Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
Քաղաքականություն
02.11.2026 | 12:55
Ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
ԱԺ-ում կայանալիք փակ հանդիպմանը մասնակցելու են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։ Դեպքից հետո հարցեր էին առաջացել սահմանային անվտանգության, ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու և բնակիչներին հնարավոր վտանգի մասին նախապես չզգուշացնելու վերաբերյալ։
Նարեկ Կիրակոսյան

