Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
Քաղաքականություն
16.11.2026 | 14:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի X-ում պաշտոնական էջը կոտրվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարիներ առաջ այդ էջում հրապարակված որոշ գրառումների հղումները նոյեմբերի 15-ին վերահղվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և բլոգերների տեսանյութերի։ Հղումները, որոնք հիմնականում տեղադրվել էին 2010 և 2011 թվականների գրառումներում, նախկին բովանդակության փոխարեն ցուցադրել են ընդդիմության ներկայացուցիչների ելույթներ և Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի կադրեր։
Փոփոխված հղումներն Ադրբեջանի նախագահի էջում հասանելի են եղել մի քանի ժամ շարունակ։ Սոցցանցերի օգտատերերը տարածել են գրառումները՝ ուշադրություն հրավիրելով կատարվողի վրա։
Միջադեպից հետո Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։
«Կիբերհարձակումներ են իրականացվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սոցիալական ցանցերի օգտահաշիվների դեմ։ Համապատասխան մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ այդ հարձակումները կանխելու և հետաքննելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը չի մանրամասնել, թե հարձակումների թիրախում որ հարթակներն են եղել, ինչպես է տեղի ունեցել միջադեպը կամ ինչ տվյալներ են կոտրվել։ Այն նաև չի տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ով է կանգնած կիբերհարձակման հետևում, արդյոք հաջողվել է անմիջականորեն մուտք գործել նախագահի հաշիվ, և արդյոք միջամտությունն ամբողջությամբ վերացվել է։


Հետաքրքիր է, որ Իլհամ Ալիևի օգտահաշիվների հետ կապված միջադեպը համընկել է այն օրվա հետ, երբ նմանատիպ միջամտություն նկատվել է աշխարհի տարբեր երկրներում հայտնի քաղաքական գործիչների և ընկերությունների՝ X-ի հին գրառումներում։
CNN-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի կողմից տարիներ առաջ կիսված որոշ հղումներ վերահղվել են բոլորովին այլ կայքերի։
Նմանատիպ դեպքեր հայտնաբերվել են նաև միջազգային ընկերությունների, ինչպիսիք են Burger King-ը և McDonald’s-ը, 2011 թվականից ի վեր հրապարակված գրառումներում։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խնդիրը կապված է «Bitly» հղումների կրճատման ծառայության խոցելիության հետ։ Երրորդ անձինք փոխել են այդ ծառայության միջոցով ստեղծված որոշ հին հղումների վերահասցեավորման ուղղությունը։ Արդյունքում, թեև սոցիալական ցանցում սկզբնական հրապարակումը մնացել է անփոփոխ, դրանում տեղադրված հղումն արդեն ուղղորդել է դեպի բոլորովին այլ բովանդակություն։
«Bitly» ընկերությունը նոյեմբերի 15-ին հաստատել է խնդրի առկայությունը։ Ընկերությունը հայտնել է, որ հայտնաբերվել է խոցելիություն, որը թույլ է տվել որոշ հին և ոչ ակտիվ հղումներ օգտագործել այլ նպատակներով։ Դրա հետ կապված հաշիվներն արգելափակվել են, իսկ փոփոխված հղումներն ապակտիվացվել են։
Դեռևս հաստատված չէ, որ Իլհամ Ալիևի օգտահաշվի կոտրվելը նույնպես «Bitly» ծառայությունում հայտնաբերված խոցելիության հետևանք է։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը միջադեպն անվանել է կիբերհարձակում, սակայն դրա տեխնիկական պատճառների և հետաքննության արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չի հրապարակել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

