Կալլասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
Քաղաքականություն
16.11.2026 | 15:19
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Ուկրաինայի դեմ պատերազմի շրջանակում Ռուսաստանի ներկայացրած զիջումների պահանջներն «աբսուրդ» է որակել՝ նշելով, որ պատերազմը դադարեցնելու համար առաջին քայլը պետք է կատարի Մոսկվան, որը և սկսել է այն, գրում է Politico-ն։
«Ռուսաստանի պահանջներն առավելապաշտական են և իսկապես անհեթեթ։ Նրանք կիրառում են իրենց սովորական գործելաոճը․ սկզբում բազմաթիվ պահանջներ են ներկայացնում, ապա ավելացնում նորերը, որպեսզի դրանցից հետ կանգնելիս ավելի ողջամիտ թվան»,- ասել է նա։
Ռուսաստանի՝ հնգամյա պատերազմը դադարեցնելու պահանջների թվում են Ուկրաինայի ամբողջական դուրսբերումը Դոնբասի շրջանից, Կիևի մշտական չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին։ Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նմանատիպ պահանջներ Մոսկվան ներկայացրել էր նաև 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից անմիջապես առաջ։
Մինչդեռ ԵՄ առաջնորդներն ու արտգործնախարարները պնդում են, որ ցանկացած բանակցության առաջին քայլը պետք է լինի Մոսկվայի կողմից հրադադարի ընդունումը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը, իր հերթին, «բացարձակապես վրդովվեցուցիչ» է որակել առաջարկները, թե իր երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից։
«Մենք պետք է իրավիճակին շատ սթափ նայենք։ Անկախ նրանից, թե ով է բանակցող թիմի կազմում, մենք պետք է հարցնենք՝ արդյո՞ք նրանք փոխարենը որևէ բան պահանջել են։ Պետք է մտածել ոչ միայն այն մասին, թե ինչ կարող ենք առաջարկել։ Մենք ունենք լծակներ՝ պատժամիջոցները և… սառեցված ակտիվները»,- շեշտել է Կալլասը՝ նկատի ունենալով ավելի քան 200 միլիարդ եվրոյի ռուսական սառեցված ակտիվները, որոնք ներկայում պահվում են Բելգիայում տեղակայված Euroclear ընկերությունում։
Կալլասի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել բանակցային թիմի կազմի շուրջ։ Թիմում ընդգրկվել են Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ։ Նրանք կներկայացնեն ԵՄ-ն Ուկրաինայի շուրջ առաջիկա խաղաղ բանակցություններում։
Կալլասը, որի պաշտոնական պարտականությունների շրջանակում են արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը, այդ թիմում ընդգրկված չէ։ Բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաների խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի մասնակցում դրանց, քանի որ նրա ամերիկացի գործընկերը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նույնպես ներգրավված չէ, իսկ բանակցություններն ընթանում են ոչ թե արտգործնախարարների, այլ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։
Հարցին ի պատասխան, թե ինչ դեր կարող են ունենալ ինքը և ԵՄ արտգործնախարարները բանակցություններում, Կալլասը կարևորել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աջակցությունը բանակցողներին։
«Առաջնորդներն են այդ որոշումը կայացրել, հետևաբար՝ դա նրանց որոշումն է։ Ես ամեն ամիս հանդիպում եմ արտգործնախարարների հետ։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ունեմ փորձագետներ, որոնք տեղյակ են նախորդ բանակցություններից և մասնագիտացած են Ռուսաստանի հարցերում, ուստի կարող եմ շարունակել աշխատանքը բովանդակային հարցերի շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով առաջիկա բանակցություններին իր չմասնակցելու մասին հարցին։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը պաշտպանել է Կալլասին բանակցային թիմում ընդգրկելու գաղափարը։
«Կտեսնենք, թե ինչպիսին կլինի վերջնական կազմը, այսպես ասած, քանի որ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, թե կոնկրետ ովքեր են ընդգրկվելու։ Ես համոզված եմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը լիովին համապատասխանում է այդ դերին»,- նշել է նա։
Այժմ, երբ ԵՄ-ն համաձայնության է եկել բանակցային թիմի կազմի շուրջ, անդամ երկրների մայրաքաղաքները պետք է որոշեն դրա մանդատը՝ նախքան Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այն նախատեսվում է անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումից հետո։
Ավստրիան շրջանառության մեջ է դրել փաստաթուղթ, որին ծանոթացել է POLITICO-ն։ Դրանում ներկայացված է 15 կետ՝ որպես բանակցային թիմի մանդատի հնարավոր հիմք։ Դրանց թվում են սահմանափակ հրադադարների առաջարկները, որոնք կարող են ճանապարհ հարթել ավելի լայն զինադադարի համար, ԵՄ լծակների, այդ թվում՝ պատժամիջոցների «ռազմավարական կիրառումը», ինչպես նաև հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը։ Այնուամենայնիվ, այլ երկրների արտգործնախարարները կասկածում են բանակցությունների հաջողության հավանականությանը։
«Անկեղծ ասած՝ մեծ հույսեր չունեմ [բանակցությունների հետ կապված]։ Ռուսաստանը դեռևս շահագրգռված չէ խաղաղության շուրջ լուրջ քննարկումներով։ Մենք պետք է փոխենք Պուտինի հաշվարկները՝ մեծացնելով Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ուժեղացնելով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։
ԵՄ ԱԳ նախարարներն Արտաքին գործերի խորհրդի նիստում քննարկելու են Ռուսաստանի դեմ նախատեսվող նոր պատժամիջոցները, ինչպես նաև բանակցային թիմի հնարավոր մանդատը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

