր տեմպերը: Սակայն իշխանության վերին օղակների ներկայացուցիչները «երկրորդ սերնդի» բարեփոխումներ իրականացնելու առաջարկությունը մեկնաբանեցին յուրովի, ինչի արդյունքում բիզնեսը, խորհրդարանը, կառավարության աշխատակազմը, նախարարություններն ու ավագանիներն ավելի երիտասարդացան, սակայն այդ երիտասարդների մի զգալի մասը ընտանեկան և ազգակցական կապ ուներ իշխանության վերին օղակների հետ։ Եվ իշխանությունը հակված էր շարունակել նախկին պրակտիկան, ինչը որևէ կերպ չօգնեց հաղթահարել վերը նշված մարտահրավերները, և մի ամբողջ տասնամյակ Հայաստանը մղեց տնտեսական ու քաղաքական ցնցումների հորձանուտ:

Եթե սկզբում հանրային դժգոհությունը դրսևորվում էր հետընտրական բախումների տեսքով, ապա բողոքողների շարքում արևմտյան կրթությամբ և քննական մտածողությամբ օժտված երիտասարդների թվաքանակի ավելացումն ավելի խորը բովանդակություն և կազմակերպվածություն հաղորդեց հանրային դժգոհությանը, որը 2012թ. դրսևորվեց Մաշտոցի պուրակի կրպակապատման դեմ ուղղված պայքարի, 2013թ.՝ «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի, 2015թ.՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ: Հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում իմիտացիոն, իրենց իշխանությունն ամրապնդելուն և հավերժացնելուն ուղղված փոփոխությունները հասարակության մի մասի մոտ ձևավորեցին միայն ուժային եղանակով փոփոխություններ կատարելու հնարավորության տեսակետը, սակայն ի վերջո, 2018թ. ապրիլ-մայիսին հաղթեց Հայաստանում խաղաղ ճանապարհով արմատական և արագ փոփոխություններ կատարելու տեսակետը: Փողոց դուրս եկած մարդիկ փոփոխություններ էին  ուզում, ոչ թե մեկ կամ մի քանի պաշտոնյայի, այլ ամբողջ վարչակազմի հեռացում և իրական, արմատական փոփոխություններ:

Իրական փոփոխությունները պետք է գան իրենց բովանդակությամբ փոխարինելու նախկին ձևական մոտեցմանը: Չնայած հայտարարությունների մակարդակում արդեն իսկ հնչել են բազմաթիվ խոստումներ, սակայն մինչ այժմ իրական գործողություններ կատարվում են մեկ-երկու ուղղություններով, որոնցից առանձնանում է հատկապես եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունը: Հիշեցնենք, որ այժմ եկամտահարկի երեք դրույքաչափ է գործում. մինչև 150 հազար դրամ աշխատավարձից գանձվում է 23 տոկոս եկամտահարկ, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ արդեն 36 տոկոս։ Կառավարությունը մտադիր է սահմանել համահարթ՝ եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս:

Այս առաջարկությունը երկու անգամ՝ 2018թ. նոյեմբերին և 2019թ. հունվար-փետրվար ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել։ Եվ միանշանակ է, որ երկրորդ տարբերակն ավելի խիստ քննադատության արժանացավ: Կառավարությունը շատ մեծ խաղադրույք է կատարում այս փոփոխության վրա, և չնայած փաստացի օրինակների բացակայությանը՝ ակնկալում է ազգային տնտեսության մրցունակության բարելավում, ներդրումների գրավչության բարձրացում և ստվերայնության կրճատում:

2019թ. մարտի 7-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Ազգային ժողով ներկայացնել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Հարկային օրենսդրությունը սոցիալական պետության սահմանադրական նորմին համապատասխանեցնելու կողմնակիցները մատնանշում են սոցիալական վիճակի հետագա վատթարացման հետ կապված մեծ ռիսկը: Աջակողմյան հայացքներ արտահայտողները, որոնք, կարծես թե, ոգևորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առանց թվային տվյալներ ներկայացնելու համոզում են, որ օրենսգրքի ընդունումը կօգնի կրճատել ստվերային տնտեսությունը, կբարելավի ՀՀ տնտեսության մրցունակությունը, ներդրումների շահութաբերությունը, ինչի արդյունքում ներդրումները կհոսեն Հայաստան:

