ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.11.2026 | 16:38Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ ԵՏՄ շրջանակում Ռուսաստանի հետ տնտեսական վեճին, միությունից հնարավոր դուրս գալու հաշվարկներին, եվրոպական շուկա արտահանման ցուցանիշներին, ինչպես նաև հայկական արտադրանքի որակական ստանդարտներին։
Լրագրողի հարցին, թե ինչու է հետաձգվել ԵՏՄ հանձնաժողովում Ռուսաստանի հետ տնտեսական վեճի քննարկումը, Պապոյանը պատասխանեց, որ դա սովորական աշխատանքային ընթացակարգ է․ «Մենք ԵՏՄ լիիրավ անդամ ենք․ կողմ ենք քվեարկում, վետո ենք դնում կամ չենք մասնակցում քվեարկություններին՝ ինչպես մյուս բոլոր անդամները։ Ռուսաստանի դեմ կան բազմաթիվ հայցեր, մյուս երկրների դեմ էլ կան, գուցե Հայաստանի դեմ էլ լինեն։ Մենք սա դիտարկում ենք բացառապես տնտեսական և իրավական հարթությունում, իսկ քաղաքական հակափաստարկներն այստեղ գործնական արդյունք չեն տալիս»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ տնտեսական հետևանք կունենա Հայաստանի դուրս գալը ԵՏՄ-ից՝ նախարարը ներկայացրեց նախարարության հաշվարկները․ «Եթե մյուս բոլոր գործոնները չհաշվենք, միայն ԵՏՄ-ից դուրս գալու ուղղակի ազդեցությունը տնտեսության վրա կազմում է -0.65%։ Այսինքն՝ եթե տնտեսությունը պետք է աճեր 6.6%-ով, կաճի 6%-ով։ Իսկ եթե ավելանան նաև գազի գնի փոփոխությունը և մաքսատուրքերը (շուրջ 30%), դա կարող է տնտեսական աճը նվազեցնել ևս 1%-ով՝ հասցնելով մոտ 5%-ի»։
Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ կառավարության հասցեական սուբսիդավորման շնորհիվ ոչ մի կիլոգրամ գյուղմթերք գետնին չի մնացել, իսկ շուկաների դիվերսիֆիկացիան տալիս է շոշափելի արդյունքներ։ Ըստ նրա՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության երկրներ աճել է 67%-ով՝ 485 մլն դոլարից հասնելով 717 մլն դոլարի։
Նախարարը թվարկեց մի շարք եվրոպական երկրներ, որտեղ արձանագրվել է արտահանման թռիչքաձև աճ՝ Բուլղարիա՝ 4.9 անգամ, Մալթա՝ 4.8 անգամ, Ավստրիա՝ 3.1 անգամ, Լեհաստան՝ 3 անգամ, Էստոնիա՝ 2.8 անգամ, Սլովենիա՝ 2.7 անգամ, Ֆինլանդիա՝ 2.5 անգամ, Լիտվա՝ 2.4 անգամ, Կիպրոս՝ 2.2 անգամ, Իսպանիա՝ 2.1 անգամ, Շվեդիա՝ 2 անգամ, Չեխիա՝ 1.8 անգամ։
Նախարարը կրկնեց իր այն թեզը, որ դիվանագիտական առաջնահերթությունները պետք է արմատապես փոխվեն․ «Մենք պետք է վերջ տանք «խաչքարային դիվանագիտությանը»։ Դեսպանի աշխատանքի արդյունավետությունը չպետք է չափվի տարեկան մեկ խաչքար տնկելով կամ մի ռեզոլյուցիա ընդունել տալով։ Պետք է չափվի նրանով, թե քանի տոննա հայկական արտադրանք է արտահանվել այդ երկիր, ինչքան առևտուր ու ներդրում է բերվել Հայաստան»։
Անդրադառնալով ներքին շուկայում կաթնամթերքի անվտանգությանն ու հասարակական կազմակերպությունների բացահայտումներին՝ Պապոյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը սահմանել է հստակ տեխկանոնակարգեր, և արտադրողներն այլևս չեն կարող շրջանցել դրանք․ «Նախկինում շրջանցում էին, հիմա գնում, կպչում են պատին, և այդ պատից ձայներ են գալիս։ Կառավարությունը կաջակցի բարձր ստանդարտներ ապահովողներին և նրանց, ովքեր ուզում են բարելավել որակը։ Բայց նրանց, ովքեր տեղից չեն ուզում շարժվել, այլևս հնարավոր չէ օգնել»։
Նա նաև օրինակ բերեց հայկական նորագույն ջերմոցները, որտեղ թունաքիմիկատներ գրեթե չեն օգտագործվում, այլ կիրառվում է կենսաբանական պայքար (օգտակար միջատների միջոցով վնասատուների ոչնչացում)՝ ընդգծելով, որ ժամանակակից գյուղատնտեսությունը պետք է հիմնված լինի գիտության վրա։
Պատասխանելով Գյուղատնտեսության առանձին նախարարություն ունենալու պահանջներին՝ Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսությունը տնտեսության ճյուղերից մեկն է, և նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել նաև արդյունաբերության, զբոսաշրջության կամ առևտրի առանձին նախարարություններ։
Լրագրողի այն հարցին, թե տեղեկություններ կան, որ կառավարությունը որոշել է «ցորենը փոխարինել բրնձով», նախարարը ծիծաղով արձագանքեց․ «Նման որոշում երբեք չի կայացվել։ Զարմանալի է, երբ սխալ պնդման ու սխալ փաստի վրա լուրջ հարց է կառուցվում։ Իսկ եթե դա ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությունն է, ապա նա չէ, որ Հայաստանում քաղաքականություն է որոշում»։
Ճեպազրույցի ավարտին Պապոյանն անդրադարձավ նաև ընդդիմության առաջնորդների շուրջ քրեական գործընթացներին՝ նշելով, որ չի տիրապետում քրեական գործերի նյութերին և վստահում է իրավապահ համակարգին, իսկ ընդդիմությունը հնարավորություն է ունեցել իր ծրագրերը ներկայացնել ժողովրդին, մասնակցել ընտրություններին և պարտվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