Եկամտային հարկի դրույքաչափը գործատուին պետք է հետաքրքրի միայն այն ժամանակ, եթե գործատուն վարձու աշխատողի հետ պայմանավորվում է զուտ աշխատավարձի մասին:  Լսել եմ, որ ավելի ցածր որակավորում պահանջող աշխատանքների դեպքում շինարարության կամ գյուղական վայրերում դաշտային աշխատանքների համար բանվոր ներգրավելիս գործատուն և վարձու աշխատողը պայմանավորվում են զուտ աշխատավարձի շուրջ: Սակայն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման դեպքում գործատուն և աշխատողը սովորաբար պայմանավորվում են համախառն աշխատավարձի վերաբերյալ, որը գործատուն պետք է նվազեցնի վճարման ենթակա հարկի չափով, ապա զուտ աշխատավարձը փոխանցի աշխատակցի բանկային հաշվին, իսկ հարկերը՝ բյուջե:

Ենթադրենք, գործատուն աշխատանքի էր ընդունել երկու աշխատակցի, մեկին 1,256,660 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն վեց հազար վեց հարյուր վաթսուն) դրամ աշխատավարձով, մյուսին՝ 9 մլն դրամ աշխատավարձով: Եթե կառավարության կողմից Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեն ԱԺ-ի կողմից, ուժի մեջ մտնեն 2020թ. հունվարի 1-ից, և գործատուն չփոխի աշխատակիցների հետ իր պայմանավորվածությունները, ապա առաջին աշխատակցի կողմից առձեռն ստացվող եկամուտները 2019թ.-ի համեմատ 2023թ.-ին կավելանան մոտավորապես 1 միլիոն 116.4 հազար դրամով, իսկ երկրորդ աշխատակցինը՝ 15 միլիոն 270 հազար դրամով:

Առաջին աշխատակցի համախառն և զուտ եկամուտները (դրամ)

Երկրորդ աշխատակցի համախառն և զուտ եկամուտները (դրամ)

Հարկային օրենսգրքում փոփոխություններից հետո առաջին աշխատակցի եկամուտները 2020-2023թթ.-ին կենթարկվեն հետևյալ փոփոխությունների (դրամ).

Եթե գործատուն շարունակելու է նույն համախառն աշխատավարձը վճարել վարձու աշխատողին, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա ներդրման շահութաբերության ցուցանիշի վրա, այլ կավելացնի վարձու աշխատողի առձեռն եկամուտը: Իսկ եթե գործատուները շահագրգռված են այս հարցում և կառավարության ղեկավարին առաջարկում են ներդրումները խթանելու նպատակով փոխել եկամտային հարկի դրույքաչափը և պրոգրեսիվ հարկման մեխանիզմից անցում կատարել համահարթ հարկի, ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ գործատուներն իրենց վարձու աշխատողների հետ պայմանավորվել են զուտ աշխատավարձի վերաբերյալ և օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում են այնպես փոփոխել համախառն աշխատավարձը, որ վարձու աշխատողը շարունակի ստանալ նույն զուտ աշխատավարձը:

Այս տրամաբանությունն է արտահայտում նաև ՀՀ ֆինանսների նախարարության տեսակետը, որն արտահայտվել է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հարցազրույցներից մեկում եկամտային հարկի վերաբերյալ արտահայտած այն ձևակերպմամբ, որ «արդյունքում ստացվում է, որ գործատուների կողմից աշխատավարձի ուղղությամբ կատարվող ծախսը մեր երկրում մեծանում է, և դա ունենում է բացասական հետևանքներ»: Որպեսզի առաջին աշխատակցի զուտ աշխատավարձը մնա նույնը, համախառն աշխատավարձն առաջիկա տարիներին պետք է նվազի այնպես, ինչպես ներկայացված է ստորև բերված աղյուսակում (դրամ).

Ինչու՞ է վերը ներկայացվածը կարևոր: 1,256,660 դրամ համախառն աշխատավարձ ստանում է ՀՀ վարչապետը: 2023թ.-ին 2019թ.-ի համեմատ 15 միլիոն 270 հազար դրամով (այսօրվա փոխարժեքով մոտավորապես 31 հազար դոլարով) ավելանալու է այն կառավարչի տարեկան եկամուտը, որն ամսական 9 միլիոն դրամ աշխատավարձի պատճառով մերժել է բարձր պետական պաշտոն զբաղեցնելու ՀՀ վարչապետի առաջարկը:

Արդյոք Հարկային օրենսգրքում նման փոփոխություն նախաձեռնելով՝ ՀՀ վարչապետը, կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորներն անձնական շահ չե՞ն հետապնդում: Չէ՞ որ այս օրենսդրական փոփոխության արդյունքում ֆինանսապես շահելու է վարչապետը,  կառավարությունում, ԱԺ-ում աշխատող և համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող նրա մերձավորագույն անձինք: Եթե օրենսդրական այս նախաձեռնությունն առաջ մղող պետական պաշտոնյաներն անձնական շահ են հետապնդում, ապա դա կոռուպցիայի դրսևորում է: Եթե կառավարության անդամները և ԱԺ պատգամավորները կարծում են, որ ներդրողները շահագրգռված են ցածր եկամտային հարկով, որովհետև որպես գործատու հնարավորություն կունենան ավելի քիչ ծախսեր կատարել իրենց կողմից վարձված աշխատակիցների աշխատավարձերի վրա, ապա նրանք նաև պետք է մտածեն, որ իրենց գործատուն՝ ՀՀ քաղաքացին, ևս շահագրգռված է ավելի քիչ ծախսեր կատարել իր կողմից վարձված աշխատակիցների աշխատավարձերի վրա։ Եվ առաջիկա տարիներին համապատասխանաբար այնպես նվազեցնեն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համախառն աշխատավարձերը, որ նրանց զուտ աշխատավարձը մնա 2019թ. մակարդակին:

Այլապես ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները 27-37 միլիարդ դրամի չափով ավելացնում են իրենց ու քաղաքացիների մի ոչ մեծ խմբի եկամուտներն այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ թոշակառուների կենսաթոշակը ամսական 5 հազար դրամով ավելացնելու համար 30 միլիարդ դրամ է հարկավոր: Հավանաբար ակնարկում էր, որ այդ 30 միլիարդ դրամը կառավարությունը չունի: Իհարկե կառավարությունը թոշակառուների համար լրացուցիչ գումար չի ունենա, եթե իշխանության մեջ գտնվողներն իրենք իրենց նման ճոխ նվերներ մատուցեն: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ չեն փորձում «ժողովրդահաճո» որոշումներ կայացնել: Այս դեպքում կարելի է հստակեցնել, որ եկամտային հարկի հետ կապված իշխանությունը գնում է ոչ թե «կենսաթոշակառուահաճո», այլ «իշխանահաճո» ճանապարհով:

Անհրաժեշտ է օրենսդրորեն կամ սահմանադրությամբ ամրապնդել, որ ոչ մի գումարման ԱԺ կամ այդ ժամանակաշրջանում ձևավորված կառավարություն իր գործունեության ընթացքում չի կարող ուղղակի կամ անուղղակի կերպով (օրինակ, հարկերի դրույքաչափերն իջեցնելով) բարձրացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը: Ցանկացած գումարման ԱԺ պետք է իրավունք ունենա բարձրացնել միայն հաջորդ գումարման ԱԺ-ի և հաջորդ ժամանակաշրջաններում գործող կառավարությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը: Պետական բարձր պաշտոնի ձգտելիս և այն ստանձնելիս այդ պաշտոնյաներն իմացել են աշխատավարձի «ցածր» մակարդակի մասին, և եթե կարծում են, որ իրենք ավելի արտադրողական են և ավելի մեծ վարձատրության են արժանի, ապա բարի գալուստ մասնավոր հատված: Աշխատեք մասնավոր հատվածում, ստացեք, 5 միլիոն, 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն, 9 միլիոն, 10 միլիոն, կամ 50 միլիոն աշխատավարձ, վճարեք հարկերը և, առանց հանրային ուշադրության դաշտում գտնվելու, վայելեք կյանքը: Մասնավոր հատվածում նույնպես բարձրակարգ մասնագետների կարիք կա: Այն անձը, որը պետական պաշտոնից հրաժարվել էր՝ նախապատվությունը տալով 9 միլիոն դրամ աշխատավարձին, շատ ազնիվ էր գտնվել և չէր փորձել գալ պետական պաշտոնի, ստանալ «ցածր» աշխատավարձ, ապա իր «կորուստները» հարկատուների հաշվին փոխհատուցել հարկային դրույքաչափերի նվազեցման, պարգևատրումների կամ այլ եղանակներով:

Բարձրացրեք հաջորդ գումարման ԱԺ-ի և վերջինիս օրոք ձևավորվող կառավարություններում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ազնվորեն և արդյունավետ ծառայեք ՀՀ քաղաքացիներին, հաղթեք հաջորդ ընտրություններում, ձևավորեք իշխանություն և ստացեք բարձր աշխատավարձ: Եվ քանի դեռ Սահմանադրությունը չի տալիս այդպիսի կարգավորում, իշխանությունը պետք է օրինակ ծառայի նույնիսկ առանց սահմանադրական և օրենսդրական կարգավորումների: Պատմությունը վկայում է, որ առավելագույն հաջողության են հասել այն երկրները, որոնց կառավարիչները ղեկավարվել են ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական նորմերով: Այլապես, ինչու՞ պետք է Ջորջ Վաշինգտոնը և նրան հաջորդող 31 նախագահները երկու ժամկետ ծառայելուց հետո հրաժարվեին բարձր պաշտոնից, եթե չկար սահմանադրական այդպիսի պահանջ:

Կովկասյան վագրի առաջին ցատկը պայմանավորված էր հուսահատությամբ: ԽՍՀՄ փլուզումը ծնկի էր բերել դրա մաս կազմող բոլոր նորանկախ պետությունների տնտեսությունները, և արագ ոտքի կանգնեցին նրանք, որոնք արտաքին կամ ներքին սպառնալիքների ազդեցության ներքո կարողացան կենտրոնացնել ուժերը և ցատկ կատարել շատ ցածր մակարդակից: Սակայն իշխանությունների ինքնագոհությունն ու ինքնաբավարարվածությունը, ստեղծվող տնտեսական արդյունքի բաշխման անհավասարությունը, անարդարության զգացողության մշտական առկայությունը, մի շարք այլ բացասական երևույթների հետ միասին հանգեցրին լճացման և հասարակական դժգոհությունների: Փոխվել է իշխանությունը, սակայն դեռևս թույլ է տնտեսական մրցակցությունը (մի շարք ոլորտներում դեռ կան մեծ մասի համեմատ ուժեղ դիրք ունեցող տնտեսվարողներ), դեռ չգիտենք, թե ինչ առաջխաղացում կա պայմանագրային պարտավորությունների՝ ժամանակին և ամբողջական կատարման առումով, կոռուպցիայի մեղադրանքներով պատասխանատվության են կանչվում նախկին և ներկա պաշտոնյաներ։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը ձևավորման փուլում է, և այդ ուղղությամբ տեսանելի քայլեր դեռ չեն կատարվել, մարդկային կապիտալում կատարվող ներդրումները քանակի ու բովանդակության առումով դեռևս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին:

Իսկ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները վկայում են, որ պետությունը շարունակում է կամայական կամ անկանխատեսելի վարքագիծ դրսևորել, քանի որ, չնայած նախկինում այդ բովանդակությամբ հանրային քննարկումների բացակայությանը (հարկային օրենսգիրքը նոր էր ընդունվել), Հայաստանում եկամտային հարկի ոչ բավարար պրոգրեսիվության վերաբերյալ վերջին տարիներին միջազգային ֆինանսական կառույցների դիտարկումներին, 2018թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանրային օրակարգ նետվեց եկամուտների պրոգրեսիվ հարկումից ընդհանրապես հրաժարվելու գաղափարը: Հաշվի առնելով ԱԺ-ում իշխող ուժի ունեցած ձայների քանակը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին կառավարության առաջնահերթություն տալու հանգամանքը և կարևորագույն հարցերում «կազմակերպված» քվեարկելու նախադեպերը՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ամենայն հավանականությամբ խորհրդարանի կողմից կընդունվի առանց մեծ խոչընդոտների: Սակայն արդյոք դա կխթանի՞ կովկասյան վագրի երկրորդ ցատկը:

 

Արտակ Քյուրումյան